Հայաստանում մարմնավաճառության ոլորտը հսկող հանցավոր կազմակերպություններ չկան
Վստահեցնում է ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ մեր երկրում «պոռնո բիզնես» ասվածը չկա, բայց եւ հնարավոր չէ կանխատեսել` ինչ կլինի վաղը: «Չի բացառվում, որ եթե կանխարգելիչ աշխատանքները չշարունակվեն, կլինի»,- ասում է նա:
Գնդապետ Պողոսյանի փոխանցմամբ` այս տարվա ընթացքում հայտնաբերվել են, այսպես ասած` մարմնավաճառների չորս որջեր, որոնք իրականում եղել են մերկապարուհիներով գիշերային ակումբներ: «Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են եւ հայտնաբերումներ դեռ կլինեն»,- հավաստիացնում է ոստիկանության գնդապետը:
Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվելը համարվում է զանցանք, ինչի համար «Վարչական իրավախախտումների մասին» օրենքը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի կեսից կրկնակիի չափով:
2008 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում վարչական պատասխանատվության են ենթարկվել 357 մարմնավաճառներ: «Նրանց մեծ մասն ուղարկվել է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կենտրոն: Շուրջ 110-ի մոտ հայտնաբերվել են վեներական հիվանդություններ»,- նշում է Հունան Պողոսյանը :
Վերջինիս խոսքերով` ինքը լսել է ՄԱԿ-ի զեկուցի մասին, ըստ որի` 2006 թ. Հայաստանում մարմնավաճառության ոլորտում շրջանառվող գումարը կազմել է 300 մլն ԱՄՆ դոլար, որն այն ժամանակ մեր երկրի բյուջեի 1/3-ն էր: Ինչ վերաբերում է 2007-2008 թթ., ապա ոստիկանությունում նման հաշվարկներ չեն արվել: «Մեզ ավելի շատ հետաքրքրել է օտարերկրյա պետություններում թրաֆիկինգի զոհ դարաձած ՀՀ քաղաքացիներին մեր երկիր վերադարձնելը»,- մանրամասնում է Հ. Պողոսյանը:
Մարմնավաճառության ոլորտն օրինական դաշտ բերելու նախաձեռնությամբ ոստիկանությունը, ըստ Հ. Պողոսյանի, առայժմ հանդես չի գա: Նրա պատկերացմամբ` դա պետք է լինի մի շարք շահագրգիռ կազմակերպությունների շատ խորը եւ լուրջ ուսումնասիրությունների արդյունքում, «ոչ թե միայն ոստիկանության կամ որեւէ այլ կառույցի»:
Փոխարենը ոստիկանությունը շահագրգիռ կազմակերպությունների հետ քննարկել է մարմնավաճառության համար վարչական տույժի չափը մեծացնելու հարցը: «Կարծում եմ, որ պետք է նման նախաձեռնությամբ հանդես գանք: Ամեն դեպքում, վարչական պատասխանատվության ենթարկվողը պետք է հասկանա, որ իրոք զգալի տույժ կրեց»,- ասում է Պողոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել