Էդվարդ Խաչինյան. «Դեկտեմբերի 7-ին տեղի էր ունեցել ոչ թե մեկ, այլ երկու երկրաշարժ»
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի ունեցավ նիստ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին: Ներկայացվեցին «Սպիտակի երկրաշարժի դասերը» եւ Հայաստանի Հանրապետության սեյսմիկ վտանգի քարտեզի երկրաֆիզիկական տարբերակը: Նիստին ներկա էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը եւ փոխնախարար Հարությունյանը:«Սպիտակի երկրաշարժի դասերը» թեմայով զեկուցեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, երկրաբան Էդվարդ Խաչինյանը: Նա անդրադարձավ պատմությանը, որը փաստում է, որ Հայկական լեռնաշխարհում մեծ թվով ուժեղ երկրաշարժեր են եղել` Դվին, Անի, Վայոց Ձոր: Սպիտակի երկրաշարժին, ըստ ակադեմիկոսի, Հայաստանը պատրաստ չէր, քանի որ ԽՍՀՄ-ում ընդունված էր, որ Հարավային կովկասում 8 բալից ավելի երկրաշարժեր չեն սպասվում. «Պետությունը ուներ քաղաքաշինության ոլորտում գործող` «արագ, էժան, շուտ» կարգախոսը: Սպիտակի երկրաշարժը ապացուցեց, որ Հարավային Կովկասում լինում են 10-11 բալի հասնող երկրաշարժեր»: Է. Խաչինյանն ասում է, որ Սպիտակի երկրաշարժից 10 տարի առաջ կառուցված շենքերն ունեին երկու անգամ նվազ սեյսմակայունություն: Ակադեմիկոսը հիշում է, որ մեծ վեճերի առիթ էր դարձել շինությունների սեյսմակայունության գործակիցը երկու անգամ նվազեցնելու թեզը, որը, սակայն, ընդունվեց:
Երկրաբանը հերքեց այն բոլոր վարկածները, թե Սպիտակի երկրաշարժն արհեստական էր: Ըստ նրա` աշխարհում տարեկան 10-14 նման երկրաշարժ է գրանցվում:
Ակադեմիկոսն առանձնացնում է 3 հիմնական պատճառ, որոնց հետեւանքով Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհվեց 25 000 մարդ. «Երկրի տարածքի սեյսմիկ վտանգի թերագնահատում` 4 անգամ ավելի ցածր էին գնահատել վտանգը, եւ շինարարությունը իրականացրել այդ նորմատիվով: Գոյություն ունեցող սեյսմակայունության նորմատիվ փաստաթղթերը կատարելագործված չէին, այսինքն՝ շինարարությունը իրականացվել էր ցածր որակով: Թե՛ բնակչությունը, թե՛ պետությունը պատրաստ չէին նման աղետի, հատկապես փրկարարության եւ բուժօգնության առումով»: Է. Խաչինյանը թվարկում է նաեւ անբարենպաստ պայմանները. «Դեկտեմբերի 7-ին տեղի էր ունեցել ոչ թե մեկ, այլ երկու երկրաշարժ, համապատասխանաբար 7.5 եւ 6.3 մագնիտուդայով, 4ր 20վրկ պարբերությամբ, ինչը կարեւոր է, որովհետեւ առաջին հարվածից հետո վիճակը դեռ չէր կայունացել, իսկ 4ր հետո տեղի ունեցածն էլ կրկնապատկեց զոհերի թիվը»: Երկրաբանը նշում է, որ Լենինականի 9 հարկանի 115 շենք փլուզվեց Լենինականի գրունտային պայմանների պատճառով: Զոհված երեխաների մեծ թիվը ակադեմիկոսը պայմանավորում է նրանով, որ երկրաշարժի ժամին դաս էր. «Եթե դասամիջոց լիներ, երեխաները կկարողանային փրկվել: Նաեւ` դպրոցի տնօրենները փակում էին բոլոր դռները, ինչը թույլ չտվեց երեխաներին դուրս գալ շենքերից»:
Նման երկրաշարժերից խուսափելու համար, ըստ մասնագետի, պետք էր ունենալ երկրաշարժի գրանցումները, որոնք թույլ կտան ուումնասիրություններ կատարել, բայց քանի որ ԽՍՀՄ-ի ժամանակ չունեին համապատասխան սարքեր, գրանցումներ էլ չունեն. «Միջազգային ստանդարտներին համապատասխանող մի գրանցում ունենք, այն էլ՝ ի շնորհիվ Լենինականի ինստիտուտի գիտաշխատող Լիզա Մնացականյանի»:
Ակադեմիկոսը ներկայացրեց աշխարհի տարբեր գիտնականների տարբեր ժամանակաշրջաններում գրած գիտական աշխատությունները Սպիտակի երկրաշարժի մասին. «Այսինքն՝ Սպիտակի երկրաշարժը ուսումնասիրված է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել