HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ռաֆիկ Պետրոսյան. «Ընդդիմությունը հորթի հրճվանք է ապրում»

«Մենք երբևիցե չէինք կարող ենթադրել, որ ԵԽԽՎ-ի հետ հետագայում մեր հարաբերությունները կլինեն ոչ թե հավասար գործընկերների փոխհարաբերություններ, այլ կդառնան ինչ-որ տեղ իրավաբանության մեջ ասում են ստրկացուցիչ»,- նման գնահատականի է հանգել ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` հետևելով Հայաստանի նկատմամբ ԵԽ-ի վերաբերմունքին: Այս եզրակացության համար հիմք է դարձել այն, որ «ԵԽ-ը բացի ժողովրդավարության ինստիտուտների պահպանության պահանջներից միջամտում է ներքին դատական կոնկրետ գործերին և պահանջում է սրան ազատել, նրան ազատել»: Չնայած, պատգամավորի խոսքերով, Եխ կանոնադրությամբ նման իրավունք նրան չի վերապահվում: Պատգամավորի խոսքով` Հայաստանի իշխանությունները 1609 և 1620 բանաձևերը կատարել են 90%-ով, մասնավորապես ստեղծվել է փաստահավաք խումբ, ընդդիմության իրավունքները օրենսդրորեն ընդլայնվել են, հանրահավաքների, ցույցերի վերաբերյալ օրենքի մեջ փոփոխություններ են մտցվել, ստեղծվել է նախագահին կից Հանրային Խորհուրդ, իսկ որպես 10 տոկոս բացթողում նա մատնանշեց «Ա1+»-ի բացման հարցը, ոստիկանների ցուցմուքների վրա ընդունվածվճիռներով գործերը և "Յոթի գործը": Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, որ խոսել է Հատուկ քննչական ծառայության պետի հետ և "նա երդվել է, որ մեղադրյալները չեն թողում, որ դատարանում գործը քննեն, որպեսզի պարզեն` մեղավոր են, թե ոչ, այնտեղ ոստիկանական ցուցմունքներ չկան, քննչական վարչությունը այլ ապացույցներ է ձեռք բերել": Ըստ պատգամավորի` Հայաստանի նկատմամբ էկլեկտիկ վերաբերմունք է ցույց տրվում, որը իրականում պայմանավորված է ԱՄՆ-Եվրոպա և Ռուսաստան հարաբերություններով: Պատգամավորի մեկնաբանմամբ` քանի որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, հենց որ նրանց հարաբերությունները վատանում են, Հայաստանն է տուժում. "Եվրախորհուրդը չպետք է զրկի Հայաստանին ձայնից, իսկ եթե զրկի էլ, Հայստանը կշարունակի իր գործողությունները ժողովրդավարացման ուղղությամբ": Բացի այդ, պատգամավորը հռետորական հարց բարձրացրեց, թե ինչու դատավճիռներով հաստատված քաղբանտարկյալներ կան Ադրբեջանում, բայց նրան ձայնից չեն զրկում, իսկ երբ հերթը հասնում է Հայաստանին, նման վերաբերմունք է ցուցաբերվում: Ռաֆիկ Պետրոսյանին զարմացրել է ընդդիմության ուրախությունը, որը նա որակեց "հորթի հրճվանք". "Սա հայրենասեր մարդու վերաբերմունք չէ, քանի որ ձայնից զրկվում է ոչ թե պաշտոնատար անձ կամ իշխանությունը, այլ Հայաստանի Հանրապետությունը": Եվրախորհուրդում Հայաստանի նկատմամբ նման վերաբերմունքի ձևավորման մեջ ՀՀԿ պատգամավորի կարծիքով մեղքի իր բաժինն ունի նաև Հայաստանի պատվիրակությունը: Նա հիշեց, թե ժամանակին հայանպաստ ինչ հայտարարություններ էր անում և ինչ կրքոտությամբ էր պաշտպանում Հայաստանի շահերը Արտաշես Գեղամյանը` լինելով ընդդիմադիր: Իսկ հիմա հայկական պատվիրակությունը, որը, "բարեբախտաբար", հիմնականում իշխանությունից է կազմված, մատը մատին չի տալիս և ձևական մոտեցումներ է ցուցաբերում մեր շահերը պաշտպանելու հարցում, լռելյայն է արձագանքում բոլոր հայտարարություններին: Ըստ նրա` հանրապետական Դավիթ Հարությունյանը գոնե պետք է պաշտպաներ Հայաստանի շահերը` լինելով իշխող կուսակցության ներկայացուցիչ: Ռաֆիկ Պետրոսյանը եկել է այն համոզման, որ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանից բացի ուրիշ ոչ ոք "սրտացավորեն" չի աշխատում հանուն Հայաստանի շահերի: Նրա կարիքով` պետք է փոփոխություններ կատարել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում և պատվիրակության մեջ ընդգրկել "ավելի կոմպետենտ, միջազգային իրավունքին տիրապետող, հայրենասեր մարդկանց, որովհետեւ հարցը միայն օտար լեզու իմանալը չէ": Ըստ նրա` Ազգային ժողովում նման մոտ 30 մարդ կա, որոնցից կարելի է ընտրել: Հետքի հարցին` համաձայն է, արդյոք, Սամվել Նիկոյանի գնահատականի հետ, որ Հայատանին ձայնից զրկելու միակ բացասական հետևանքը այն է լինելու, որ Դավիթ Հարությունյանը չի քվեարկելու, Ռ. Պետրոսյանն արձագանքեց. "Հայաստանին ձայնից զրկելով` նախ վնաս է հասցվում Հայաստանի հեղինակությանը, որի վերականգնումը հետո շատ դժվար է լինելու, երկրորդ պատվիրակությանը նայելու են որպես իրենից ոչինչ չներկայացնող պետության պատվիրակության, բացի այդ` այն կունենա իր տնտեսական և քաղաքական ազդեցությունը և ոչ բացասական թեթև հետևանքները Հայաստանի վրա": Ի դեպ, Ռաֆիկ Պետրոսյանը չի բացառում, որ "կարող է գալ մի պահ, որ տեսնենք, որ բոլորովին ոտնահարվում է մեր ինքնիշխանությունը և դուրս գանք ԵԽ-ից: Ի տարբերություն ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի, ով Հայաստանը տեսնում է մուսուլմանական աշխարհի հետ համագործակցության մեջ, կամ, ըստ մեկ այլ պատգամավորի, Չինաստանի հետ դաշինքում, Ռաֆիկ Պետրոսյանն Հայաստանը տեսնում է Եվրոպայի և Ասիայի մեջտեղում, քանի որ մեր ժողովորդը ունի նաև ասիական մենթալիտետին բնորոշ տարրեր, իսկ եվրոպական արժեքների մեծ մասն առաջացել է Հայաստանում և տեղափոխվել Եվրոպա, "որից հիմա նրանք օգտվում են, իսկ մենք, դժբախտաբար, այդ ճանապարհին խարխափում ենք":

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter