HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը հանդիպել է առեւտրային բանկերի ղեկավարների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցության է հրավիրել հայաստանյան առեւտրային բանկերի ղեկավարներին: Խորհրդակցության նպատակը համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացման պայմաններում անելիքների ճշգրտումն էր` հաշվի առնելով նաեւ բանկային համակարգի ներկայացուցիչների կարծիքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջը:Անդրադառնալով այս ընթացքում համակարգի գործունեությանը՝ Հանրապետության նախագահն ասել է. «Ի պատիվ մեր բանկերի՝ մենք կարողացանք առանց լուրջ վնասների դիմակայել ճգնաժամի առաջին ալիքին: Կարծում եմ՝ դա առաջին հերթին պայմանավորված էր ձեր խոհեմ քաղաքականությամբ թե՛ միջոցների ներգրավման, թե՛ դրանց տեղաբաշխման հարցերում: Մեր բանկային համակարգը պետք է դառնա փոքր եւ միջին բիզնեսի կենարար աղբյուր: Սա պետք է լինի ձեր հիմնական նպատակը, եւ այս գործում, բնականաբար, դուք կստանաք պետության աջակցությունը: Մենք պետք է խթանենք արտահանումը»: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում կան բազմաթիվ գործոններ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները: «Մենք չենք կարող մեկուսացված մնալ, չենք կարող հայտարարել, որ համաշխարհային ճգնաժամը չի ազդելու Հայաստանի տնտեսության վրա, բայց կան բազմաթիվ գործոններ, որոնք հնարավորություն են տալիս նվազագույնի հասցնել ճգնաժամի հետեւանքները»,- նշել է Նախագահը եւ հավելել, որ «շատ ավելի դժվարին ժամանակահատվածներ են եղել պետության կայացման փուլում, տնտեսության մեջ, եւ սա ամենից ծանր շրջանը չէ»: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել լսել ներկաների առաջարկություններն ու խորհուրդները: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խոսել է 2008 թվականի ընթացքում բանկային համակարգում տեղի ունեցած զարգացումների եւ ներկայումս նկատվող միտումների մասին: Նա ասել է, որ համակարգն առանձնանում է կապիտալիզացիայի եւ իրացվելիության բարձր մակարդակով, որի արդյունքում այն կայուն է եւ ունակ` կլանելու մի շարք ռիսկեր: Համակարգում ձեւավորված է փոխադարձ վստահության եւ աջակցության մթնոլորտ: Ըստ Արթուր Ջավադյանի՝ բարելավվել են առեւտրային բանկերի հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ, միայն վերջին ամիսներին կնքվել են 80 մլդ դրամի պայմանագրեր, որոնք բոլորը երկարաժամկետ ֆինանսական միջոցներ են: Խորհրդակցության մասնակիցները համակարծիք են եղել, որ մեր երկրի մրցակցային եւ հարաբերական առավելությունների ճիշտ օգտագործումը հնարավորություն կտա մեղմել ճգնաժամի հետեւանքները: Քննարկվել են նաեւ համակարգին առնչվող այլ հարցեր, մասնավորապես երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման, շարժական եւ անշարժ գույքի գրավադրման հետ կապված խնդիրներ: Նախագահ Սարգսյանը բանկիրների հետ քննարկել է առաջադրված բոլոր խնդիրների հնարավոր լուծումները, լսել նրանց տեսակետներն ու առաջարկները: Նա նշել է, որ բարձրացված շատ հարցերի շուրջ վերջնական լուծումներն իրենց երկար սպասեցնել չեն տա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter