Այս տարի ևս Ռուսաստանից ներմուծվելու է բարձրորակ էլիտար սերմ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում իր երկու որոշումներով վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում, փոփոխություն և լրացում` նախկին որոշումներից երկուսում, ինչը միտված է սերմացուի բաշխման արդյունավետ մեխանիզմների ստեղծման միջոցով ՀՀ 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման արդյունավետության մեծացմանը։
«Այս որոշումների ընդունմամբ մենք սերմնաբուծության զարգացման նպատակով աննախադեպ միջոցառում ենք իրականացնում, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - Մեր թիրախային ցուցանիշն է` տարեկան հասնել մինչև 27-30 հազար տոննա էլիտար, առաջին վերարտադրության սերմի արտադրության, և դրա համար պետությունն աննախադեպ մեծ գումարներ է հատկացնում։
Այս տարի ևս Ռուսաստանի Դաշնությունից ներմուծելու ենք բարձրորակ էլիտար սերմ։ Բացի այդ, մեր 15 սերմնաբուծական ընկերություններից մենք այս տարի պատրաստ ենք շուրջ 800 տոննա սերմ ձեռք բերել։ Հասկանալի է, որ պետության այսպիսի մեծածավալ ներարկումներն էապես փոխելու են սերմնաբուծության վիճակը Հայաստանի Հանրապետությունում։
Բացի այդ, ծրագիրն ունի նաև սոցիալական բովանդակություն, քանի որ մենք արդեն առաջին վերարտադրության սերմերը մարզպետների միջոցով տրամադրում ենք մինչև 3 հեկտար հողատարածություն ունեցող տնտեսություններին և դրանով իսկ բարձրացնում սերմերի որակը։ Եթե մենք 15 հազար տնտեսության մատակարարել ենք գարու բարձրորակ սերմացու, ապա այս աշնանացանի ժամանակ նույն եղանակով սերմեր կմատակարարենք նաև փոքր տնտեսություններին, և այդ ծավալները կլինեն շուրջ 2 անգամ ավելի շատ։
Երեկ խորհրդակցության ժամանակ մարզպետների հետ պայմանավորվեցինք նաև, թե ինչպիսին է լինելու այս բարձրորակ սերմացուի մատակարարման վերադարձը։ Այս փուլում մենք սերմացուն փոքր ֆերմերներին տրամադրելու ենք անվճար` ակնկալիքով, որ նրանք բերքից մեզ կհատուցեն այդ սերմացուն։ Ըստ պայմանավորվածության գինը կլինի 80 դրամ 1 կգ-ի համար, և հարաբերակցությունը կլինի նույնը, ինչ որ արել ենք անցյալ տարի։
Հիշում եք` մեր հայեցակարգն այն էր, որ մենք տրամադրում ենք բարձրորակ սերմացու, և եթե այն Հայաստան տեղափոխելով մեզ վրա նստում էր շուրջ 1 դոլար, մեր գյուղացիներին տրամադրում էինք էապես ավելի էժան գներով և ըստ էության սուբսիդավորում էինք ոլորտը, բայց դա նպատակային սուբսիդավորում էր, որն ակնհայտորեն հանգեցնելու էր արտադրողականության աճին։ Այս անգամ էլ մեզ վերադարձնելու են մոտավորապես 160 դրամ, և սա այն պարագայում, երբ, իհարկե, սերմացուն մեզ վրա նստելու է 2,5-3 անգամ ավելի թանկ։ Բայց մեր նպատակն է ընդհանուր առմամբ սերմնաբուծության ոլորտում հեղափոխական փոփոխություն կատարել, բարձրացնել սերմերի որակը, ինչը վերջին 20 տարիներին չէր կատարվում, և որի արդյունքում հենց 1 ցենտներ սերմից ստացվող քանակը մեզ չէր բավարարում, առնվազն 2-3 անգամ ավելի ցածր էր, քան միջազգային ընդունված ցուցանիշները։
Բնականաբար, պատճառներից մեկը նաև սերմացուի վատ որակն էր։ Այս տարի արդեն շոշափելի կլինեն արդյունքները, քանի որ տրամադրվող սերմացուի ծավալն արդեն հասանելի է դառնում հազարավոր ֆերմերների։ Մենք պետական բյուջեից գումար ենք հատկացնում և՛ էլիտար սերմացու ներմուծելու, և՛ նաև Հայաստանի սերմնարտադրողներից, իսկ դրանք 15 լիցենզավորված կազմակերպություններ են, բարձրորակ սերմացու ձեռք բերելու համար»։
Իր նիստում կառավարությունը լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում էր առանց ԱԱՀ-ի հաշվարկման ու գանձման Հայաստանի Հանրապետություն կարտոֆիլի, սպելտայի և գարու սերմացուների ներմուծման կարգին` ներառելով փափուկ ցորեն և մեսլին սերմացու, եգիպտացորենի սերմացու, յուղատու բույսերի սերմեր և պտուղներ։ Որոշման ընդունումը կնպաստի սերմնաբուծության զարգացմանը և բուսաբուծության արդյունավետության բարձրացմանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել