Երկրաշարժին նվիրված ցուցահանդես Գյումրիում
Այսօր Գյումրիի «Ստիլ» պատկերասրահում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ բացվեց «Ճանապարհ դեպի վերածնունդ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որին մասնակցում էին ինչպես ՀՀ-ում ԱՄն դեսպան Մարի Յովանովիչը, այնպես էլ լուսանկարների հերոսները:
Նրանցից մեկը` Մարինե Նուռոյանը, որի լուսանկարը աշխարհի գրեթե բոլոր թերթերն օգտագործել են որպես երկրաշարժի խորհրդանիշ (տես լուսանկարում տիկինը 1988-ին` փլատակների մեջ մնացած իր երեխաների հետ, և քսան տարի անց՝ իր թոռնիկների հետ) Հետքի հետ զրույցում ասաց. «Մեր տունը փլվեց, ես երկու աղջիկներիս հետ մնացել էի փլատակների տակ, 1.5 օր հետո ինձ հանեցին ու տեղափոխեցին ծնողներիս տուն, որտեղ էլ ինձ միամիտ լուսանկարեցին ու աշխարհով մեկ տարածեցին: Պատմելու բան չէ, թե ինչ ապրեցի էդ մի օրվա ընթացքում, լրիվ հոսալքվել էի, շարժվելու տեղ չկար, փոքր աղջիկս կրծքիս էր, քարերն էլ մյուս կողմից էին շարժվում, ամեն վայրկյան մահի էի սպասում: Իսկ հիմա պատկերացնու՞մ եք՝ չորս թոռնիկ ունեմ, երկրաշարժից հետո հույսս չկորցրեցի ու երկու երեխա ևս ունեցա: Թեև երկրաշարժը մոռանալ չի կարելի, բայց կյանքը շարունակվում է, պարզապես չեմ ուզում հիշել իմ ավերված տունը»:
Մյուս հերոսն էլ` Գյումրիի հանրահայտ բժշկուհիներից մեկը` Լուսինե Օգանեզովան, հիշեց, թե ինչպես աչքի առջև մեռան մայրը, տատիկն ու քույրը, իսկ ինքը 17 տարեկան հասակում կորցրեց ոտքը, սակայն չհուսալքվեց, ամեն ինչ արեց՝ կատարյալ մարդ դառնալու ու իր ժողովրդին օգնելու համար: «Տեսեք ինձ ու երբեք մի հուսալքվեք, գոհ եղեք այն լույսից, որը Ձեր առաջ է սփռվում»,- ասաց բժշկուհին:
Ցուցահանդեսի վերջում ներկայացվեց համր ֆիլմ` «Գյումրին երկրաշարժից առաջ և հետո» խորագրով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել