HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայքար բարձի դեմ

Ֆրանսերեն revanche բառը թարգմանաբար նշանակում է հատուցում եւ սկսած 19-րդ դարի 70-ականներից օգտագործվում է «կորցրածը ետ բերել» իմաստով։ Անցած տարվա մարտի մեկին Երեւանում կատարվածն ամբողջովին տեղավորվում է ֆրանսերեն այս բառի նոր իմաստի մեջ։ Դա հաստատվում է նաեւ փիլիսոփայական բառարանի «Ռեւանշիզմ» բառի բացատրությամբ.

«Ռեւանշիզմի վտանգն այն է, որ իշխանության եկած մարդիկ, անգամ «ամենալավ» մարդիկ՝ սեփական ճշմարտացիությամբ թեւավորված, սկսում են կատարել անուղղելի եւ աններելի սխալներ, կորցնում են իրականության զգացումը…»։ Ռուս քաղաքագետ, «Ռոսիա վ գլոբալնոյ պոլիտիկե» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆեոդոր Լուկյանովը՝ խոսելով ռեւանշիզմի մասին, նկատել է. «Ռեւանշիզմն իրոք որ «շատ զորեղ շարժիչ զգացում է», միայն թե շարժում է այն հակամարտությունների ուղղությամբ։ Փետրվարի 26-ից հետո, երբ Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, «հաղթական» հանրահավաքի մասնակիցները միացան Ազատության հրապարակում հավաքված ազատ բազմությանը, բոլորը հաստատապես համոզվեցին, որ իշխանությունը պարտվել է։

Ֆրանսերեն revanche բառի առաջին՝ հիմնական, եւ երկրորդ՝ ձեռքբերովի իմաստների համաձայն գործող նախագահ Քոչարյանը պետք է փորձեր նախ հատուցում ստանալ անհնազանդ ընտրազանգվածից, ապա՝ վերականգնել կորցրած դիրքերը։ Մարտի մեկի առավոտյան լայնամասշտաբ հարձակում ձեռնարկելիս Քոչարյանն աչքի առաջ ուներ 2004 թվականի ապրիլի փորձը եւ ենթադրում էր, որ ժողովրդին ահաբեկելով ու տուն ուղարկելով՝ ապագա նախագահին կհանձնի ավտորիտարիզմի բոլոր կանոններով ղեկավարվող երկիր։ Այն ինչ կատարվեց Ազատության հրապարակում իրականացված օպերացիայից հետո, անկանխատեսելի էր։

Եւ ինչպես փիլիսոփայական բառարանի վերը բերված հոդվածում է ասվում, Քոչարյանը սկսեց «կատարել անուղղելի եւ աններելի սխալներ»։ Ռեւանշն ավարտվեց նրանով, որ Քոչարյանն իր «ընտրյալ» հաջորդին ժառանգեց տասը զոհ, տասը մահվան չբացահայտված հանգամանքներ, հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ եւ հետապնդվողներ, անհանգիստ հասարակություն եւ միջազգային խարխլված հեղինակություն։ Ապրիլի 9-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանը ոչ միայն չփորձեց լույս սփռել մարտի մեկի իրադարձությունների վրա, ազատել քաղբանտարկյալներին ու դադարեցնել հետապնդումները, հանգստացնել հասարակությանն ու վերականգնել երկրի միջազգային հեղինակությունը, այլեւ ձեռնամուխ եղավ նոր ռեւանշի։

Երդմնակալությանը հաջորդած ամիսներին քաղաքացիների զանգվածային ձերբակալությունները, տարատեսակ ճնշումները շարժման կողմնակիցների նկատմամբ, երթերի, ցույցերի, հանրահավաքների խրոնիկական արգելքները ոչ այլ ինչ էին, քան հատուցման պահանջ սեփական ժողովրդից։ Եւ որքան սաստկանում էր ռեւանշը, նույնքան թուլանում էր Հայաստանի միջազգային հեղինակությունը։ Այս երկու ռեւանշները մեկ նպատակ ունեին՝ դադարեցնել քաղաքական պայքարը եւ երկիրը վերադարձնել ավտորիտար կառավարման «բնականոն» հուն։

Ավտորիտար կառավարման համար անհրաժեշտ է գոնե ունենալ իշխանության զգացում։ Այս զգացումից Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին զրկեցին չդադարող շարժումն ու միջազգային կազմակերպություններից եկող մեսիջները, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ի երկու բանաձեւերը։ Ավտորիտար կառավարիչների պատկերացմամբ ժողովուրդը պետք է լինի այն փափուկ բարձը, որի վրա գլուխը դնելով՝ կարելի է հանգիստ քնել։ Եթե կառավարման երկու ժամկետում Քոչարյանի քունը չէր խաթարվել (չհաշված Հյուսիսային պողոտայի մակետը տեսնելուց հետո սկսված անքնությունը), ապա Սերժ Սարգսյանի մոտ առաջ է եկել մի սիմպտոմ, որը բժշիկներն անվանում են՝ պայքար բարձի դեմ։ Վզի կամ ողնաշարի մկանների հետ պրոբլեմ ունեցող մարդկանց վիճակի վատթարացման ցուցիչը հենց պայքարն է բարձի դեմ։ Բարձը, որ նախատեսված է խաղաղ քուն ապահովելու համար, դառնում է անհանգստության ու անհարմարության պատճառ։ Ժամանակին ինքս նման խնդիր ունեցել եմ, եւ հիշում եմ «կարգավորման» իմ փորձերը։

Առաջին փորձով բոլորովին հրաժարվեցի բարձից՝ ոչինչ չստացվեց։ Հետո մեծ բարձը փոխեցի փոքր բարձով՝ դարձյալ անօգուտ։ Երրորդ անգամ փետուրե բարձը փոխարինեցի բամբակե գլանաձեւ բարձով՝ արդյունքը նույնն էր։ Վերջապես համոզվեցի, որ պետք է գնալ բժշկի ու կազմակերպել վզից-ողնաշար ձգվող մկանների հիմնավոր բուժումը։ ԵԽԽՎ-ի զույգ բանաձեւերը նվվացող մկանների բուժման դեղատոմսն են։ ծ

Սա հասկանում են բոլորը։ Հասկանում են նաեւ իշխանության մաս կազմող այն անհատներն, ովքեր դեռեւս չեն կորցրել ողջամտությունը։ Պետք չէ գերագնահատել ԵԽԽՎ-ի պատժամիջոցները եւ պետք չէ արհամարհել դրանք։ Երկուսն էլ մեզ համար հավասարապես վտանգավոր են։ Պետք է այդ բանաձեւերը դիտել որպես հասարակական հաշտության ու համագործակցության արդյունավետ գործիք։ Այդ ժամանակ միայն կդադարի պայքարը բարձի դեմ։ Այդ ժամանակ մենք բոլորս հանգիստ կքնենք՝ հավասար ու կանոնավոր շնչելով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter