Նոր քրեական գործ Վահագն Չախալյանի նկատմամբ
«Միասնական Ջավախք» դեմոկրատական դաշինքի ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա անչափահաս եղբոր` Արմեն Չախալյանի և հոր` Ռուբեն Չախալյանի դատական նիստը կրկին հետաձգվել է անորոշ ժամկետով:
Երեկ Ախալցխայում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պարզվել է, որ Վահագն Չախալյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական գործ Բորժոմի դատախազության կողմից: «Հարուցված քրեական գործի վերաբերյալ պետք է նյութեր ներկայացված լիներ, դատախազի ձեռքի տակ չկային դրանք, սակայն դատարանի որոշմամբ նոր հարուցված քրեական գործը և ներկայումս քննվող գործը միացվեցին մեկ վարույթի տակ»,- պարզաբանեց Չախալյանների դատապաշտպան Ստեփան Ոսկանյւանը:
Սակայն փաստաբանների այն հարցին, թե ի՞նչ քրեական գործ է դա, ի՞նչ մեղադրանքով, ե՞րբ է հարուցվել, ինչու՞ իրենց պաշտպանյալը իր նոր քրեական գործից տեղյակ չէ, ո՛չ դատախազն է պատասխանել, ո՛չ էլ դատավորը: Նույնիսկ չեն ասել, թե նոր հարուցված քրեական գործը ի՞նչ հոդվածով է ներկայացված: «Դատաքննությունը հետաձգվեց մի անորոշ ժամանակով, մինչև այդ նյութերը կլինեն դատախազությունում, և մեզ մի քանի օր ժամանակ կտրամադրվի դրանք ուսումնասիրելու համար, նոր միայն կվերանշանակվի դատական նիստը»,- ասաց փաստաբանը:
Դատարանը քննարկել է Արմեն Չախալյանի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը, որը ներկայացրել էր Զուրաբ Ռոստիաշվիլին՝ Չախալյանների գործով երրորդ փաստաբանը: Նախորդ նիստում այն դեռ քննության առարկա չէր դարձել, երբ նիստը ընդհատվել էր թարգմանչի ոչ հստակ ձևակերպած թարգմանության պատճառով: Դատարանը որոշել է Արմեն Չախալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը փոխել 15 հազար լարի գրավով (մոտ 260 000 դրամ) կամ այդ չափով գույքի գրավադրմամբ:
Ստեփան Ոսկանյանը Հետքին տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարությունը Ֆրանսիայից ժամանած փաստաբանի դիմումը մերժել էր` պատճառաբանելով, որ Ֆրանսիայի փաստաբանի ներգրավումը Վրաստանի քրեական գործերում այլ կարգով է կատարվում: Պատրիկ Արաբյանը պահանջվող բոլոր փաստաթղթերն ուղարկել է արդարադատության նախարարություն, բայց պատասխանը դեռ չի ստացել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել