«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել Շիրակի թեմի առաջնորդի դեմ ստորագրահավաքը
«Ժառանգություն» կուսակցությունը խորապես մտահոգված է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանին պաշտոնանկ անելու նպատակով Գյումրիում տեղի ունեցող վերջին խմորումների կապակցությամբ: Համոզված ենք, որ դա բացահայտ պատվեր է, որով Գյումրիի տեղական իշխանություններն առնվազն ջանում են սաստել «անհնազանդ» բարձրաստիճան հոգեւորականին` խախտելով պետության եւ եկեղեցու տարանջատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներից մեկը: Այն, ինչ կատարվում է Գյումրիում, աննախադեպ ու անվայելուչ քայլ է, որն էլ ավելի կխորացնի իշխանություն-ժողովուրդ անջրպետը:
Շիրակյան գործընթացներն, ըստ էության, մեր երկրում իրականացված խայտառակ նախագահական եւ ՏԻՄ ընտրությունների տրամաբանական շարունակությունն են, դրանց յուրովի արձագանքը: Որոշ անհեռատես իշխանավորների թվում է, թե անիշխանության եւ ապօրինությունների բազմամյա այս ժամանակահատվածում մեր ժողովուրդն օտարվել է ոչ միայն երկրի աշխարհիկ իշխանություններից, այլեւ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուց` տեսնելով, որ իր բուռն ցասումների, համառ պայքարի պահերին հոգեւոր դասը, ցավոք, հիմնականում անհաղորդ է իր հոտի ցավերին ու հոգսերին: Ահա դրանից էլ փորձում են օգտվել տեղական իշխանիկները` հանձին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի: Պատճառն ընդամենը այն է, որ սրբազանը փորձեց կանգնել իրավազրկվածի, հալածյալի կողքին, այցելեց հացադուլավորին եւ բանտարկյալին, ինչն ամենեւին էլ քաղաքականություն չէ, այլ հոգեւորականի բնական ու բարոյական պարտք:
Պահանջում ենք Գյումրիի քաղաքապետ Ղուկասյանից` դադարեցնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի դեմ կազմակերպած ստորագրահավաքը, մյուս ոտնձգությունները եւ հարգել ՀՀ Սահմանադրության հոդված 8.1-ում ամրագրված դրույթը, որով հստակորեն կանոնակարգված են իրավահարաբերությունները պետության ու եկեղեցու միջեւ:
5 դեկտեմբերի 2008թ.
Երեւան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել