HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Երաժիշտ. "Առանց պետության միջամտության սայլը տեղից դժվար կշարժվի"

"Շարական" համույթի ղեկավար Դանիել Երաժիշտը գտնում է, որ Հայաստանը կարող է դառնալ համաշխարհային մշակութային կենտրոն, քանի որ ունի բոլոր նախադրյալները: Այս մասին նա ասաց դեկտեմբերի 6-ին "Ուրբաթ" ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ երաժշտի` պետությունը մշակույթի ոլորտը համապատասխան ուշադրության չի արժանացնում, իսկ այն ոլորտները, որոնք պետական հոգածության ներքո են աշխատում, գրանցում են հաղթանակներ, "օրինակ`շախմատը": Մշակույթի ոլորտի նկատմամբ, ըստ Դանիել երաժշտի, պետք է լինի ընտրողական վերաբերմունք, այսինքն` պետք է գիտակցել, թե որն է ազգայինը եւ որը կարող է տեղ ունենալ համաշխարհային մշակույթի պանթեոնում. "Հաճախ մեր արվեստի գործիչները շփոթում են ազգայինը ոչ ազգայինի հետ, եւ օտարն էլ է շփոթում: Օրինակ` Եվրատեսիլներից մեկի ժամանակ երգի ֆոնին ծառ էր դրված, ճյուղերին էլ շորեր կապկպած, Վիեննայի հեռուստամեկնաբաններից մեկն էլ այդ առիթով ասել է, թե ծառին զուգարանի թուղթ էր կպցրած": Երաժիշտն ասում է, որ Հայաստանին հայտարարված է մշակութային պատերազմ, իսկ այդ պատերազմը հաղթելու համար մշակույթը կրող է պետք. "Բայց այդ կրողներն էլ ուրիշ բեռ ունեն` չարի արվեստը: Այսօրվա երիտասարդությունը թիրախ է դարձել": Երաժիշտը չի ժխտում, որ Հայաստանում լավ միջոցառումներ էլ են կազմակերպում. "Օրինակ` փառատոնները, սակայն դրանք գիսաստղի են նման, փայլատակում են ու անհետանում: Այդ միջոցառումները չեն մտնում ժողովրդի սիրտը, քանի որ նրանց սիրտը զբաղված է հակամշակույթով` ռաբիսով, մուսուլմանական արվեստով` մարմնական արվեստ, մինչեւ դրանք դեզինֆեկցիա չարվեն, էկոլոգիապես մաքուր մշակույթ չենք ունենա, ուստի չենք կարող դառնալ համամշակութային կենտրոն": Դանիել երաժիշտն առաջարկում է քարոզել դասականը, որը մարդկանց ներդաշնակ է դարձնում` ի տարբերություն այսօրվա արվեստի. "Այսօրվա "ռազովի" արվեստը քարոզում է միանգամյա սեր. մարդը հագնում է Հայ Առաքելական եկեղեցու սպասավորի զգեստ եւ վազում աղջկա հետեւից` ասելով` գեթ մի գիշեր": Բանախոսը գտնում է, որ մշակույթն առանձին օղակ չէ եւ արտացոլում է ամբողջ համակարգը. "Եթե ուզում եք իմանալ մշակույթի իրական վիճակը, համեմատեք բժշկության հետ. Հայաստանում քանի մարդ կա առողջ: Կամ` եթե ասում են, թե կոռուպցիան քչացել է, ուրեմն մշակույթը պիտի լավանար, ես արվեստով եմ չափում կոռուպցիայի եւ դեմոկրատիայի մակարդակը: Արվեստը ազնվացնում է նաեւ պետական այրերին, ուրեմն կյանքը պետք է լավանա, սակայն այսօր ներդաշնակությունը խախտված է": Այդուհանդերձ, Դանիել երաժիշտը լավատես է, նա գտնում է, որ դաշտը կմաքրվի պատահական մարդկանցից, եւ հնարավոր կլինի ունենալ մաքուր արվեստ. "Այսօր էլ ունենք լրատվամիջոցներ, որոնք քարոզում են իրական արվեստը, օրինակ` "Շողակաթ" հեռուստաընկերությունը եւ "Վեմ" ռադիոկայանը, որոնք լույսի շողեր են մեր մթին ասպարեզում": Ի դեպ, վերջերս Դանիել Երաժիշտը գիրք է հրատարակել` "Ամենեն մաքուր հայելին ցեղի" վերնագրով, որը, սակայն, վաճառքում չկա, իսկ բացատրությունը մեկն է. "Բա լավ բանը կվաճառեն":

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter