HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքի նախարարը հանդիպեց սփյուռքահայ ուսանողների հետ

Այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց սփյուռքահայ ուսանողների հետ` լսելու նրանց հուզող խնդիրները: Սկզբում հնարավորություն տրվեց ուսանողներին հայտնել իրենց մտահոգությունները, իսկ վերջում եղան պատասխանները: Վերջերս սփյուռքահայ ուսանողների՝ Անձնագրերի եւ վիզաների վարչության հետ ունեցած խնդիրները արդեն լուծված են համարվում, քանի որ բուհերը խոստացել են հոգալ բոլոր ծախսերը: Ուսանողներից մեկը փաստեց, որ իրենց և հայաստանցի ուսանողների միջև խտրականություն է դրվում, նույնիսկ եղել են «մեր երեխեքը» ձևով արտահայտություններ, որը մեծ տհաճություն է պատճառել սփյուռքահայ ուսանողներին: Հանդիպման մասնակից ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը զգուշացրեց, որ նման դեպքում անպայման տեղեկացնեն բուհի ղեկավարությանը: Ուսանողները նաև դժգոհեցին, որ ձմեռային քննությունների շրջանում, այսինքն` Ամանորից առաջ, չի ստացվում քննությունները շտապ կարգով հանձնել և Ամանորը դիմավորել ծնողների հետ, քանի որ հարկ է լինում հունվարի 6-ին, երբեմն նաև 3-ին լինել Երևանում: Ուսանողները պահանջեցին համապատասխան կարգ ընդունել, որով թույլ տրվի քննությունները հանձնել արագացված կարգով: Ի պատասխան այս հարցադրման՝ Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ նման կարգի պահանջները չեն բխում հենց ուսանողների շահերից, քանի որ խաթարվում է ուսումնական պրոցեսը, և ուսումնական ծրագրի արդյունավետությունը նվազում է: Ուսանողներից ոմանք բարձրացրեցին բուհերում սփյուռքահայ ուսանողների ավելի բարձր վարձավճարների հարցը, որին ի պատասխան՝ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը պատասխանեց, որ դա շատ նորմալ երևույթ է, քանի որ նրանք չեն կարողանում ընդհանուր հիմունքներով հանձնել քննությունները, օգտվում են ընդունելության արտոնյալ կարգերից, և թող ավելին էլ վճարեն: «Ցանկացած երկրի ցանկացած քաղաքացի կարող է դիմել կրթական ծառայություն ստանալու համար, որի համար հստակ կարգ է սահմանված մեր երկրում»,- ասաց ԿԳ փոխնախարարը: Հետքի այն հարցին, թե վերջերս ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի հնչեցրած՝ սփյուռքահայ ուսանողների և հայաստանցի ուսանողների վարձավճարների հավասարությանը վերաբերող հայտարարությունը արդյոք կիրառվելու՞ է և՛ մագիստրատուրայի, և՛ ասպիրանտուրայի ուսանողների համար, ԿԳ փոխնախարարը պատասխանեց. «Այդ հարցը դեռ քննարկման փուլում է, քննարկվում են տարբեր տեսակետներ, երբ վերջնական որոշումը կայացվի, արդեն ձեզ կտեղեկացնենք»: Սփյուռքահայ ուսանողները չեն մասնակցում նաև ռոտացիոն համակարգին, չեն օգտվում վարձավճարի զեղչման, անվճար բուժօգնության սպասարկման հնարավորություններից: Սփյուռքահայ ուսանողները տեղեկացրին, որ իրենք գրադարաններից օգտվելու ժամանակ էլ են խնդիրներ ունենում, նրանց թույլ է տրվում օգտվել միայն ընթերցասրահներից, իսկ գրքեր վերցնել չի թույլատրվում: Հրանուշ Հակոբյանը խոստացավ այս հարցերին ևս լուծում գտնել, քանի որ դա, իրոք, խոչընդոտում է ուսումնական գործընթացին: Սփյուռքահայ ուսանողներին առանձնապես մտահոգում էր նաև Հանրային հեռուստատեսության ծրագրային քաղաքականությունը սփյուռքում, մասնավորապես առաջարկ հնչեց Հ1-ի եթերով սփյուռքահայերի մասին, սփյուռքահայ ուսանողների մասին պատմող ակնարկներ կամ հաղորդումներ հեռարձակելու մասին, ինչը հավանության արժանացավ նաև Սփյուռքի նախարարի կողմից: «Ոչինչ դոգմա չէ, կյանքը զարգանում է, օրենքները կան, բայց դրանք կարելի է բարեփոխել, շատ փոփոխություններ են առաջադրվում, բայց ցանկալին և իրականությունը պետք է համընկնեն»,- նշեց Հրանուշ Հակոբյանը: «Մենք արդեն առանձնացրել ենք այն օրենքները, որոնք անպայման պետք է վերանայվեն, որպեսզի հայ և սփյուռքահայ հասկացությունները հնարավորինս իրար մոտենան,- ավելացրեց նախարարը,- առաջին քայլն արդեն արված է, մուտքի վիզան 50 դոլարի փոխարեն 2009-ին լինելու է ընդամենը 10 դոլար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter