Ուղեւորափոխադրումների ոլորտում սակագները կվերանայվեն
Անահիտ Դանիելյան
2008 թվականին ԼՂՀ տրանսպորտի ոլորտում բավականին փոփոխություններ են եղել: Դա նկատելի էր հատկապես կանոնավոր ուղեւորափոխադրումների բնագավառում:
ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության տրանսպորտի բաժնի պետ Տիգրան Գաբրիելյանի խոսքերով, տարվա հենց սկզբից ներկայացրել են հայեցակարգ` տրանսպորտի բնագավառում բարեփոխումների վերաբերյալ, որի նպատակը ներդրումների համար ոչ գրավիչ երթուղիները գրավիչ դարձնելն է, տրանսպորտային միջոցների սպասարկման որակը բարձրացնելը եւ ոլորտում բիզնեսի համար կայուն հնարավորություններ ստեղծելը: Առաջարկություններից մեկն էլ կայանում է նրանում, որ կանոնավոր ուղեւորափոխադրումների համար մրցույթ պետք է հայտարարվի ոչ թե առանձին երթուղու համար, այլ երթուղիների փաթեթի համար, որում ընդգրկված կլինեն տարբեր շրջանների եւ ենթաշրջանների եկամտաբեր եւ ոչ եկամտաբեր երթուղիներ: Այս ձեւը դեռ կիրառման մեջ չի դրվել, սակայն դրա համար, Տիգրան Գաբրիելյանի հավաստմամբ, համապատասխան աշխատանքներ իրականացվել են. ուսումնասիրվել է ճանապարհների ցանցի եւ ուղեւորահոսքի վիճակը:
«2008-ին փոփոխություններ են կատարվել նաեւ Ստեփանակերտի ավտոկայանում` ինչպես շենքային պայմանների բարելավման, այնպես էլ չվացուցակների եւ տոմսերի մասով: Նախկինի համեմատ այսօրվա դրությամբ հիմնականում պահպանվում է տրանսպորտային միջոցների չվացուցակը»,-մեզ հետ զրույցի ժամանակ նշել է տրանսպորտի բաժնի պետը:
2008-ին շուրջ 12 նոր եւ հին երթուղիների համար մրցույթ է հայտարարվել: Տ.Գաբրիելյանը դրանցից կարեւորում է Քաշաթաղի շրջանի որոշ բնակավայրերի հետ տրանսպորտային կապի հաստատումը, որի արդյունքում այսօր գործում է Միջնավան-Ստեփանակերտ (շաբաթական երկու անգամ) եւ Բերձոր-Ստեփանակերտ երթուղին (ամենօրյա): Սրանք թույլ են տալիս շրջանն ընդգրկել ընդհանուր օգտագործման տրանսպորտային ցանցի մեջ: Գործում է նաեւ Կովսական-Երեւան երթուղին:
Երեւանի հետ այսօր տրանսպորտային կապ ունեն նաեւ Ստեփանակերտը, Մարտակերտը, շրջանի Գետավան համայնքը, Մարտունին, Հադրութը եւ շրջանի Տող գյուղը, Բերձորը եւ Ասկերանը:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գործում են միջպետական` 15, միջշրջանային` 74 եւ ներշրջանային` 4 երթուղիներ: Շրջկենտրոնների հետ կապ ունեն 82 բնակավայրեր, իսկ միջշրջանային կապն ընդգրկում է շուրջ 150 բանակավայրեր:
Բաժնի պետի տեղեկացմամբ, դեռեւս կան երթուղիներ, որոնց համար հայտարարված մրցույթին մասնակցության հայտ չի ներկայացվում: Կան նաեւ բնակավայրեր, որոնք հնարավոր չէ ընդգրկել այդ ցանցի մեջ` ճանապարհների վատթար վիճակի, ուղեւորահոսքի եւ այլ պատճառներով:
Ներկայումս հանրապետություոնւմ կանոնավոր ուղեւորափոխադրումներ են իրականացնում 25 ընկերություններ, որոնցից 6-ը սպասարկում է մայրաքաղաքը:
Տիգրան Գաբրիելյանի հավաստմամբ, այս տարի ձեռնամուխ կլինեն նախորդ տարվա ընթացքում կայացված որոշումների գործնական իրականացմանը: Ոլորտում նախատեսվում է տրանսպորտային միջոցների պարկի թարմացում, երթուղիների փաթեթի համար մրցույթի կարգի կիրառում եւ այլն:
«Նախատեսում է այս տարի սակագների փոփոխություն» հարցին ի պատասխան Տ.Գաբրիելյանը նշեց, որ «որոշ երթուղիներում գործող սակագները չեն համապատասխանում այսօրվա իրականությանը: Բոլոր երթուղիների համար նախահաշիվներն արդեն պատրաստ են, եւ հնարավոր է տարվա ընթացքում վերանայվեն կանոնավոր ուղեւորափոխադրումների սակագները»:
Անահիտ Դանիելյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել