Տիգրան Սարգսյանը խոստանում է վերահսկել կառավարության բոլոր խոշար ծախսերը
Այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտարարել է վարչապետը եւ դա բացատրել նրանով, որ պետք է վստահ լինի իրականացվող ծախսերի արդյունավետության մեջ:
«Եթե կան ծախսեր, որոնք չեն նպաստելու համախառն ներքին արդյունքի աճին, չի բացառվում, որ հրաժարվենք այդ ծախսերից` վերաբաշխելով դրանք այլ ուղղությունների վրա նույն ձեր նախարարության շրջանակներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
«Դրանց նպատակն ավելի ակնառու` համախառն ներքին արդյունքի աճի խթանումն է: Այդ տեսակետից պետք է մենք, ձեզ հետ միասին, վերաիմաստավորենք մեր ծրագրերը 2009թ.-ին: Եվ պետք է լավ նախապատրաստված լինենք: Դրա համար մենք ունենք անհրաժեշտ գործիքներ եւ ֆինանսական խնայողություններ կենտրոնական բանկում, որոնք կարող ենք ավելի համարձակ 2009թ.-ի ընթացքում ծախսել, որովհետեւ գնաճային ճնշումները, որոնք գալիս էին համաշխարհային շուկաներից, կտրուկ նվազել են, եւ ԿԲ-ն, արդեն տեղյակ եք, որոշում է կայացրել եւ կես տոկոսով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը նշանակում է, որ մենք մտնում ենք ընդլայնողական քաղաքականության փուլ: Դա նշանակում է, որ մենք մեր ծախսերում արդեն կաշկանդված չենք լինելու գնաճային ճնշումներով, այլ մեզ համար այս նոր փուլում առաջնահերթություն են ստանում բոլոր այն գործիքները, որոնք նպաստելու են տնտեսական աճին»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքերով` 2009թ.-ի բյուջեի հիմքում դրված են համարձակ ցուցանիշներ, եւ 9 տոկոսանոց տնտեսական աճը բավականին բարձր թիվ է` համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ներքո:
«Հասկանալի է, որ դա մեզանից պահանջելու է լրացուցիչ ջանքեր, լրացուցիչ գործողություններ: Բնականաբար, մենք կտրուկ ավելացնելու ենք մեր ծախսերը. առաջին հերթին` ենթակառուցվածքների, կապիտալ շինարարության, աղետի գոտու վերականգնման աշխատանքների ոլորտներում: Այս բոլոր ծախսերը պետք է ավելացնենք, եւ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու մեր բանակցությունները միջազգային ֆինանսական կազմակերպությունների, մեր գործընկեր երկրների հետ ուղղված են լինելու հենց տնտեսական աճի խթանմանը: Դրա համար ցանկացած խնդիրներ, որոնք առաջանում են մասնավոր հատվածում, պետք է ստանան օպերատիվ լուծումներ: Խնդրում եմ, ձեր վերահսկողության ներքո պահել այս խնդիրները եւ օպերատիվ զեկուցել ինձ, որպեսզի կարողանանք արագ արձագանքել: Ընդհանրապես, այսպիսի իրավիճակներում նախապատվությունը տրվում է օպերատիվ աշխատանքին: Այդ դեպքում, բնականաբար, մասնավոր հատվածը կզգա մեր աշխատանքների արդյունքները եւ դրանով կնպաստենք նաեւ նրանց կողմից այդ խնդիրների արագ լուծմանը», - գործադրի անդամներին ասել է Տիգրան Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել