Պաշտոնյաները խոստանում են Գյումրին մաքրել տնակներից
Երկրաշարժի 20-րդ տարելիցը Գյումրիում նշվեց Սուրբ Աստվածածին եկեղեցում` վաղ առավոտից պատարագ մատուցելով ու մոսկվաբնակ հանրահայտ քանդակագործ Ֆրիդ Սողոյանի` երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանի պաշտոնական բացումով: Այս արարողություններին մասնակցելու համար այսօր Գյումրի էին ժամանել ՀՀ ներկա ու նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Շիրակի նախկին երկու մարզպետները` Արարատ Գոմցյանն ու Ֆելիքս Փիրումյանը, գրեթե բոլոր նախարարները, "Ժառանգություն" խմբակցության ներկայացուցիչներն ու արտերկրից ժամանած հյուրեր:
Ճիշտ նախընտրական քարոզարշավի պես նախագահ Սերժ Սարգսյանը գյումրեցիներին խոստացավ Գյումրին վերածել հյուսիսային մայրաքաղաքի, Հայասատան-Սփյուռք համաժողովներն ու միջազգային խոշոր հանդիպումները հյուրընկալող կենտրոնի. "Հայրենակիցներ, անցած տարիների ընթացքում մենք սերտում էինք ավերիչ երկրաշարժի դասերը, կարողացանք նաև բազմաթիվ խնդիրներ լուծել, նախագահ Քոչարյանի անմիջական առաջնորդությամբ մեծածավալ աշխատանք կատարվեց, հնարավոր եղավ հաղթահարել հուսահատությունը, բարելավվեցին հազարավոր ընտանիքների բնակարանային պայմանները, կառուցվեցին դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական ու մշակութային բազմաթիվ օջախներ, սակայն մեզ չհաջողվեց իսպառ վերացնել աղետի հետևանքները, ավելին` մենք ունենք արագ զարգացման խնդիր, այսօր մենք պետք է կարողանանք Լոռու, Շիրակի, Տավուշի, ինչպես և մյուս մարզերի զարգացման տեպերը համապատասխանեցնել Երևանի զարգացման տեմպերին: Միասին լուծելու ենք այս խնդիրները: Հաշվված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետևանքները. երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներ չեն լինելու` չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամի իրողությանը, չնայած գոյություն ունեցող խոչընդոտներին, մենք սրան հասնելու ենք: Խնդիրը չեմ համարում լուծված, մինչև աղետից տուժած վերջին ընտանքը, վերջին անօթևան քաղաքացին չստանա իր բնակարանն ու չունենա արժանապատիվ կեցության պայմաններ",-ասաց նախագահը:
Ավելի ուշ, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելեց. "Մեր ներկա հնավորությունները թույլ են տալիս լուծել անօթևանների խնդիրները, լրացնել այն բացը, որը առկա է, և այդ գործում օգտագործելու ենք բոլոր ֆինանսական միջոցները":
Չնայած պաշտոնյաների այս խոստումներին` մեծ թվով գյումրեցիներ հավաքվել էին եկեղեցու բակում ու թատրոնի շենքում`"նրանց մի քանի սիրուն խոսք ասելու" ու իրենց բողոք–նամակները փոխանցելու: "Հերիք էղավ խաբեն, արդեն հոգնել ենք, չեն թողնում նույնիսկ մոտենանք ու մի երկու բառ փոխանակենք: Վերջը մարդ ենք, հո գազան չենք, բա չհարցնենք, թե մինչև երբ ենք դոմիկների մեջ փտելու",- նեղսրտում էին եկեղեցու բակում կանգնած կանայք: Նրանցից մի քանիսն էլ, տեսնելով Ռոբերտ Քոչարյանին, իրենց բողոքները նրան ուղղեցին: "Հարգելիս, ինչ անեմ, որ տնակից դուրս գամ, մի բնակարան էլ ես ունենամ, ինչով եմ մեղավոր, որ ընտանիք եմ կազմել երկրաշարժից հետո, ուր դիմում եմ, ինձ ասում են` քեզ առայժմ տուն չի հասնում, քանի որ դու երկրաշարժից անօթևան չես, առայժմ նրանց խնդիրներն ենք բավարարում, այսինքն` ես հազար տարի տնակում եմ մնալու",- Քոչարյանին հարցրեց մի կին:Ի պատասխան` նախկին նախագահն ասաց, որ այժմ ինքը պաշտոնյա չէ, և որ ճիշտ կանեն այս խնդիրներով այսուհետ նորակազմ կառավարությանը դիմեն: "Ես գիտեմ` ում եմ դիմում, հարգելի Քոչարյան, էս ամենի պատասխանատուն հենց Դուք եք, ձեր օրոք ենք մենք այս վիճակում հայտնվել",-կշտամբեց տիկինը ու հեռացավ:
Թոշակառուներից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանին հորդորեց. "Միջնորդեք Սերժին, թող իմ նպաստը վերականգնեն": Եվ եթե Քոչարյանը բոլորին համբերատար լսում էր ու զրուցում, ապա վարչապետի մոտ ոչ մեկին չթողեցին, ոստիկանները նունիսկ բռնի ուժով թատրոնի դահլիճից դուրս հանեցին բողոքող մի ծերունու:
Ի դեպ, այսօր Գյումրիից հեռանալիս կաթողիկոսն ու նախագահ Սարգսյանը ոտքի վրա զրուցեցին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ` փորձելով հաշտեցնել նրանց: Չանցած մեկ ժամ` քաղաքապետն ու թեմի առաջնորդը կանգնեցին կողք-կողքի` մասնակցելով Այգաբաց գյուղի դպրոցի բացման արարողությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել