HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Սպիվակով. «Ես վերածնված Գյումրի չտեսա»

Երբ 1988-ի երկրաշարժից հետո Վլադիմիր Սպիվակովը առաջին անգամ համերգով հանդես եկավ Գյումրիում, նրան նվիրեցին մի փոքրիկ գորգ՝ ծաղրածուի պատկերով: Այդ գորգը գործված էր երկրաշարժից մահացած մի աղջկա ձեռքով: 10 տարի հետո կրկին Գյումրիում նրան նվիրեցին եւս մի փոքրիկ գորգ, որը գործված էր երկրաշարժի օրը ծնված մի երեխայի ձեռքով: «Այդ գորգերը ես աչքիս լույսի պես պահում եմ մինչեւ այսօր, եւ դրանք ինձ հետ ամեն տեղ տանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վլադիմիր Սպիվակովը:Վլադիմիր Սպիվակովը եւ «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը երեկ Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված համերգով հանդես են եկել Գյումրիում: Մաեստրոյի բնորոշմամբ՝ համերգը «ստացվել» էր. «Ես շատ քիչ եմ այս բանը ասում, բայց համերգն ինձ դուր եկավ, մենք եւ հանդիսատեսը կարոտել էինք միմյանց»: Սպիվակովը, սակայն, մեծ ցավ վերապրեց Գյումրիում. «Մեծ վերք ունեմ Գյումրիի հետ կապված, եւ այն կրկին իրեն հիշեցնել տվեց»: Մաեստրոն ցավով նշեց, որ Գյումրին դեռեւս բարեկարգված վիճակում չէ, եւ նա կրկին տեսավ կիսախարխուլ տներ ու տանջված ու դալկացած դեմքեր. «Միայն նոր սերունդ տեսա, նոր ու տաղանդավոր»,- հավելեց նա: «Արվեստը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում են իրական կյանքի հնարավորությունները, եւ Սպիվակովը այն արվեստագետներից է, որոնց համար հնարավորությունների սահման գոյություն չունի»,- ասաց ՀՀ Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը: Վաղը` դեկտեմբերի 6-ին, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում կկայանա «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի համերգը՝ կրկին նվիրված Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին: Համերգի ընթացքում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter