Է.Շարմազանով. «Բոյկոտի ձգտում են այն ուժերը, որոնք ձգտում են հեղափոխության»
««Ժառանգությունն» այնքան անխոհեմ չի լինի, որ վայր դնի մանդատները»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը Հայացք ակումբում ասել էր, թե հունվարի վերջին «Ժառանգություն» կուսակցությունը վերանայելու է խորհրդարանում խմբակցության գործունեության հարցը եւ հնարավոր է այլեւս չմասնակցեն ԱԺ-ի աշխատանքներին , ընդ որում հնարավոր է չմասնակցելը դրսեւորվի մանդատներից հրաժարվելու տեսքով:
Է. Շարմազանովը խորհուրդ չի տալիս այդպիսի քայլի գնալ եւ առաջարկում է հիշել «Արդարություն» դաշինքի օրինակը. «Մեր հասարակությունը տեսավ, որ պառլամենտական բոյկոտից տուժեց ոչ թե հասարակությունը, ոչ թե իշխանությունը, այլ «Արդարություն» դաշինքը, բայց կարծում եմ, որ պոպուլիզմը և դեմագոգիան քաղաքական ընդդիմադիր ուժերի մոտ ընդունված գորեծալոճ է»: Բանախոսը վստահ է, որ «Ժառանգության» նման քայլից իշխանություննների աշխատանքը չի թուլանա. «2009թ քաղաքապետի ընտրություններ են մոտենում, և «Ժառանգությունն» էլ ցանկանում է արտախորհրդարանական պայքարի մղվել, դա իր պրոբլեմն է, իրենց խնդիրն է» (Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի պաշտոնին չի կարող հավակնել խորհրդարանի ներկայացուցիչը):
Էդ. Շարմազանովի խորին համոզմամբ հայ հասարակությունը թևակոխել է այնպիսի փուլ, որ պառլամենտական բոյկոտի ճանապարհը որևէ օգտակար գործողության չի բերի. «Պատմությունը դա ցույց է տվել, բոյկոտի ձգտում են այն ուժերը, որոնք ձգտում են հեղափոխության»,-ասում է պատգամավորը, եւ մատնանշում` բոլշեւիկներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել