HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

աջակցեք «հետք»–ին

Այս տարի մեր ընթերցողների թիվն անցավ 100 հազարը: Սա ուրախալի փաստ է եւ նշանակում է, որ 100 հազարից ավելի մարդ հետաքրքրված է այն թեմաներով, որոնց անդրադառնում է մեր էլեկտրոնային շաբաթաթերթը: Աղքատություն, բնապահպանություն, կոռուպցիա, պետական պաշտոնյաների եւ մեծահարուստների օրինազանցություններ... Այս խնդիրները 5 տարվա ընթացքում փորձել ենք պահել մեր տեսադաշտում, եւ հետաքննական լրագրությունն իբրեւ միջոց ենք գործադրել` մեր երկրում տեղ գտած բացասական երեւույթները ցույց տալու ու մեր հնարավորության սահմաններում դրանց վերացմանն օգնելու համար: Հետաքննական լրագրությունը դժվար աշխատանք է: Պետք է մանրամասնորեն ուսումնասիրել նյութը, հավաքել փաստերը, համադրել դրանք, ճշտել մարդկանց, կազմակերպությունների վկայություններով եւ փաստաթղթերով: Մեկ հոդված պատրաստելու համար երբեմն ամիսներ են պահանջվում, գործուղումներ հանրապետության մարզեր կամ արտասահման, ինչը, բնականաբար, մեծ ծախսեր է պահանջում: Կան թեմաներ, որոնց մեր շաբաթաթերթը չի կարողանում անդրադառնալ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Օրինակ` շատ կարեւոր են Սյունիքի մարզում գտնվող հանքերի շահագործման, դրանք օտար ընկերություններին վաճառելու խնդիրները, ինչը լուսաբանելու համար անհրաժեշտ է երկար ժամանակով լրագրողներ ու լուսանկարիչներ գործուղել այդ հեռավոր մարզ` ապահովելով նրանց բնակության ու կեցության ծախսերը: Կամ, օրինակ, Կալկաթայի քոլեջի մասին մեր սկսած հետաքննությունն անավարտ մնաց, քանի որ չունեինք մեր ձեռքի տակ եղած փաստերը տեղում ստուգելու հնարավորություն: Նույնը վերաբերում է նաեւ թրաֆիկինգի խնդրին: Մի երեւույթ, որը խորությամբ ուսումնասիրելու համար պետք է գնալ Թուրքիա, Ռուսաստան, Արաբական երկրներ: Թրաֆիկինգի մասին մեր սկսած հետաքննական շարքը եւս անավարտ է մնացել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Երբեմն լինում են գործեր, որոնցում առկա հանցավոր կապերը տանում են նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններ: Եւ մենք, փաստորեն, այդ գործերը լիարժեք կերպով հետաքննելու հնարավորություն չունենք: Նույն պատճառով ոչ միշտ ենք կարողանում անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի սահմանամերձ շրջանների սոցիալական ու տնտեսական խնդիրներին: Մեծ ծախս է պահանջում նաեւ հոդվածներն անգլերեն թարգմանելը: Հատկապես արտասահմանում մեծ է մեր թերթի անգլերեն տարբերակի պահանջարկը, մինչդեռ հայերեն տարբերակում տեղադրված հոդվածների մեծ մասը հնարավորություն չունենք թարգմանելու: Հետաքննական շաբաթաթերթը կկորցնի իր իմաստը, եթե անկախ չլինի: Սա շատ լավ գիտակցում են այն մարդիկ, ովքեր հաճախակի դառնում են մեր հրապարակումների թիրախը: Նրանք մեզ ֆինանսական աջակցություն են առաջարկում, բայց մենք հասկանում ենք, թե լրատվության անկախ միջոցի համար ինչ կարող է նշանակել այս կամ այն պաշտոնյայի, մեծահարուստի կամ որեւէ կազմակերպության ֆինանսավորումը: Դա կնշանակի անկախության կորուստ, կողմնապահություն, հրաժարում որոշ թեմաների լուսաբանումից: Այդ պատճառով «Հետքը» կտրականապես եւ սկզբունքորեն մերժում է ֆինանսական կողմնակի աջակցության որեւէ առաջարկ: Երեք տարվա մեր անխափան գործունեության համար շնորհակալ ենք Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ դեսպանատներին, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությանը: Նրանք հիմնականում աջակցել են մեր թերթի անգլերեն բաժնի ստեղծմանն ու կայացմանը` գումար հատկացնելով մասնավորապես թարգմանությունների համար: Այսօրինակ աջակցությունը ցուցաբերվում է թերթը կայացնելու համար, սակայն այն անկանոն է եւ, բնականաբար, ոչ անսպառ: Կրկին շնորհակալություն հայտնելով այդ մեծ աջակցության համար` վստահ ենք, որ նաեւ դրա շնորհիվ է, որ այսօր 100 հազար ընթերցող ունենք: Թեեւ «Հետքն» ունի ընթերցողների կայուն լսարան, սակայն չունի զարգացման կայուն երաշխիք: Վերջին ամիսներին մեր կազմակերպության անդամների հետ հաճախ էինք քննարկում «Հետքի» ապագայի հարցը: Հոռետեսները խորհուրդ էին տալիս փակել թերթը` նկատի ունենալով, որ այսպես շատ երկար չենք կարող աշխատել: Պրագմատիկները գտնում էին, որ թերթը պետք է դառնա վճարովի: Լավատեսները հորդորում էին դիմել մեր ընթերցողներին: Թերթը փակելու կամ վճարովի դարձնելու առաջարկներն ինձ համար անընդունելի են: Անընդունելի են հենց միայն այն պատճառով, որ մենք մեր ընթերցողների առջեւ արդեն պարտավորություն ունենք` հաղորդել անաչառ ու անկախ տեղեկատվություն, օբյեկտիվորեն լուսաբանել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ համընդհանուր լսարանին մատչելի չլինելու դեպքում անկախ տեղեկատվությունը կորցնում է իր իմաստը: Ի վերջո, մենք ընտրեցինք լավատեսների առաջարկը` ապավինելով մեր ընթերցողների հավատարմությանն ու նվիրվածությանը: Եւ հիմա դիմում ենք ձեզ` խնդրելով աջակցել Հայաստանում հետաքննական անկախ լրագրության պահպանմանն ու զարգացմանը: Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրիդ համար թանկ է տեղեկացված լինելու ձեր իրավունքը, եւ կարծում եմ, որ յուրաքանչյուրդ տարեկան 25 դոլար չեք խնայի այդ իրավունքից օգտվելու համար: Նախապես շնորհակալություն եմ հայտնում «Հետքի» բոլոր ընթերցողներին:

Լավագույն մաղթանքներով` Էդիկ Բաղդասարյան «Հետքի» գլխավոր խմբագիր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter