HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Արայիկ Հայրապետյանը խուսափել է հարկեր վճարելուց

Վերահսկիչ պալատը իր գործունեության ընթացքում 8 գործ է ուղարկել դատախազություն:ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ասում է, որ, սակայն, այդ գործերից «Սոկոլ գրուպի» մասով արդեն կար հարուցված քրեական գործ: Հիշեցնենք, որ «Սոկոլ Գրուպ»  ընկերությունը մանկատան շրջանավարտներին հատկացնում էր տներ, որոնք, ըստ ստուգումների արդյունքների, որակվել էին որպես  ապրուստի համար ոչ պիտանի եւ ընկերությունը մեղադրվում էր պետական բյուջեից հատկացրած գումարներն անարդյունավետ օգտագործելու եւ չարաշահումներ թույլ տալու մեջ: Մնացած 7-ի գործի մասով նյութերը դատախազություն ուղարկվել են  դեկտեմբերին եւ դրանցից միայն մեկի առիթով է հարուցվել դատական գործ, քանի որ մյուս գործերը դեռ ուսումնասիրվում են. «Գործը հարուցված է «Էջմիածինջրշինի» նկատմամբ 5 հոդվածներով»: Հիշեցնենք, որ այս ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին, մականունը՝ Ճոյտ:  «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության եւ «Էջմիածինջրշին» ՍՊ ընկերության միջեւ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերի համաձայն՝ «Էջմիածինջրշինը» պարտավորվել է իրականացնել 190.061.770 դրամի շինարարական աշխատանքներ, որի ընթացքում կապալառու կազմակերպության կողմից աշխատանքների ծավալների հավելագրումներ կատարելու միջոցով խաբեությամբ հափշտակվել է պետական բյուջեի առանձնապես խոշոր չափի՝ 32.237.4 հազ. դրամ գումարը: Գեղարքունիք կատարած  այցի ժամանակ Վերահսկիչ պալատը հրապարակել էր, որ 47 հա հողատարածք Սեւանի տարածքում տրամադրվել էր «Լավանդա Սիթի» ընկերությանը տարեկան 14 դրամով եւ հավանաբար «Լավանդա Սիթին» տնակները վաճառելիս հարկերի որոշակի ծավալից խուսափում է: «Լավանդա Սիթիի«  սեփականատեր  Արայիկ Հայրապետյանը հայտարարել էր, թե որեւէ մեկը ստուգում չի անցկացրել իր ընկերությունում , բայց Վերահսկիչ պալատը հայտարարություններ է արել ու վարկաբեկել իր անունը(Հիշեցենենք, որ  Արայիկը Հայրապետյանը գլխավոր դատախազ  Աղվան Հովսեփյանի մտերիմներից է): Հայրապետյանը հայտարարել է, թե ինքը հարկերը ոչ միայն պակաս չի վճարել, այլ նույնիսկ գուցե վճարել է պետք եղածից ավելի: Իշխան Զաքարյանը այսօր ասաց, որ իրենք ստուգել են ոչ թե «Լավանդա Սիթի» ընկերության գործունեությունը, այլ` Սեւանի քաղաքապետարանի,  եւ պարզել, որ ամսեկան 1.2 դրամով 47 հա է վարձակալությամբ տրամադրվել Արայիկ Հայրապետյանին, քանի որ 2006թ «Լավանդա Սիթի» ընկերությունը դեռ չկար: Այնուհետեւ տրվել է շինթույլտվություն եւ տնակներ են կառուցվել 1902 նիշի վրա, մինչդեռ օրենքով չի թույլատրվում 1908 նիշից ցածր շինարարություն ծավալել: Վերահսկիչ պալատի նախագահը ներկայացրեց «Լավանդա Սիթի» ընկերության  գործունեությունը:  Պետական եկամուտների կոմիտեից Ի. Զաքարյանը իր հարցմանի ի պատասխանն ստացել է տեղեկանք. «Ըստ տրամադրված տեղեկանքի`  Արայիկ Հայրապետյանը որպես անհատ ձեռներեց գրանցվել է 2006թ Պետռեգիստրի Սեւանի տարածքային բաժնում, եւ նա 2006 թ, ըստ այդ տեղեկանքի, գործունեություն չի ծավալել, այսինքն հարկային տեսչություն հաշվետվություն չի ներկայացրել եւ վճարումներ էլ չի իրականացրել»: Ըստ նույն պաշտոնական գրության` 2007թ ապրիլի  20-ին Արայիկ Հայրապետյանը հիմնադրել է «Լավանդա սիթի» ընկերությունը: Ըստ կադաստրի կոմիտեից իրեն տրամադրած տեղեկանքի էլ` ընկերությունը վաճառել է  232 տնակ, որից 63-ը` 2006թ,այն դեպքում, երբ, համաձայն  հարկային տեսչության տեղեկանքի, անհատ ձեռներեցը 2006թ որեւէ վճարում չի կատարել: Ընկերությունը  2007թ վաճառել է 99 տնակ, իսկ 2008թ` 68-ը, ընդհանուր առմամբ 232 տնակ է վաճառվել, սակայն 71 քմ  տնակը`  78 քմ հողատարածքով, ըստ նոտարական գրասենյակի տվյալների, մի դեպքում վաճառվել է  13 մլն, մի այլ դեպքում 11մլն, իսկ երրորդ դեպքում էլ 1մլն 900 000 դրամով, իսկ որն է սրա տրամաբանությունը, երբ տարածքը նույն վայրում է. «Հարկային դաշտից խուսափում է»,-ասում է Ի. Զաքարյանը: Ըստ Կադաստրի պետական կոմիտեի տվյալների` ընկերությունը 1 մլրդ 280 մլն դրամ է ստացել տնակների  վաճառքից, իսկ, ըստ պետական եկամուտների ծառայության տվյալի, «Լավանդա Սիթի» ցույց է տվել մոտ 89 միլիոն 246 հազար դրամի շրջանառություն, որից էլ ընդամենը 270 հազար դրամի չափ շահույթ է ունեցել եւ 2007թ  վճարել է ընդամենը 54 հազար դրամի չափ շահութահարկ: Իշխան Զաքարյանը գործը ուղարկել է դատախազություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter