HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այսօրվա շենքերը կայուն են, քանի որ գերակշռում է մասնավոր շինարարությունը»

Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի առիթով Գիտությունների ազգային ակադմեիայում տեղի ունեցած նիստում «Սպիտակի երկրաշարժի դասերը» թեմայով զեկուցող ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, երկրաբան Էդվարդ Խաչինյանը անդրադարձավ Հայաստանում կառուցվող շենքերի սեյսմակայունությանը: Մինչ Սպիտակի երկրաշարժը Հայաստանն ընդգրկված էր 7 բալանոց սեյսմիկ գոտում: Սպիտակի երկրաշարժից հետո խորհրդային իշխանությունները ամբողջ Հայաստանի տարածքը դարձրեցին 9 բալանոց սեյսմակայունության տարածք: Ակադեմիկոսը վստահեցնում է, որ այժմ Հայաստանում շինարարությունն իրականացվում է 8-10 բալի մակարդակով. «Այս սեյսմիկ գործակիցն ընդունելի է արտասահմանյան շատ սեյսմոլոգների կողմից, նաեւ համապատասխանում է մեր հարեւան երկրներում հաստատված գործակցին, քանի որ երկրաշարժի առաջացման գոտիները մեկուսացված չեն, այլ ամբողջ տարածքի համար են»: Անկախացումից հետո ՀՀ ԳԱԱ-ն որոշում կայացրեց ունենալ ազգային սեյսմակայուն շինարարության վերաբերյալ նորմեր, որը հավանության արժանացավ Քաղաքաշինության նախարարության կողմից: Հանձնարարվեց կազմել քարտեզ, որի հիման վրա էլ կատարվում է այսօրվա շինարարությունը. «Կարեւոր փաստ է, որ մենք կառուցում ենք շենքեր՝ հաշվի առնելով ռիսկի գործոնը, այսինքն՝ շենքերի շահագործման ժամանակը, ԽՍՀՄ-ի ժամանակ շենքերը պետք է շահագործվեին 50-100 տարի: Այսօրվա նորմերով այդ սկզբունքը փոխված է` կախված շինանյութից, ուստի ռիսկի գործակիցը բարձրացվել է»,- ասում է Խաչինյանը: Երկրաբանը վստահեցնում է, որ Հայաստանում կառուցվող բազմահարկ երկաթ-բետոնե շենքերը նույնիսկ դրսից կայուն տեսք ունեն: Երկրաբանի արտահայտած այս մտքին ընդդիմացան մյուս գիտնականները` ասելով, թե շենքը դրսից հնարավոր չէ գնահատել կայունության առումով: Մասնագետն էլ փաստում է, թե Հայաստանում արգելված է օգտագործել 40x 40-ի վրա սյուն. «Նոր նորմերով դրանք պետք է լինեն 80 x 80-ի վրա, նաեւ` այսօրվա շենքերը կայուն են, քանի որ գերակշռում է մասնավոր շինարարությունը»: Ընդունված նորմերը վերանայվել են երկու անգամ, դրանք, ըստ մասնագետի, ամեն անգամ ավելի են կատարելագործվել: Իսկ ինչպե՞ս վարվել հին շենքերի հետ: «Ամբողջ աշխարհում գոյություն ունեն շենքերի ուժեղացման ազգային ծրագրեր, որը նաեւ Հայաստանը ունի, սակայն չունենք համապատասխան ֆինանսավորում»: Հայաստանի սեյսմիկ գիտահետազոտական ինստիտուտի կողմից մշակվել է նորմատիվ փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս գնահատել գոյություն ունեցող շինությունների սեյսմակայունության աստիճանը. «Հայաստանի բոլոր շենքերը այս առումով անձնագրավորված են, մենք գիտենք, թե որ շենքը ինչ վիճակում է»,- վստահեցրեց Է. Խաչինյանը: Գիտնականներից մեկը ահազանգեց, թե Բաղրամյան փողոցում գտնվող նոր շենքերից մեկը արդեն թեքվել է, ի՞նչ են անելու, իսկ ակադեմիկոսը պատասխանեց. «Թեքված շենքերը հին կառուցված շենքերն են, որոնք ամրացվել են, օրինակ՝ Արցախի փողոցի շենքերից, իսկ նոր շենքերի մասին այդպիսի բան չեմ լսել, կհետաքրքրվեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter