HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանը պարգեւներ է հանձնել օդաչուներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է 1988թ. երկրաշարժի օրերին իրենց անձնվեր աշխատանքով աչքի ընկած մի շարք ավիատորների եւ հանձնել պարգեւները։ Այս մասին հայտնում է կառավարության մամլո գրասենյակը: «Մենք կարեւորում ենք այն աշխատանքը, որ այսօր կատարում են մեր օդաչուները: Բայց իրավունք չունենք մոռանալու այն սխրանքների մասին, որ գործեցին նրանք վերջին 20 տարիների ընթացքում` մեր աչքերի առաջ։ Դա ե՛ւ աղետի գոտու վերականգնման աշխատանքներին մասնակցությունն էր, ե՛ւ ղարաբաղյան պատերազմում նրանց անգնահատելի մասնակցությունն ու սխրանքները։ Մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել մեր օդաչուներին։ Մենք քաջ գիտակցում ենք, որ շատ ծանր պայմաններում էիք դուք աշխատում, եւ հայացք նետելով անցած ուղուն եւ այն սխրանքին, որ կատարել եք, անարդար կլիներ, եթե այդ ճակատում աշխատած օդաչուները չարժանանային պետական գնահատականի։ Այսօր, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ` նվիրական աշխատանքի համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ եւ դրա հետեւանքների վերացման գործում ակտիվ մասնակցության համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգեւատրվել են «Հայք» ավիաընկերության գլխավոր խորհրդատու Սեյրան Վանցյանը, «Արմաերո» ավիաընկերության էսկադրիլիայի «ՄԻ-8» ուղղաթիռի հրամանատար Յուրիկ Գասպարյանը, օդաչու-հրահանգիչ Ռաֆիկ Մեհրաբյանը, «Արմավիա» ավիաընկերության թռիչքային տնօրինության շտաբի պետ Միխայիլ Անդրեասյանը, «Ա-319» ինքնաթիռի 2-րդ օդաչու Գեղամ Գաբրիելյանը։ «Մի-8» ուղղաթիռի հրամանատար Մուշեղ Անտոնյանը, բորտմեխանիկներ Գառնիկ Դանիելյանը, Ժորա Մինասյանը, Իոսիֆ Միխաիլյանը, «ՅԱԿ-40» ինքնաթիռի հրամանատար Արարատ Դալլաքյանը, 2-րդ օդաչու Ալեքսանդր Հովհաննիսյանը եւ բորտմեխանիկ Ժորա Դավթյանը վարչապետի հուշամեդալով պարգեւատրվել են հետմահու։ Վետերան ավիատորներ Վարդգես Մնացականյանը, Ալբերտ Ջիվարյանը, Վարդան Ասատրյանը, Խաչատուր Պետիկյանը եւ Սուրեն Վարդանյանը խրախուսվել են վարչապետի շնորհակալագրով եւ արժեքավոր նվերներով։ Հանդիպմանը ներկա գրող-հրապարակախոս Զորի Բալայանը մասնակիցների անունից շնորհակալություն է հայտնել օդաչուների կատարած աշխատանքը բարձր գնահատականի արժանացնելու համար եւ նշել է, որ անձամբ է ականատես եղել այն սխրանքներին, որ գործել են օդաչուները, թե՛ Սպիտակի երկրաշարժի ողբերգական օրերին, եւ թե՛ ղարաբաղյան հաղթական պատերազմում։ Ըստ նրա, դա չի կարելի մոռանալ. «Դա ամենքի պարտքն է` այնպես անել, որ բոլորն այդ մասին իմանան, որովհետեւ դա ոչ այնքան իրենց, մեզ կամ ձեզ է պետք, այլ հենց մեր պատմությանը, ժողովրդին, մեր ապագային»,-ասել է Զորի Բալայանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter