Ավագանին ԳԱԼԱ-ից պահանջում է 100 000 դրամ վարձավճար
Գյումրիի քաղաքապետարանը շարունակում է վիճաբանել հեռուստաաշտարակի համար
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրիի քաղաքապետարանի և ԳԱԼԱ հեռուստաընկերության միջև հեռուստաաշտարակի համար ծագած վիճաբանությունը: Հիշեցնենք, որ 2008թ. նոյեմբերին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը անսպասելի սեփականաշնորհեց տիրազուրկ հեռուստաաշտարակը ու այն ազատելու պահանջով դատի տվեց հեռուստաընկերությանը: Հեռուստաընկերության ղեկավարությունն էլ, սա համարելով քաղաքական հալածանք, հակընդդեմ հայց ներկայացրեց քաղաքապետարանի դեմ, սակայն բավարարվեց քաղաքապետարանի պահանջը: Գործը հասավ Վճռաբեկ դատարան, ու միջազգային ճնշումների ներքո այն նորից քննության ուղարկվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Թվում էր, թե այս ամենից հետո այսօր Գյումրիի քաղաքապետարանը պիտի հետ վերցներ իր հայցը` հաշտության պայմանագիր կնքելով ԳԱԼԱ-ի հետ: Սակայն դատը սկսվելուն պես հայտնի դարձավ, որ նորընտիր ավագանին խիստ գաղտի` 2008թ. դեկտեմբերի 25 –ին, առանց ԳԱԼԱ-ի սեփականատիրոջ համաձայնության որոշում է կայացրել հեռուստաաշտարակը անկախ լրատվական ալիքին տրամադրել ամսական հարյուր հազար դրամ վարձակալությամբ: Հետաքրքիրն այն է, որ ավագանին որոշել է հեռուստաաշտարակի ամբողջ տարածքը տրամադրել հեռուստաընկերությանը` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ԳԱԼԱ-ն զբաղեցնում է դրա մի մասը: Ավագանու որոշումը պարունակում է մի քանի զավեշտալի կետեր. օրինակ` գրված է, որ հեռուստաաշտարակի տարածքի գույքը պատկանում է Կումայրի արգելոց թանգարանին, հետևաբար ԳԱԼԱ-ն պարտավոր է տարածքը ազատել քաղաքապետարանի առաջին իսկ պահանջով: Իսկ թե ինչ պատմամշակութային արժեք է ներկայացնում հեռուստաշտարակը, և որ օրվանից է այն դարձել արգելոցի անբաժանելի մաս, անհայտ է նույնիսկ պատմաբաններին:
Ավագանու որոշման մեջ տեղ գտած այս կետը միակ զարմանալի ձևակերպումը չէ. ավագանին մի տեղ որոշում է, որ հեռուստաաշտարակը պետք է տրամադրել հեռուստաընկերությանը` ամսական պահանջելով հարյուր հազար դրամ վարձավճար, մեկ այլ տեղ այդ վճարը պահանջում է մեկ տարվա համար: Իսկ ամենաաբսուրդն այն է, որ թեև ավագանին որոշում կայացնելուց հետո ԳԱԼԱ-ի սեփականատեր Վահան Խաչատրյանին առաջարկել է երկօրյա ժամկետում ներկայանալ քաղաքապետարան` պայմանագիր կնքելու, սակայն այն հեռուստաընկերության սեփականատիրոջն ուղարկել է դատական նիստից կես ժամ առաջ: Եվ քանի որ ավագանու որոշումը թիվ չուներ, կասկած առաջացրեց ԳԱԼԱ-ի ներկայացուցիչների մոտ` կայացել է, արդյոք, ավագանու որոշում, թե զուտ ձևական, սարքովի փաստաթուղթ է:
Մեկնաբանելով այս որոշումը` ԳԱԼԱ-ի շահերի պաշտպան Կարեն Թումանյանն ասաց. "Ես ունեմ փաստաթուղթ իմ ձեռքին, որ այս հեռուստաաշտարակը իրենց հաշվեկշռային արժեքում արժե 760 000 դրամ, հիմա տրամաբանության ձևով 760 000 դրամանոց գույքը արդյոք արժե հարյուր հազար դրամ ամիսը, դա տարեկան կազմում է մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ, այսինքն` իր արժեքից բարձր գին են իրենք ուզում: Իսկ թե ավագանու նիստ եղել է, չի եղել, չեմ ուզում նման կարծիքներով ծանրաբեռնվել, օրակարգում ով է առաջ քաշել հարցը, արդյոք հրապարակվել է օրակարգը: Ես չգիտեմ մի դեպք, որ, օրինակ, մարդը տանը նստած լինի և իր համար իրավունք սահմանեն` անցանկալի վիճակում, իրավունքը կամ լինում է, կամ չի լինում: Ըստ այդ նախագծի` ԳԱԼԱ-ին տրամադրում են ամբողջ հեռուստաաշտարակը, իսկ ԳԱԼԱ-ի սեփականատերը ամբողջական ինֆորմացիա չունի հեռուստաաշտարակի մասին, նա միայն մի մասն է զբաղեցնում, իսկ մյուս մասերը միգուցե այլ սուբյեկտներ են զբաղեցնում, բայց պարտադրում են, որ պահպանման ծախսերը պետք է կրի ԳԱԼԱ-ն: Դա չի բխում Քաղաքացիական օրենսգրքից, որովհետև սեփականատերն է կրում պահպանման ծախսերը"՚:
Քաղաքապետարանի իրավաբան Արա Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. "Հարյուր հազար դրամը մեր տեղեկություններով շատ ավելի պակաս է, քան այլ հեռուստաընկերություններ վճարում են Գյումրի քաղաքում գտնվող մեկ այլ հեռուստաաշտարակ վարձակալելու համար: Նրանք տարի, տարի ու կես դիմում էին քաղաքապետարանին, մենք էլ պատրաստ ենք վարձակալության տրամադրել, բայց հիմա դեմ են վարձակալությանը և պնդում են իրենց հայցապահանջը` մի կողմից պահանջում են հարկադիր սերվիտուտ և կարծես թե ուզում են անվճար, մյուս կողմից էլ հեռուստաընկերության նախագահը դիմում է քաղաքապետարանին, ասում է` տվեք վարձակալական հիմունքներով, չգիտեմ`ոնց որ անձի երկվություն է ստացվում: Մենք միշտ ասում ենք` պատրաստ ենք վարձակալության տալ, ԳԱԼԱ-ն էլ ասում է` պատրաստ ենք, բայց չենք ուզում վճարել: ԳԱԼԱ-ն, ի վերջո, բիզնեսով է զբաղվում, շահույթ է ստանում, թող մաս հանի քաղաքի բյուջեին, ինչ է եղել":
ԳԱԼԱ-ի շահերի պաշտպան Կարեն Թումանյանն էլ հակադարձում է. "Բոլորն էլ բիզնես են անում, գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը ևս բիզնես է, բոլորը բիզնես է, էս պահին մեր կապիտալը պատկանում է Ռուսաստանին, ինչու, ասենք, Վահան Խաչատրյանի բիզնեսը ավելի քիչ նշանակություն ունի, քան Ռուսաստանինը: Ես բիզնեսի այսպիսի տարանջատումը չեմ կարող հասկանալ: Մեր ուզածն այն է, որ ԳԱԼԱ հեռուստաընկերության եթերը չդադարի, մենք իրավական տեսանկյունից ուզում ենք, որ ապահովագրված լինի այդ իրավունքը և սահմանվի հարկադիր սերվիտուտ, քանի որ իրենք են սկսել վեճը, փորձել են անջատել, մենք էլ հակառակն ենք արել, ասել ենք` օրենսդիրը ոչ միայն Ձեզ համար է իրավունք սահմանել, նաև մեզ համար, մենք էլ ունենք սերվիտուտ սահմանելու իրավունք, եթե դուք չեք ուզում հանգիստ, համերաշխ ձևով սերվիտուտ սահմանվի, մենք հարկադիր սերվիտուտ կպահանջենք":
Դատարանը բավարարեց ԳԱԼԱ-ի փաստաբանի երկու միջնորդությունները. առաջինով` ապացույց պահանջեցին Կադաստրի պետական կոմիտեի Գյումրիի տարածքային ստորաբաժանումից առ այն, թե Վազգեն Սարգսյան փողոցում կա, արդյոք, մեկ այլ հեռուստաաշտարակ, որից կարող է օգտվել ԳԱԼԱ-ն` 33-րդ կապուղին շահագործելու համար, իսկ երկրորդը հեռուստաաշտարակի տարածքում դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին էր: Դատարանը կասեցրեց գործի վարույթը` դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել