Մանվել Սարգսյան. «Լեռնային Ղարաբաղի ֆակտորը վերացել է»
«Լեռնային Ղարաբաղի ֆակտորը, որպես այդպիսին վերացել է, Լեռնային Ղարաբաղի իշխանություններին այսօր ինչ հրամայում են, նրանք այն էլ հայտարարում են, վաղը կասեն, ասեք, որ Ադրբեջանը մեր բարեկամն է, այդպիսի հայտարարություններ կարվեն Ղարաբաղի կողմից, պետք չէ նման հայտարարություններին լուրջ վերաբերվել»,- այսօր Հայելի ակումբում հրավիրված բանավեճի ժամանակ ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը պատասխանելով Հետքի այն հարցին, թե արդյոք Ղարաբաղյան իշխանությունների վերջին հայտարարությունները վկայում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև առկա տարաձայնությունների մասին:
Ըստ նրա` մեծ հաշվով Ղարաբաղի որպես ֆակտորի վերացման պատճառը հենց մեր իշխանություններն են, որոնք համաշխարհային հանրությանն ապացուցել են, որ այն գոյություն չունի` առաջարկելով բոլոր հարցերը քննարկել իրենց հետ, իսկ իրենք կլուծեն հարցերը Ղարաբաղի հետ. «Ես չգիտեմ ինչ էլեմենտ կարող է այսօր լինել, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է ասել ես համաձայն չեմ և դա ազդի պրոցեսի վրա: Ցանկացած դեպքում նրանց կասեն մենք ձեզ չենք տեսել, չգիտենք ով եք, հարցեր ունեք, դիմեք Հայաստանի իշխանություններին, ինչպես Լեռնային Ղարաբաղի ԱԺ-ի փակ նիստում արդեն հայտարարեցին ԵԱՀԿ համանախագահները»: Չնայած նրա հետ բանավիճող քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ևս մտահոգված է, որ Ղարաբաղը կամաց- կամաց դուրս է մնում բանակցային պրոցեսից, սակայն նա համաձայն չէ, որ Հայաստանում ինչ որոշում կայացնեն, դա ավտոմատաբար ընդունվում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից, քանի որ բոլորը հասկանում են, որ առանց Ղարաբաղի, ըստ էության, խնդրի լուծում չի լինելու: Քաղաքագետն առաջարկում է նաև մեծ տեղ տալ և Ղարաբաղի և Հայաստանի հասարակություններին, որոնք կարող են լուրջ բողոք բարձրացնել մտահոգիչ խնդիրների վերաբերյալ: Երվանդ Բոզոյանի մեկնաբանմամբ պետք չէ լուրջ վերաբերվել տարբեր քաղաքական գործիչների ասածներին, քանի -որ ցանկացած կոնֆլիկտի շուրջ կան մինի պատերազմներ և նման հայտարարությւոնները կարող են ընդամենը տրյուկներ լինել, բացի այդ Ե. Բոզոյանի ձևակերպմամբ բավականին անլուրջ էլեմենտներ կան Հայաստանի դիվանագիտության մեջ: Մ. Սարգսյանը հակադարձեց, որ պետք է ամեն ինչ փաստերով դիտարկել. «Հռչակագրից հետո երկու ամիս անցավ և Ղարաբաղը լռում է, ամբողջ հասարակությունը թբկահարում էր, թե՝ ու՞ր է Ղարաբաղը, փաստը դա, որ այն գործոն չի, խոսքերը սուտ են, քանի որ այդ մարդիկ չէին կարող խոսել կամ էլ պիտի կրկնեին Հայաստանի իշխանությունների ասածը»: Մ. Սարգսյանը հիշեցնում է, որ մինչև 1994թ-ը Ղարաբաղը հիմնական դերն էր կատարում, իսկ Հայաստանը ուղղակի դիտորդի կարգավիճակում ներկա էր բանակցություններին, որպեսզի Ադրբեջանը համաձայնի բանակցություններ վարել Ղարաբաղի հետ: Անդրադառնալով բանակցային վերջին շրջանին, Մ. Սարգսյանն այն այսպես գնահատեց. «2 ամիս բավականին ակտիվ փուլ եղավ, Մոսկովյան հռչագիրը ինչ-որ պարզություն մտցրեց իրավիճակի մեջ: Այն թափը, որ Ռուսաստանը ձեռք բերեց օգոստոսյան դեպքերից հետո, փորձեց օգտագործել նաև Ղարաբաղի հարցում և բավականին մոտ էր այդ իրողությանը, բայց այն կանգնեցվեց, հետո Արևմուտքը ակտիվացավ, բայց տարվա վերջին պրոցեսը կանգնեց օդում, իզուր չէ, որ համանախագահները գալիս են Հայաստան, նրանց այցից հետո պարզ կլինի ինչ-որ շարժ կլինի թե ոչ»: Իսկ հարցին, թե ինչու է Թայմս ամսագրում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը համարվել ամենապայթյունավտանգը, քաղաքագետը արձագանքեց. «Տարածաշրջան զորք մտցնելու խնդիր է դրված` կամ ռուսական կամ արևմտյան, բոլորը պարզ արտահայտվել են այդ մասին, ուրիշ բովանդակություն այս խնդիրը չունի և, իհարկե, այս առումով իսկապես իրավիճակը պայթյունավտանգ է»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել