HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտում իջեցվում են հացի գները

Ստեփանակերտի մի շարք խանութներում անցած տարվա վերջին օրերից սկսած իջեցվել են հացի գները: «Սա վերջին շրջանի գների տեսանկյունից ամենաուրախալի լուրն է: Պարենային ապրանքները հիմնականում շատ թանկ են: Գների իջեցում հիմնականում նկատվում է հացի եւ ձեթի առումով: Գոնե առաջին անհրաժեշտության այդ ապրանքների համար համեմատաբար քիչ կվճարենք»,-ասում է Ստեփանակերտի բնակչուհի Լյուդմիլա Դավթյանը: Ստեփանակերտում հացի գինն իջեցվել է այն բանից հետո, երբ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն ընդունել է հացի իրացման գների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու մասին որոշումը: Տարեվերջին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանը նշել էր, որ հացամթերք արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչներին դիմել են` հացի փոփոխվող գները համապատասխանեցնելու տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքի պահանջներին: Այս ամենի արդյունքում այսօր մայրաքաղաքի մի շարք ընկերություններ` «Լիապարդ», «Ռուզան», «Էռմի», «Միլենա», «Սիփան», «Գաբրիելյան Աշոտ» ԱՁ եւ այլն, իջեցրել են իրենց կողմից արտադրվող հացի գները: Այս մասին Հետքին հայտնեցին հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում, որտեղ նաեւ հավաստեցին, որ հանձնաժողովը շարունակում է իր ուսումնասիրությունները: Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահը նաեւ հայտնել էր,  որ «մակերեսային ուսումնասիրություններից ելնելով 10 դրամի չափով իջեցումը համարժեք չէ ալյուրի գնի իջեցմանը», սակայն այդ ուղղությամբ մանրամասն ու խորը ուսումնասիրություն անելուց հետո միայն կարող են ասել, թե ինչքան պետք է լինի այդ իջեցումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter