HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ռաֆիկ Պետրոսյան. ««Յոթի գործ»-ով մեղադրողը հակասահմանադրական քայլ է արել»

14_01-r_petrosyanԱյսօր «Դե ֆակտո» ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, անդրադառնալով «Յոթի գործ»-ով գլխավոր մեղադրող Կորյուն Փիլոյանի առաջարկին` վտարել մեղադրյալներին, քանի որ նրանք խանգարում են դատավարության ընթացքը, ասաց, որ «եթե մեղադրյալ կողմը նման առաջարկ է արել, հակասահմանադրական, հակաօրինական առաջարկ է արել, քանի որ այսօր Քրեական օրենսգիրքը նման պայմաններում այլ սանկցիա, քան դատի հետաձգումը, թույլ չի տալիս»:Լրագրողները հիշեցրին, որ հղում է կատարվել միջազգային նորմերին: Ռաֆիկ Պետրոսյանն ասաց, որ միջազգային նորմերը Հայաստանում գործում են երկու եղանակով` կամ Հայաստանը միանում է պայմանագրի, որտեղ ուղղակիորեն նշված է այդ հարցը, կամ Հայաստանի ներքին օրենսդրության մեջ է մտնում միջազգային օրենսդրությունը, իսկ այս պարագայում Հայաստանը ոչ նման պայմանագրի է միացել, ոչ էլ մեր ներքին օրենսդրությունում նման դրույթ է ավելացվել: Ինչ վերաբերում է «Ոտքի', դատարանն է գալիս» խոսքերին ի պատասխան մեղադրյալների պահվածքին, Ռաֆիկ Պետրոսյանն ասաց. «Այդ մարդիկ չեն հարգում ո'չ Հայաստանի Հանրապետությունը, ո'չ օրենքը, ո'չ էլ դատարանին, մինչդեռ օրենսդրությամբ ամրագրված է, որ պետք է հոտնկայս դիմավորել դատարանին, քանի որ դա հարգանք է ոչ թե դատավորի, որին կարող են և չսիրել, այլ պետության և օրենքի նկատմամբ»: Ռ. Պետրոսյանի խոսքերով` մեղադրյալների այդ վարքագիծը հենց իրենց է վնասում. «Եթե վճիռը կայացված լիներ, և գործը ավարտված լիներ, շատ հավանական է, որ այսօր իշխանությունները համաներում կիրառած լինեին»: Ըստ նրա` «Յոթի գործ»-ով մեղադրյալները սրանով փորձում են «Եվրախորհրդի ջրաղացին ջուր լցնել, որ այդ ջրաղացը ավելի արագ պտտվի, բայց չեն հասկանում, որ ընդմիջումների կալանքը չի մտնում նրանց ընդհանուր կալանավորման ստաժի մեջ»: Հայաստանի օրենսդրության վերաբերյալ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Ռ. Պետրոսյանը հետեւյալ կարծիքն արտահայտեց. «Վերջին տարիներին Պետաիրավական հանձնաժողովը այնպես փչացրեց մեր օրենսդրությունը, որ մեր օրենսդրության վիճակը ուղղակի խայտառակություն է, և այսօր նա (նկատի ունի Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին - Հետք) չի ցանկանում, որ իր ներդրած ինստիտուտները, որոնց ստեղծումը զուտ սուբյեկտիվ նպատակներ է հետապնդել ժամանակին, այսօր հանվեն կամ շտկվեն»: Ըստ նրա` այդ օրենսդրությունը ժողովրդի «հերը անիծեց, և դա անողները երկամյա տեխնիկումի կրթություն ունեցող մարդիկ էին»: Ռաֆիկ Պետրոսյանն անդրադարձավ նաև դատական համակարգին`նշելով, որ այն ունի բազմաթիվ թերություններ, և իրենք մոտ 25 տարի աշխատում են դատական համակարգի ոչ ճիշտ կառուցման դեմ: Ըստ նրա` արդեն ահագին բանի հասել են, բայց արդարադատություն հիմնադրելու համար դեռևս ամենաքիչը 10 տարի է անհրաժեշտ, այն էլ այն դեպքում, եթե պետությունը ունենա հզոր նյութական և ֆինանսական միջոցներ, քանի որ արդարադատության հետ կապված խնդիրները պետք է լուծել ոչ թե խիստ պատիժներով, այլ տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ միջոցներով: «Օրինակ` երբ դատավորի աշխատավարձը կդառնա 10,000 դոլար և նա կվախենա կորցնել իր պաշտոնը»,- ասաց պատգամավորը: Հետքի հարցին` ինչու Եվրադատարանի վճիռների և դրանով նախատեսված գումարների համար, որոնք պետության բյուջեից են տրվում, դատավորները պատասխանատվության չեն կանչվում, Ռ. Պետրոսյանը պատասխանեց. «Գումարները փոխհատուցում է պետությունը, բայց այդ պետությունը զրկված չէ, իհարկե, իր ներպետական օրենսդրության համապատասխան պատասխանատվության ենթարկել դատավորին` մեկ, երկու` արդարադատության խորհրդի որոշմամբ ընդհանրապես ազատել պաշտոնից, և հնարավոր է, որ գա մի ժամանակ, որ նման բան մեր օրենսդրությամբ նախատեսվի, իսկ հիմա դատավորը չունի նման միջոցներ, որ թույլ տա սխալ և դրա համար վճարի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter