«Դաշտային առաքելությունը ԼՂ հարակից շրջաններ ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի ներկայացրած բանաձևի հետ»
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` ՄԱԿ-ի ԳԱ-ին Ադրբեջանի ներկայացրած բանաձևի վերաբերյալ
Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանը իր ներկայացրած թիվ A/64/L.57 բանաձևի նախագիծը հանեց քննարկումից և քվեարկությունից` խնդրելով համապատասխան օրակարգի կետը տեղափոխել ԳԱ 65-րդ նստաշրջանի օրակարգ:
Շնորհակալ ենք ՄԱԿ-ի անդամ բոլոր այն երկրներին և առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններին, որոնք իրենց դիրքորոշմամբ կանխեցին Ադրբեջանի փորձերը շեղել և վնաս հասցնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին` թույլ չտալով ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի ներկայացրած ապակառուցողական բանաձևի ընդունումը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դաշտային առաքելությունը ԼՂ հարակից շրջաններ ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի ԳԱ ներկայացված բանաձևի նախագծի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ս.թ. սեպտեմբերի 6-ի հայտարարության մեջ նշեցին, որ ԼՂ հարակից շրջաններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել կողմերի միջև ամառվանից առաջ, այսինքն` Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա բանաձևի նախագծի ներկայացումից շաբաթներ առաջ:
Ադրբեջանը պետք է զերծ մնա Մինսկի խմբի շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացը այլ հարթակներ տեղափոխելու շարունակական փորձերից, սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններից և գործողություններից, որպեսզի բանակցային գործընթացը առավել կառուցողական և արդյունավետ ընթացք ունենա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել