HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դուք նպաստեցիք նաեւ մարտի 1-ի սպանդը չբացահայտելուն». բաց նամակ Պրեսկոտին եւ Կոլոմբիեին

2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները ըստ էության դեռ չավարտված, ի հեճուկս սեփական աչքով տեսած եւ ձեռքի տակ եղած հսկայածավալ աղաղակող փաստերի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունները շտապեցին հայտարարել. «Նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ պարտավորություններին և միջազգային չափանիշներին նախընտրական շրջանում և քվեարկության ժամերին»: Գոտեպնդված ու խրախուսված առաջին հերթին հենց այս հապշտապ, անհիմն ու հանցավոր գնահատականից, որի տակ կար նաեւ Ձեր, պարոն Պրեսկոտ, ստորագրությունը, ավազակապետության պարագլուխները համարձակվեցին իրագործել խաղաղ ցուցարարների մարտիմեկյան բարբարոսական ջարդն ու արյունոտ սպանդը: Զոհվեց 10 մարդ, վիրավորվեցին տասնյակներ: Դրան հետեւեցին ամբողջ երկրով մեկ ընդդիմության հազարավոր ներկայացուցիչների զանգվածային հետապնդումները, ահաբեկումները, ձերբակալումները: Նրանց նկատմամբ հարուցվեցին շինծու քրեական գործեր, մոտ 150 հոգի հայտնվեցին անազատության մեջ, իրականացվեցին տասնյակ ապօրինի դատավարություններ, այսօր էլ դեռ ավելի քան վեց տասնյակ մարդ քաղբանտարկյալ է: Դուք, պ-ն Պրեսկոտ եւ Կոլոմբիե, ԵԽԽՎ ամառային նստաշրջանից առաջ հայտարարեցիք, թե Հայաստանի իշխանությունները մեծ առաջընթաց են արձանագրել 1609 բանաձեւի պահանջների կատարման ուղղությամբ, երբ քայլ անգամ չէր արվել, ինչի մասին շատ լավ գիտեիք: Ձեր, որպես Հայաստանի մասին համազեկուցողների, իշխանահաճո հայտարարություններով եւ կեցվածքով էր պայմանավորված 1609 բանաձեւի պահանջների կատարման ժամկետը եւս վեց ամսով երկարաձգվելը: Դուք, անշուշտ, քաջ գիտակցում եք, որ դրանով, ի թիվս այլ վնասների, նաեւ նպաստեցիք քաղբանտարկյալներիս անազատության մեջ եւս վեց ամիս պահելուն: Դրանով դուք նպաստեցիք նաեւ մարտի 1-ի սպանդը չբացահայտելու ՀՀ իշխանության ծրագրին: Դուք հսկայական վնաս եք հասցրել նաեւ ձեր ներկայացրած եվրոպական համապատասխան կառույցների հեղինակությանը: Հայաստանի հասարակությունը, մի կողմից` ականատես ու լիուլի տեղեկացված խայտառակ իրողություններին, մյուս կողմից` քաջատեղյակ սեփական իշխանությունների` բոլոր հարցերը կաշառքով լուծելու «շնորքին» ու սովորությանը, այլ հետեւության չէր կարող հանգել, քան, որ նույն կերպ հարցերը լուծվել են նաեւ ձեր` եվրոպական պաշտոնյաներիդ հետ: Այս ամենի համար դուք անձնական պատասխանատվություն եք կրում: Մոնիտորինգի կոմիտեի դեկտեմբերի 17-ի որոշումից հետո, վարչախումբը դրան արձագանքել է քաղբանտարկյալներին բանտախցերում ֆիզիկական բռնությունների ենթարկելով: Միաժամանակ, խոշտանգումների միջոցով անհատական ներման խնդրագրեր են կորզվել մեր ընկերներից, որոնց, 9 հոգու, ձեր այցի նախօրյակին «մեծահոգաբար» ներում շնորհեց ձեր հոգեզավակ գողիշխան ինքնակոչը: Դուք այս անգամ էլ եկել եք, որպեսզի այդ «փաստը» տանեք ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանին որպես «էական առաջընթացի ապացույց»: Որքան հասկանում ենք, դուք այլ խնդիր, քան իշխանագողերին սպասվող պատժից փրկելը ու մեր անազատութունը հերթական անգամ երկարաձգելը, չեք կարող ունենալ: Դրանով դուք միայն կմեծացնեք ձեր անպայման կրելիք անձնական պատասխանատվության չափը: Քաղբանտարկյալներ` Գագիկ Ջհանգիրյան Սմբատ Այվազյան Ալեքսանդր Արզումանյան Մյասնիկ Մալխասյան Սասուն Միքաելյան Շանթ Հարությունյան Հակոբ Հակոբյան Գրիգոր Ոսկերչյան Սուրեն Սիրունյան Մուշեղ Սաղաթելյան Տիգրան Մկրտչյան Լևոն Խաչատրյան Տիգրան Մելքոնյան Գևորգ Ղազարյան Աշոտ Զաքարյան Հովհաննես Հարությունյան Քրիստափոր Էլազյան Վարդան Ղավալբաբունց Հարություն Ղարիբյան Մկրտիչ Սափեյան Ժորա Սափեյան Արմեն Սիրունյան Վարդգես Գասպարի Սամվել Կարապետյան Սիմոն Ամիրխանյան Արամ Բարեղամյան Սոս Գևորգյան Արմեն Սարգսյան Մկրտիչ Աբրահամյան Արմենակ Աբրահամյան Ռոման Մնացականյան Նվեր Ստեփանյան Արման Բաբաջանյան Մարզպետունի Այվազյան Պետրոս Մաքեյան Հարություն Ուռուտյան Աշոտ Մանուկյան Գևորգ Մանուկյան Շմավոն Գալստյան Ֆելիքս Գևորգյան Դավիթ Աղայան Տաթև Գասպարյան Դավիթ Մաթևոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter