HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղաջանյան. «Մենք ունենք անկում և՛ ներկրման, և՛ արտահանման առումով»

Այսօր «Տեսակետ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ փոխադրումներ իրականացնող «Ապավեն» ՍՊԸ գործադիր տնօրեն  Գագիկ Աղաջանյանը ասաց, որ իրենց նախնական հաշվարկներով՝ տնտեսական ճգնաժամի պատճառով անկում է արձանագրվել և՛ ներկրման, և՛ արտահանման ոլորտում: Ըստ նրա՝ խնդիրը միայն այն չէ, թե ինչ ծավալի անկում է տեղի ունենում, այլ նաև այն, որ տրասնպորտային ոլորտում ընդհանրապես տրանսպորտային փոխադրումների և գների անկում է տեղի ունենում. «Եվ չնայած առաջին հայացքից գների անկումը կարող է ուրախալի թվալ, քանի որ, ասենք, Ալավերդու պղնձաձուլական կոմբինատից 25 տոննա պղնձի բեռի փոխադրումը մինչև  Գերմանիա իրականացվում է ընդամենը 1500 դոլարով նախկին 2500-3000 դոլարի փոխարեն, բայց բեռների շրջանառության պակասի հետևանքով տրանսպորտային համակարգը կարող է քանդվել»: Ասվածն ավելի հասկանալի դարձնելու համար պարոն Աղաջանյանը առարկայական օրինակ բերեց. «Այսօր խոշոր ծովային ընկերությունները, որոնց վրա հիմնված է համաշխարհային տնտեսությունը, պատրաստ են զրոյական դրույքաչափով փոխադրումներ անել` խնդրելով միայն վառելիքային ծախսի փոխհատուցում»: Գագիկ Աղաջանյւանի խոսքերով՝ զրոյական դրույքաչափերով առանց շահույթի փոխադրումները միակ միջոցն է՝ խուսափելու տրանսպորտային համակարգի փլուզումից, որի վերականգնումը հակառակ դեպքում կապված կլինի շատ ավելի լուրջ ֆինանսական միջոցների հետ: Պատասխանելով Հետքի այն հարցին, թե արդյոք ճիշտ են մասնագետների այն կանխատեսումները, որ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մենք կզգանք մարտ ամսին, և եթե այո, ապա ինչ ձևով այն կարտահայտվի կոնկրետ փոխադրումների հետ կապված, Գ Աղաջանյանը համաձայնեց, որ իսկապես ճգնաժամի ազդեցությունը մեզ համար տեսանելի կլինի մարտ ամսին: Ըստ նրա՝ տրանսպորտային փոխադրումների միջինացված ժամկետը հաշվարկվում է մոտավորապես 2 ամիս, և եթե հաշվի առնենք, որ մինչև Նոր տարի բեռների փոխադրումները տեղի էր ունենում իներցիայով՝ նախկինում կնքված պայմանագրերի հիման վրա, հիմա պատկերը փոխվում է պայմանագրերի բացակայության տեսքով: Ըսնդ որում՝ եթե ներկրման առումով պայմանագրերի թիվը նվազել է մինչև 12%, ապա արտահանման պայմանագրերի թվի նվազումը հասնում է մինչև 30 % տոկոս: Գ. Աղաջանյանը խոսեց նաև տնտեսական ազատությունների առումով Հայաստանում առկա խնդիրների մասին: Ըստ նրա՝ հարկային և մաքսային ոլորտների առումով մենք ունենք շատ լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն, ընդ որում՝ նաև օրենսդրական, որի արդյունքում գործարարությունը կլինի և՛ շահավետ, և՛ ձեռնտու: Սակայն գործարարը նշեց, որ  մի քանի ամիս առաջ, երբ խոսվում էր այս ոլորտներում բարեփոխումների մասին, իրենք ավելի շատ հույսեր ունեին, սակայն այդ բարեփոխումների առաջին արտահայտությունները իրենց շարունակությունը չունեցան, քանի որ Հայաստանում որևէ հարցում հետևողականություն չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter