Շահնազարյանի արարքը դատախազության համար առնվան տարօրինակ է
Այսօր գլխավոր դատախազությունը պատասխանել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի կողմից երեկ հնչեցված մտահոգություններին, եւ «առնվազն տարօրինակ համարել» մարտի 7-ին Աղվան Հովսեփյանի ցուցումը, ուղղված Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանին, «որպես գաղտնազերծված փաստաթուղթ ներկայացնելը, քանի որ դեռեւս մարտի 10-ից այն տեղադրված է դատախազության կայքէջում»:
Մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված «դիտարկվող փաստաթղթով գլխավոր դատախազը ցուցում էր տվել քննչական խմբի ղեկավարին քննության առարկա դարձնել նաեւ ոստիկանության գործողությունների օրինականության ու համաչափության հարցը, պարզել քննվող դեպքերի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու բոլոր հանգամանքները՝ ներառյալ յուրաքանչյուր դեպքում այդպիսիք գործադրելու կամ գործադրումից ձեռնպահ մնալու հիմքերն ու հիմնավորումները: Միաժամանակ հանձնարարվել էր սեղմ ժամկետում պաշտոնական հարցումներ կատարել ոստիկանություն, պաշտպանության նախարարություն և Ազգային անվտանգության ծառայություն՝ դեպքից հետո իրենց սպառազինության համալրվածությունը պարզելու, հատուկ միջոցների, անձնական անվտանգության ապահովման միջոցների, հատկապես հրազենի պակասորդի հնարավոր հանգամանքը ստուգելու նպատակով, յուրաքանչյուր միավոր հատուկ միջոցի, անձնական անվտանգության ապահովման միջոցի կամ հրազենի բացակայության փաստը դարձնել հատուկ քննության առարկա: Այս փաստը բազմիցս լուսաբանվել է նաեւ ԶԼՄ-ների կողմից:
Նշված ցուցումի համապատասխան ուղղություններով կատարվող նախաքննության օրինականության նկատմամբ անմիջական հսկողությունն ու դատավարական ղեկավարումը լիազորված է եղել իրականացնել գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գեւորգ Թովմասյանը»,- նշված է տարածված հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ երեկ Շահնազարյանն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Գեւորգ Թովմասյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից եւ ուղարկվել կենսաթոշակի: Այնուհետեւ նա իշխող կոալիցիայի կողմից առաջադրվել է հոկտեմբերի 27-ին ստեղծված փաստահավաք խմբի անդամ. «Ես կասկած չունեմ, որ այս ամենը կանխամտածված էր: Որեւէ մեկը լսել է, թե դատախազությունում բարձր պաշտոնի 43-ամյա մարդը ինքնակամ հեռանա աշխատանքից` թոշակի անցնելու համար: Սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ նրան ստիպել են դա անել կա’մ վատ աշխատանքի պաճառով, կա’մ էլ այդքան ամիսների ընթացքում տիրապետելով ողջ ինֆորմացիային` այժմ նա իշխանությունների պատվերն է կատարում` փորձելով տապալել փաստահավաք խմբի աշխատանքները»,- ասել էր Դավիթ Շահանզարյանը:
«Գ. Թովմասյանը 2008 թվականի հոկտեմբերի 20-ին, սեփական դիմումի համաձայն, ուղարկվել է երկարամյա ծառայության կենսաթոշակի, քանի որ դատախազության համակարգում աշխատել է ավելի քան 20 տարի: Նա քննչական խմբում ընդգրկված չի եղել, նախաքննություն չի իրականացրել եւ, լինելով դատախազ, հսկողություն է իրականացրել գլխավոր դատախազի վերոնշյալ ցուցումի ուղղությամբ կատարվող նախաքննության օրինականության նկատմամբ»,- հակադարձում է գլխավոր դատախազությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել