HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղի 2009 թ. պետական բյուջեն կլինի սոցիալական եւ հակաճգնաժամային

Երեկ կայացած ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կառավարությունը ներկայացրեց «ԼՂՀ 2009թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ֆինանսների փոխնախարարի խոսքերով՝ առաջարկվում է ԼՂՀ 2009թ. պետական բյուջեն հաստատել՝ եկամուտների գծով՝ 54052.144 մլն դրամ, ծախսերի գծով՝ 58542.1 մլն դրամ, իսկ դեֆիցիտը՝ 4490. 856 մլն դրամ:Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում ելույթ է ունեցել վարչապետ Արա Հարոււթյունյանը, որն ընդգծել է, որ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված միջին տարեկան 14 տոկոս իրական աճը կպահպանվի նաեւ տնտեսական այս ծանր իրավիճակում: Ըստ վարչապետի՝ 2009թ. փաստացի ծախսերը 2008-ի համեմատ կավելանան 6.5 մլրդ դրամով՝ հաշվի առնելով նաեւ կապիտալ ծառայություններից մուտքերի մոտ 600 մլն դրամի պակասուրդը: 2009թ. աշխատավարձի ֆոնդի ավելացումը կլինի 3.2 մլրդ դրամ եւ կկազմի 16.3 մլրդ դրամ: Սոցիալական ուղղության ավելացումները (թոշակներ, նպաստներ, փոխհատուցումներ եւ այլն) կկազմեն 2.2 մլրդ դրամ եւ կհասնեն 15.9 մլրդ դրամի: Կավելանան նաեւ գյուղատնտեսությանը տրամադրվելիք գումարները` շուրջ 900 մլն դրամով եւ ընդհանուր առմամբ կկազմեն 2.35 մլրդ դրամ՝ առանց վարկային ծրագրերի: Կապիտալ ներդրումները 2009-ին կկազմեն 12 մլրդ դրամ, որը 1.2 մլրդ դրամով պակաս է 2008-ի համեմատ: Վարչապետի տեղեկացմամբ՝ ծրագրվում է ստեղծել հիպոթեքային հիմնադրամ, որը արժեթղթավորելով այդ գործընթացը՝ կիրականացնի 3 մլրդ դրամից ավել ֆինանսավորում` ծրագրերի իրականացման համար: Բացի դրանից, պետական բյուջեով նախատեսվում է կապիտալ շինարարության ծրագրերի համար ներգրավել բանկային ռեսուրսներ մինչեւ 3 մլրդ դրամ՝ պետական երաշխիքներով, նախատեսվում է նաեւ 300 մլն դրամ՝ ներգրաված միջոցների սպասարկման համար: «Առաջին անգամ նաեւ թողարկելու ենք պետական պարտատոմսեր մինչեւ 1 մլրդ դրամի չափով, որը ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի կրճատմանը»,- նշել է Արա Հարությունյանը: Գործադիր իշխանության ղեկավարը 2009-ի պետական բյուջեն որակել է նախ՝ սոցիալական, նաեւ՝ հակաճգնաժամային, որը թույլ կտա պահպանել տնտեսական աճի բարձր տեմպեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter