Թուրք ջութակահարի մենահամերգը Երևանում
Դեկտեմբերի 9-ին, ժ. 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա թուրք ջութակահար, պրոֆեսոր Չիհաթ Աշքինի մենահամերգը: Այս ելույթը Հայաստանի և Թուրքիայի միջև մշակութային ծրագրի մի մասն է, որը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակության, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «Օրիոն» փրըդաքշնի և «Կոմիտաս» քառյակի համագործակցության շնորհիվ: Որպես փոխայցի մի մաս` «Կոմիտաս» քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը մենահամերգով ելույթ ունեցավ Ստամբուլում նոյեմբերի 25-ին:
Երևանում Չիհաթ Աշքինը հանդես կգա եվրոպական, թուրք և հայ երգահանների ստեղծագործություններով: Ծրագրում` Հայնրիխ Իգնաց ֆոն Բիբեր «Սոնատ ջութակի և դաշնամուրի համար», Գրիգ «Սոնատ N3 ջութակի և դաշնամուրի համար», Շուման «Սոնատ ջութակի և դաշնամուրի համար a-moll, երկ 11», Չիհաթ Աշկին «Երեք մանրանվագ», Արդա Ագոսյան «Մտորում», Ադնան Սայգուն «Սեփեթչիօղլու» և « Հորոն», Քեմանի Քեվսեր Հանիմ «Նիհավենդ Լոնգա»: Պրն. Աշքինին կնվագակցի Գյուլդեն Թեզթելը (դաշնամուր):
Չիհաթ Աշքինը ավարտել է Երաժշտական Ռոյալ Քոլեջը և Սիթի Համալսարանը (Լոնդոն), հանդիսանում է Առաջատար երաժշտության հետազոտման կենտրոնի (MIAM) հիմնադիրն ու առաջին տնօրենը: Աշքինը Թուրքիայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, մի շարք մրցանակների դափնեկիր: Նա նվագում է Ժան Բափթիզ Վոյոմ վարպետի ջութակի վրա (1946):
Երկու համերգները հանդիսանում են «Կոմիտաս» քառյակի և նրանց թուրք գործընկերների միջև 2002 թ. կայացած երաժշտական փոխայցերի շարունակությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել