Ավարտվեց Էդվարդ Նալբանդյանի այցը Հելսինկի
Երեկ երեկոյան ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Հելսինկի կատարած այցն ավարտելուց առաջ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուի հետ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:
Նախարարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման տեմպերից եւ պայմանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել դրանց հետագա խորացման համար: Նախարարները մտքեր են փոխանակել հայ-թուրքական հաարաբերությունների կարգավորման եւ կիպրական խնդրի հանգուցալուծման հնարավորությունների վերաբերյալ:
Գործընկերները քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը, ինչպես նաեւ տնտեսության, մշակույթի, կրթության ոլորտներում երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը:
Նույն օրը կայացել է Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Ստուբի հանդիպումը: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահության ընթացքում Հայաստանին ցուցաբերվող ուշադրության համար: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ ս/թ դեկտեմեբրի 4-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը եւ ԵԱՀԿ 56 երկրների արտգործնախարարների խորհրդի հայտարարությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ խթան կարող են հանդիսանալ բանակցային գործըթնացում առաջընթացի համար:
Նախարարները մտքեր են փոխանակել նաեւ հայ-ֆիննական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման ուղիների վերաբերյալ: Հայաստանի եւ Ֆինլանդիաի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրարձել են Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությանը, այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը ողջունել է Եվրոպական հանձնաժողովի Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը: Էդվարդ Նալբանդյանը Ալեքսանդր Ստուբին հրավիրել է այցելել Երեւան:
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է նաեւ 2009 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսի հետ: Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Ընդունելով Երեւան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը`Հունաստանի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Հայաստան կգա հաջորդ տարվա առաջին եռամսյակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել