HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Գազայում ցեղասպանությո՞ւն է կատարվում

«Այն, ինչ կատարվում է այսօր Գազայում, ուրիշ կերպ, քան ցեղասպանություն, որակավորել չի կարելի, դա նույնն է, որ մի հարբած խուլիգան մտնի մանկապարտեզ և սկսի կոտորել բոլորին»,- նման գնահատականի է հանգել քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը՝ հետևելով այս օրերին արաբական և իսրայելական մամուլին: Նա մեծ ատելություն է նկատել հատկապես իսրայելական մամուլում: Ըստ նրա` քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել դադարեցնել կրակը, իսկ  Իսրայելը հրաժարվել է ենթարկվել, ապա ըստ ՄԱԿ-ի կանոնադրության այն արդեն պետք է դիմեր վճռական ուժային քայլերի: Սակայն բացի խոսքերից որևէ իրական քայլ առ այսօր չի կատարվել. «Իսրայելը ի վերջո կգրավի Գազան, մի քանի հարյուր մարդ կսպանի, բայց կմնա անպատիժ»: Խոսելով «Համաս» ահաբեկչական խմբավորման մասին, Լևոն Մելիք-Շահնազարյանը որոշակիորեն արդարացնում է նրանց գործողությունները` ասելով, որ պետք է հասկանալ ահաբեկչության պատճառները: Ըստ նրա`Իսրայելի կողմից տնտեսական այն բլոկադան, այն ծանր պայմանները, որում ապրում է այդ ժողովուրդը, ի վերջո ծնում է ահաբեկչություն, քանի որ ահաբեկչությունն ազգային հոգևոր անբավարարվածության արդյունք է, և այսօր էլ Գազայում ամեն մի զոհ ծնում է մեկ ահաբեկիչ: Սակայն նրա հետ «Տեսակետ» ակումբում բանավիճող «Ժառանգություն» խմբակցության անդամ, Աժ պատգամավոր Վարդան Խաչատրյանը չհամաձայնեց, որ ահաբեկչությունն ունի զուտ սոցիալական արմատներ. «Կա տասնօրյակների կրթություն, որի ընթացքում մարդը դառնում է ինքնազոհ ահաբեկիչ, նրա համար այսկողմնային աշխարհը դառնում է իմաստազրկված, և իր  պատրանքային մտածողության մեջ այնկողմնային աշխարհը դառնում է միակ ձգտելին»: Ըստ նրա` իրենց այս  «պարտքը» կատարելիս նրանք կարող են սպանել անմեղ մարդկանց: Վարդան Խաչատրյանի համոզմամբ՝ այս պատերազմի նպատակը  «Համաս» կազմակերպության ռազմական ենթակառուցվածքների լիարժեք կամ համարյա թե լիարժեք ոչնչացումն է: Սակայն նա օբյեկտիվ լինելու համար հիշեցրեց, որ նախքան ռազմական գործողությունների սկսելը` անցյալ տարվա դեկտեմբերին ավարտվում էր հրադադարի պայմանագիրը, որ ստորագրվել էր կողմերի միջև Եգիպտոսի միջամտությամբ, և իսրայելական կողմը մի քանի անգամ դիմեց առաջարկներով` երկարացնելու համաձայնագիրը, բայց Գազայի իշխանությունները պնդում էին, որ պատրաստ են ճնշումը շարունակել առանց պայմանագրի. «Այսինքն՝ կարող են կիրառավել նաև ոտնձգություններ, որպեսզի Իսրայելը տնտեսական բլոկադան հանի»,- ասաց Վարդան Խաչատրյանը: Ըստ նրա` միակ խնդիրը, որի պատճառով Իսրայելը սուր քննադատության է ենթարկվում, վերաբերում է օգտագործվող զրահատեխնիկային: Լևոն Մելիք-Շահնազարյանը համաձայնեց, որ տեխնիկայի կիրառման առումով իսկապես կա անհամեմատելի անհամաչափություն: Հետքի հարցին՝ հնարավո՞ր է, որ պատերազմն ավելի ծավալվի, ներգրավելով Ամերիկան և Արաբական լիգան, որպես հակադիր կողմեր, «Ժառանգության» պատգամավորը ասաց, որ ճիշտ է արաբական աշխարհը փորձում է ճնշել ԱՄՆ-ին նավթի գների բարձրացմամբ, բայց ինքը պատերազմի ծավալման հնարավորություն չի տեսնում, քանի որ նախ արաբական աշխարհը հնարավոր չէ ընկալել որպես միաձույլ պետությունների բազմություն, այլ Լիգայի պետությունների. որոնք ունեն հակադիր կրոնական և տնտեսական շահեր, բացի այդ՝ պատերազմն օրերի ընթացքում կավարտվի: Իսկ Լևոն Մելիք-Շահնազարյանը չբացառեց նման հնարավորությունը` նշելով, որ երեկ արդեն Եգիպտոսի տարածքում պատահական, թե ոչ, Իսրայելի կողմից հրետակոծություն է եղել, որի արդյուքնում զոհվել է 2 երեխա: Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ չնայած սա կողմերի մեջ մղվող արդեն 8-րդ պատերազմն է, սակայն առաջին անգամ այն ունի զուտ կրոնական բնույթ: Ըստ նրա` Իսրայելը այսպես փորձում է մահմեդական աշխարհը հանել հուդա-քրիստոնեական աշխարհի դեմ, և դա վտանգավոր է ամբողջ աշխարհի համար: Այս տեսակետի հետ չհամաձայնեց Վարդան Խաչատչյանը` հիշեցնելով այն հակադրությունները, որ առկա են հուդայականության և քրիստոնեության միջև:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter