Կապանի գրադարանները կօպտիմալացվեն
Անցած ուրբաթ փակվել էին Կապանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր գրադարանների դռները: Գրադարանավարները հրավիրվել էին Կապանի մշակույթի կենտրոնի շախմատի տուն, որտեղ Մշակույթի կենտրոնի տնօրեն Աշոտ Բեգլարյանը հայտարարեց, որ գրադարանները եւ ակումբները միաձուլվում են: Քաղաքային նորընտիր իշխանությունները, ըստ տնօրենի, այս քայլին հարկադրված են գնում, քանի որ աշխատողների մեծ մասը չգիտի, թե ինքը ինչի համար է աշխատանքի գալիս:
«Պատկերացնում եք, օրեր առաջ, պատահական մի զրույցում պարզեցի, որ զրուցակիցս չի իմանում, որ գրադարանի աշխատող է: Այսինքն` անունը կա, ամանում չկա»,- հավելեց նորանշանակ տնօրենը: Վերջինս կտրուկ հայտարարեց, որ վաղուց ավարտվել են այն ժամանակները, երբ աշխատանքի են գալիս սուրճ խմում ու աշխատավարձ ստանում:
Սա առաջացրեց գրադարանավարների վրդովմունքը, ու ավագ մեթոդիստ Նուշիկ Ավետիսյանը փորձեց պաշտպանել գործընկերներին: «Էն, որ աշխատում ենք ոչ բարվոք պայմաններում ու միջոցառումներ ենք կազմակերպում` չեք ասում, բայց օրական մի բաժակ սուրճը աչքի փուշ եք դարձնում»,- ասաց տիկին Նուշիկը` հայրենի կառավարությանը հորդորելով մի քիչ ուշադրություն դարձնել ակումբա-գրադարանային ոլորտին:
Մշակույթի կենտրոնի տնօրինությունն էլ առաջարկեց աշխատակիցներին իրենց մտահոգող խնդիրները գրավոր ներկայացնել: «Ով ա ասել, որ չենք կարող օդափոխիչ տաքացուցիչներ հատկացնել»,- նշեցին նրանք: Երբ փորձեցինք ճշտել, թե քանի հոգի է կրճատվելու, տնօրինության անդամներին դուր չեկավ հարցն ու նրանք փորձեցին ճշտել, թե որտեղից ենք տեղեկացված մենք: «Կրճատում բառը չկա, ինչ կրճատում, միավորում ենք, գրադարան կա` կես դրույքաչափով 8 հոգի են աշխատում: Հաստիքներն ենք միավորում, ու այս պարագայում, բնականաբար, ոմանք կորցնելու են աշխատատեղերը: Բայց սա օպտիմալացում է»,- ասաց Աշոտ Բեգլարյանը:
Գրադարանավարներն ու ակումբի աշխատակիցները համաձայն չեն այս տեսակետին: «Գրադարան ունենք, որ 20 հազար կտոր գիրք կա, բա որ փակում են գրադարանները, որտեղ է տարվելու այդ գրականությունը: Կամ ոնց են պահպանելու` քիչ աշխատակիցներով: ՉԷ, մենք համաձայն չենք այդ որոշմանը»,- ասաց գրադարանավարներից մեկը: Մեկ ուրիշն էլ ցավով նշեց, որ ավելի լավ է աշխատողները կրճատվեն, քան գրադարան փակվի: Ի դեպ, անցած տարի Սյունիքի մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը Սյունիքի մարզպետին ակնարկել էր, թե մտադիր է փակել գործող գրադարանների մի մասը: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ, հակադարձելով քաղաքապետին, ասաց. «Այսօր չեն կարդում, վաղը, մյուս օրը կարդալու են, նպատկահարմար չի փակել գրադարանները: Հարցը առայժմ թողնենք, կքննարկենք հետո»:
Ամեն դեպքում, այս պահին գրադարանները կշարունակեն աշխատել, որովհետեւ դրանց ճակատագիրը որոշելու է քաղաքապետարանը: Չի հրապարակվում նաեւ կրճատվող աշխատակիցների թիվը: Նշենք նաեւ, որ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում Կապանի մշակույթի կենտրոնի կադրերի տեսուչ Սիլվա Հարությունյանը ասել էր, որ բոլոր աշխատակիցները ծանուցվել են կրճատման մասին: «140 աշխատակից, այդ թվում նաեւ ես ծանուցվել ենք, բայց թե քանի հոգի կկրճատվեն` դեռ պարզ չէ»,- նշեց տիկին Հարությունյանը: Այնուամենայնիվ, մշակույթի կենտրոնի աշխատակիցները պնդում են, որ տեղական իշխանությունները գիտեն, թե քանի հոգի է դառնալու գործազուրկ, ու նույնիսկ նրանց անվանացանկն են կազմել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել