Նախագահ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգեւներ
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական բարձր պարգեւների հանձնման հանդիսավոր արարողություն: Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովին շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոսի» կոչում` 1988 թ. Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար:
«Հպարտ եմ, որ հայ ժողովրդի համար այդ ծանր օրերին եղել եմ նրա կողքին, եւ շատ զգացված, որ իմ աշխատանքը նման բարձր գնահատականի է արժանանում»,- ասել է Ռիժկովը:
Նախագահի այսօրվա այլ հրամանագրերով Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվել են ՌԴ քաղաքացիներ Յուրի Բատալինը, Վալերի Ռուդակովը, Նիկոլայ Բեխը եւ Լեոնիդ Պոլոնսկին` 1988 թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
«Հանձնելով պետական այս բարձր պարգեւները ես կատարում է մեր ժողովրդի կամքը»,- նշել է Ս. Սարգսյանը եւ շնորհակալություն հայտնել պարգեւատրվածներին «առաջին հերթին այդ դաժան օրերին մեր ժողվրդին ցուցաբերած բարոյական աջակցության եւ մարդկային ջերմ վերաբերմունքի համար»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել