Օմբուդսմենի նկատմամբ քաղաքական ճնշումների գինը
Ինչի՞ մասին են մոռացել քաղբանտարկյալները
Այն, ինչ անցյալ շաբաթ ծավալվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի շուրջ, այլ կերպ, քան քաղաքական ճնշում, դժվար է համարել։ Եվ որքան էլ տարօրինակ թվա առաջին հայացքից՝ ճնշում գործադրողը արմատական ընդդիմությունն էր, ով մինչգգ այժմ կարծես առանձնապես ոչինչ չէր ունեցել դժգոհելու օմբուդսմենի աշխատանքից։
Եվ հարց է առաջանում՝ ինչու՞ հանկարծ Արմեն Հարությունյանի գործունեությունը սկսեց կասկածելի թվալ ընդդիմությանը, գգ ինչու՞ է, որ աննախադեպ ծավալի այս ճնշումներն ուղեկցվում են բնույթով ուղղակի պրովոկացիոն հայտարարություններով ու գործողություններով։ Ակցիան, կարելի է ասել, նախաձեռնեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ, այժմ մարտի 1-ի գործով կալանավորված Գագիկ Ջհանգիրյանը, ով բաց նամակով դիմելով Արմեն Հարությունյանին՝ նրան ընկերաբար սկզբունքային լինելու «դասեր» էր տալիս։ Եվ բոլորովին պատահական չէր, որ Արմեն Հարությունյանի հրաժարականը պահանջող 42 քաղբանտարկյալների կողմից հրապարակված հայտարարության տակ առաջին ստորագրությունը հենց Գագիկ Ջհանգիրյանինն էր։
Այսպիսով, փաստորեն, գլխավոր դատախազի նախկին տեղակալը ստանձնել էր օմբուդսմենի «մեղադրականի» իրավական հիմնավորումներն ապահովողի դերը։ Դա, անշուշտ, միտված էր խնդիրը ոչ թե քաղաքական, այլ զուտ իրավական հարթության մեջ ներկայացնելուն, թեեւ թե՛ օմբուդսմենի, թե՛ Հայ ազգային կոնգրեսի արձագանքները հարցին հենց քաղաքական աստառ հաղորդեցին։ «Երբ նա (օմբուդսմենը-հեղ.) հայտարարում է «7-ի գործով» դատավարությունը մոնիտորինգի ենթարկելու իր ծրագրի մասին, ընդամենը փորձ է անում բնական ու բնականոն համարել քաղբանտարկյալներ ճանաչված մարդկանց նկատմամբ արդեն իսկ հիմքում ապօրինի դատավարությունը, ժամանակ շահել վարչախմբի համար ու նրան մեկ անգամ եւս փրկել ԵԽԽՎ-ի սպասվող պատժամիջոցից»,-նշվում է Արմեն Հարությունյանի հրաժարականը պահանջող քաղբանտարկյալների հայտարարության տեքստում։
Մինչդեռ դեկտեմբերի 10-ին, հայտնելով «մարտի 1-ի գործով» դատավարությունը մոնիտորինգի ենթարկելու եւ միայն դրա արդյունքների վերլուծությունից հետո գնահատականներ հնչեցնելու մասին, Արմեն Հարությունյանը նաեւ նշել էր. «Իմ ներքին համոզմունքը ավելի համընկնում է պաշտպանության մոտեցումների հետ եւ բնական է, քանզի դատախազության եւ հատուկ քննչական ծառայության նմանատիպ գործունեությունը, երբ փաստացի սեփականատիրոջ ինստիտուտ է առաջանում, գոնե պետք է հավասարակշռվի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից»։
Ավելին, Արմեն Հարությունյանը ուղղակի նշել էր. «Չեմ ուզում առաջ ընկնել, բայց մեղադրող կողմի հիմնավորումները մինչեւ հիմա անհամոզիչ են։ Սակայն պետք է խուսափել նախնական գնահատականներից, որպեսզի գործի վերաբերյալ դատողությունները լինեն ավելի ծանրակշիռ»։ Ընդ որում` իր այս քայլը նա հիմնավորել էր մի պարզ իրողությամբ. «Ես որոշել եմ չխախտել ազատ դատավարության սկզբունքը։ Ըստ Ստրասբուրգի դատարանի նախադեպային իրավունքի՝ դատական գործընթացին զուգահեռ արտահայտված կարծիքները կարող են ընկալվել որպես ճնշումներ ազատ դատարանի վրա եւ որպես զուգահեռ գործընթաց իրականացնելու փորձ»։ Թե ինչու իրենց հայտարարության մեջ նաեւ այս գնահատականներին չէին անդրադարձել քաղբանտարկյալները, թերեւս, պետք է հարցնել հենց նրանցից։
Մինչդեռ ակնհայտ է, որ եթե, օրինակ, օմբուդսմենը դատավարությանը զուգահեռ սկսեր բացահայտ պաշտպանել մեղադրող կողմին, ընդդիմությունը միանշանակ նրա այդ քայլը որակելու էր որպես ճնշում դատարանի վրա։
Եվ ընդհակառակը՝ պաշտպանվողների դիրքերից հանդես գալու դեպքում իշխանությունն էր նրան դատական գործընթացի վրա ճնշում գործադրելու մեջ մեղադրելու։ Այս պարզ իրողության անտեսումը նշանակում է, որ քաղբանտարկյալների խնդիրը ոչ թե օմբուդսմենից իրավական, այլ հենց քաղաքական գնահատականներ կորզելն է։
Հակառակ դեպքում նրանք օմբուդսմենից քաղբանտարկյալների առկայությունը ֆիքսելու պահանջը չէին հիմնավորի ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ 1906 եւ 1920 բանաձեւերի պահանջները Հայաստանի կողմից կատարելու ընթացքի վերաբերյալ նոր բանաձեւի նախագծով։ Նրանք այդպիսով ուղղակի պարտադրում են Մարդու իրավունքների պաշտպանին իր կարծիքը ձեւավորել միջազգային ինչ-որ կազմակերպության ինչ-որ մոնիտորինգային հանձնաժողովի տված գնահատականներով այն դեպքում, երբ իրենք, օրինակ, հրաժարվում են ընդունել նույն այդ կազմակերպության կողմից Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքները ճանաչելու փաստը։ Ավելին՝ այն համարում են եվրակառույցների կողմից երկակի ստանդարտների քաղաքականության տիպիկ օրինակ։
Եթե գոնե մոնիտորինգի հանձնաժողովի ներկայացրած այդ բանաձեւը ընդուված լիներ բուն ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի կողմից, գուցե ինչ-որ տեղ տրամաբանությունը հասկանալի կլիներ։ Մինչդեռ այս պայմաններում նման պահանջներ ներկայացնելը, օմբուդսմենին «Հայաստանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների եւ քաղբանտարկյալների առկայության փաստերը կոծկելու եւ դրանով վարչախմբին սպասվող պատժամիջոցներից զերծ պահելու» մեջ մեղադրանքները ոչ միայն զգացմունքային են, որեւէ կոնկրետ փաստով չհիմնավորված, այլեւ ժամանակավրեպ։
Կուլիսներու՞մ է, արդյոք, ՀԱԿ-ը
Հարց է առաջանում՝ արդոք այդ գնահատականները բացառապես քաղբանտարկյալների՞ նախաձեռնությունն էր, թե՞, այնուամենայնիվ, Հայ ազգային կոնգրեսի կուլիսային համաձայնության արդյունք։ Արմեն Հարությունյանի կողմից իր հրաժարականի պահանջին արված արձագանքից անմիջապես հետո ՀԱԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ. «Սույն թվականի հունվարի 8-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ լրատվամիջոցներից մեկին արված հայտարարությունը, թե իբրեւ Հայ ազգային կոնգրեսը պահանջում է իր հրաժարականը, չի համապատասխանում իրականությանը»։ Թվում է, թե սրանով ամեն ինչ ասված է։ Սակայն հարց է առաջանում՝ ինչու՞ նույնպիսի հետեւողականություն ՀԱԿ-ը հանդես չէր բերում նաեւ այն ժամանակ, երբ քաղբանտարկյալների կողմից արվեց նման հայտարարություն, ինչու՞ այն ժամանակ ՀԱԿ-ը չհայտարարեց, թե չի կիսում քաղբանտարկյալների դիրքորոշումը կամ եթե սկզբունքորեն դեմ էր դրանց, ապա ինչու՞ չկանխեց այդ հայտարարության հրապարակումը՝ հաշվի առնելով դրա հետեւանքները։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ծածկված են խիտ ծխածածկույթի տակ։ Մինչդեռ առաջին հերթին հենց ՀԱԿ-ն պետք է որ շահագրգռված լիներ Արմեն Հարությունյանի նկատմամբ քաղաքական ճնշումների կիրառման մեջ։
Մոտ օրերս սպասվում է ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի՝ Հայաստանի հարցով համազեկուցողների այցը Հայաստան, որի ընթացքում պետք է մեկ սկզբունքային խնդիր լուծվի. նրանք Վեհաժողովին կանե՞ն Հայաստանին այդ կառույցում ձայնից զրկելու մասին առաջարկությունը, թե՞ ոչ։ Իսկ համազեկուցողների համար ուղղակի սկզբունքային, վճռորոշ նշանակություն է ունենալու հենց օմբուդսմենի տված գնահատականները։ Եվ ՀԱԿ-ի տակտիկական խնդիրն է թույլ չտալ Արմեն Հարությունյանին նահանջել իր մոտեցումներից, որոնք այնքան համահունչ էին արմատական ընդդիմության դիրքորոշումներին։
Նրանք փակում են Ա. Հարությունյանի՝ նաեւ իշխանությունների հետ որեւէ կոմպրոմիսի գնալու ճանապարհները՝ ստիպելով նրան դուրս գալ իրավական գնահատականների դաշտից եւ ընդդիմության մոտեցումները ներկայացնել իբրեւ կատարյալ օբյեկտիվ ճշմարտություններ։ Դա ուղղակի կկանխորոշեր ԵԽԽՎ-ում մոնիտորինգի հանձնաժողովի ներկայացրած բանաձեւի նախագծի ճակատագիրը հօգուտ ընդդիմության։
Երեք ստրատեգիական բացթողում
Սակայն ստրատեգիական առումով այս մոտեցումը խիստ վտանգավոր է երկու պատճառով։
Առաջին՝ հարցը տեղափոխվում է խիստ անձնական ոլորտ, որովհետեւ տրված գնահատականներին զուգահեռ օմբուդսմենը մեղադրվում է նաեւ իշխանության հետ հանցավոր համաձայնությունների գալու մեջ՝ արդարադատության նախարարի կամ գլխավոր դատախազի պաշտոններն ստանալու դիմաց՝ առանց որեւէ կոնկրետ փաստ ներկայացնելու։ ՀԱԿ-ի նկատմամբ հասարակական վստահությունը կարող է սասանվել, եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ որեւէ նման համաձայնություն գոյություն չունի։
Իսկ դա իր հերթին նպաստելու է, որ հասարակության մեջ ձեւավորվի այն կարծիքը, թե ՀԱԿ-ի համար գերխնդիրը ոչ թե ճշմարտության բացահայտումն է, այլ աներկբայորեն իր մոտեցումներն առաջ մղելը, ավելին՝ օմբուդսմենին հեղինակազրկելու գնով նպատակներին հասնելու ձգտումը։
Երկրորդ՝ անվստահություն հայտնելով Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ նա վերջինիս ուղղակի անպաշտպան է թողնում իշխանության առջեւ, որի համար ավելի հեշտ է դառնում տարատեսակ ճնշումների միջոցով հասնել ՄԻՊ-ի կողմից ավելի նախընտրելի գնահատականներ հնչեցնելուն։
Սա իրատեսական է հատկապես այն պատճառով, որ ներկայումս քաղաքական-հասարակական ամենաակտիվ շրջանակները, որոնք իսկապես պայքարում են երկրում ժողովրդավարական ինստիտուտների վերագործարկման, մարդու իրավունքների պաշտպանության համար, այս կամ այն չափով սատարում են ընդդիմությանը եւ, պաշտպանելով վերջինիս դիրքորոշումը օմբուդսմենի նկատմամբ, օտարվում են նրանից` վերջինիս զրկելով կայուն հենման կետերից։ Այլ կլիներ խնդիրը, եթե ընդդիմությունն իսկապես իր գնահատականները հիմնավորող կոնկրետ փաստեր ներկայացներ եւ մերկացներ Արմեն Հարությունյանին։
Երրորդ՝ թվում է, թե ընդդիմությունը չի հաշվարկել Արմեն Հարությունյանի կողմից հնարավոր հրաժարականի հետեւանքների հարցը։ Մի պահ ընդունենք, որ վերջինս տուրք է տալիս կալանավորվածների պահանջին եւ հրաժարական է ներկայացնում։ Հետո նախագահի առաջարկությամբ ԱԺ-ն նոր ՄԻՊ է ընտրում՝ միանգամայն կարված իշխանության հագով։ Արդյոք սա՞ է քաղբանտարկյալների նպատակը։ Դժվար թե։
Օմբուդսմենի իրական փորձաքարը
Այսուհանդերձ, պետք է նշել, որ ՄԻՊ-ի գործունեությունը, տված գնահատականները առաջիկա ամսվա ընթացքում չափազանց որոշիչ նշանակություն կարող են ունենալ։ Այդ ժամանակահատվածն ուղղակի նրա համար հերթական փորձության շրջան պետք է համարել, որից դուրս գալու միջոցներից, մեթոդներից միայն կարելի է հանգել այս կամ այն եզրակացության։ Այս համատեքստում ողջ քաղաքական դաշտը, հասարակությունը սպասում է ՄԻՊ-ի գնահատականներին «մարտի 1-ի գործի» դատական անցած 4 փաստացի չկայացած նիստերի վերաբերյալ։
Միայն դատավարության շարունակ հետաձգման փաստը բավական է իսկապես պահանջելու ՄԻՊ-ից հստակ գնահատականներ տալ։ Ահա սրա վրա է, որ թե՛ քաղբանտարկյալները, եւ թե՛ ՀԱԿ-ը պետք է ուշադրություն դարձնեին եւ ավելորդ շտապողականության, զգացմունքայնության մեջ չընկնելով` օմբուդսմենի առջեւ գնահատական տալու կոնկրետ խնդիր դնեին։ Երկրորդ՝ հենց Արմեն Հարությույանն էր ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկում բանտախցերում կալանավորվածներին ծեծի ենթարկելու դեպքերի հետապնդման հարցը, եւ հենց նա համաձայնության եկավ հանգամանքները պարզել եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել ծառայողական քննության միջոցով։
Ի՞նչ արդյունք տվեց իրականում այդ ծառայողական քննությունը, որքանո՞վ են դրանց արդյունքներն ընդունելի, համոզիչ ՄԻՊ-ի համար։ Առայժմ որեւէ պատասխան չի տրվել։ Այսինքն` ՄԻՊ-ից քաղաքական բնույթի պահանջներ ներկայացնելը չի կարող մերկապարանոց լինել։ Մանավանդ այն պատճառով, որ հասարակության մոտ օմբուդսմենի նկատմամբ լոյալության որոշակի մակարդակ է ձեւավորվել նախագահական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում, եւ դրան իր վերաբերմունքով նպաստել է նաեւ ընդդիմությունը։ Որեւէ մեկը չի կարող ընդդիմությանը մեղադրել Արմեն Հարությունյանի նկատմամբ անվստահություն ունենալու համար։ Ողջ խնդիրն այն է՝ ինչո՞վ, ո՞ր պահին եւ ինչպե՞ս է ընդդիմությունը հիմնավորում իր այդ կասկածները, ի՞նչ գործընթաց է սկսում դրանից հետո, եւ դա ի՞նչ հետեւանքներ է թողնում հասարակական գիտակցության վրա։ Պետք է նժարին դնել մի կողմից ՄԻՊ-ի ինստիտուտի նկատմամբ ձեւավորված հասարակական ընկալումը, մյուս կողմից` այն հիմնավորումները, որոնք ուղղված են ազդելու այդ ընկալման վրա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել