HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երկիր» միությունը կոչ է անում միջազգային հանրությանը անտարբեր չլինել Ջավախքի քաղաքական ակտիվիստների հալածանքների նկատմամբ

«Երկիր» միությունն իր մտահոgությունն է հայտնում Ջավախքում տեղի ունեցող քաղաքական դատավարություններում արձանագրվող խախտումների նկատմամբ որոշ իրավապաշտպան ատյանների կողմից ցուցաբերվող անտարբերության առնչությամբ: 2008թ. հուլիսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի Սամցխե-Ջավախքի Ախալքալաք քաղաքում չափազանց մութ եւ տարօրինակ հանգամանքերում տեղի ունեցած դեպքերը, այն է` շրջանի ոստիկանապետի տան հարեւանությամբ պայթյունը եւ ազգությամբ հայ երկու ոստիկանի սպանությունը, վրաց իշխանությունների կողմից օգտագործվեց որպես պատրվակ` «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական կառույցի եւ անձամբ այդ կառույցի առաջնորդ` Վահագն Չախալյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Ծեծի եւ բռնության գործադրմամբ ոստիկանություն բերման ենթարկվեցին եւ հարցաքննվեցին կառույցի տասնյակ անդամներ, փակվեց Դաշինքի հովանու ներքո գործող Երիտասարդական ռադիոն, կատարվեցին ապօրինի խուզարկություններ եւ ձերբակալություններ: Վերջապես, հուլիսի 21-ի վաղ առավոտյան վրաց հատուկջոկատայինները ներխուժեցին Վահագն Չախալյանի բնակարան եւ կալանավորեցին Վահագն Չախալյանին, նրա հորը եւ անչափահաս եղբորը: Վահագն Չախալյանին կալանավորելուց հետո վրացական իշխանություններն առ այսօր տարբեր պատրվակներով ձգձգում են դատավարության անցկացումը: Այսպես, թեեւ Վահագն Չախալյանի դեմ հարուցված գործը (նրան մեղադրանքներ են առաջադրվել Վրաստանի քրօրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում), 225 հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում), 226 հոդվածով (հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառման կազմակերպում), 353 հոդվածի 2-րդ մասով (ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրություն) եւ 239-րդ հոդվածի 2-րդ մասի Ա եւ Բ կետերով (խուլիգանություն… կատարված Ա/ խմբակային համաձայնությամբ. Բ/ պետական պաշտոնյայի դեմ)) մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվեց դեռեւս 2008թ. օգոստոսի 8-ին, սակայն այն Ախալցխայի դատարանի վարույթ ընդգրկվեց սեպտեմբերի 17-ին, իսկ գործով դատական առաջին նիստը կայացավ նոյեմբերի 6-ին` դատավորի նախաձեռնությամբ անմիջապես հետաձգվելով մինչեւ նոյեմբերի 19-ը: Ժամանակագրական առումով դատական վերջին (երրորդ) նիստը կայացավ դեկտեմբերի 3-ին: Նիստի ընթացքում մեղադրող կողմը հայտնեց դատարանին, որ Վահագն Չախալյանի դեմ հարուցվել են նոր քրեական գործեր` 2006թ. մարտին տեղի ունեցած ինչ-որ դեպքերի փաստերով: Դատավորն անմիջապես հետաձգեց Չախալյանի գործով դատավարությունը անորոշ ժամանակով: Առ այսօր պաշտպանական կողմից բոլոր դիմումները տրամադրել նոր քրեական գործերի նյութերը եւ վերսկսել դատավարությունը մնում են անպատասխան: Փաստորեն, Վահագն Չախալյանի կալանքից անցած գրեթե վեց ամիս հետո դատավարությունն էստ էության չի էլ սկսվել: Փոխարենը, վրացական իշխանությունները շարունակում են քաղաքական եւ տնտեսական ճնշումներ գործադրել «Միասնական Ջավախք»-ի անդամների եւ համակիրների, ինչպես նաեւ Վահագն Չախալյանի ազգականների եւ ընկերների նկատմամբ: Հարուցվում են նոր քրեական գործեր, արագացված ու մութ պայմաններում անցկացվում են դատավարություններ եւ ընդունվում են մեղադրական եզրակացությունները հաստատող դատավճիռներ: Իշխանությունների կողմից նաեւ արհեստական դժվարություններ են հարուցվում ֆրանսիացի հայտնի փաստաբան Պատրիկ Արաբյանին որպես Վահագն Չախալյանի պաշտպան գրանցելու հարցում: «Երկիր» միությունը բազմիցս դիմել էր միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին, պահանջելով, մասնավորապես` ա) ճանաչել Վահագն Չախալյանին, ինչպես նաեւ` առնչվող գործերով քրեական հետապնդման ենթարկվող անձանց քաղբանտարկյալներ, բ) անհապաղ հետաքննել Ջավախքում մարդու իրավունքների համակարգված եւ շարունակական բնույթ ստացած խախտումները, գ) համապատասխան ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա` ջավախքահայ քաղաքական գործիչների նկատմամբ հալածանքները դադարեցնելու եւ ջավախքահայ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ, դ) վերահսկել դատական գործընթացը: «Երկիր» միության դիմումին արձանագրեցին մի շարք ատյաններ: Մասնավորապես, ԵԱՀԿ վրաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները դիտորդներ ուղարկեցին ջավախքահայ քաղաքական գործիչների նկատմամբ ընթացող դատական նիստերին: Սակայն, ի տարբերություն այլ կառույցների` Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգի գրասենյակը եւ «Ամնեսթի Ինթերնեշնլ» իրավապաշտպան կազմակերպությունը որեւէ կերպ չեն արձագանքել «Երկիր» միության դիմումներին, հակառակ նրան, որ դա նշված ատյանների առաքելությունն է: Արդ, «Երկիր» միությունը, ցանկանալով հավատալ, որ աղաղակող խախտումներով ուղեկցվող ջավախքահայ քաղաքական ակտիվիստների դատավարությունների նկատմամբ նշված ատյանների կողմից ցուցաբերվող այս տարօրինակ լռությունը պայմանավորված է բացառապես տեխնիկական պատճառներով եւ դրա տակ որեւէ այլ միտում թաքնված չէ, նորից դիմում է Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին, ինչպես նաեւ «Ամնեսթի Ինթերնեշնլ» իրավապաշտպան կազմակերպությանը` կոչ անելով պատշաճ արձագանքել 2008թ. հուլիսից առ այսօր ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի շուրջ ինչպես դատարանի դահլիճում, այնպես էլ դրանից դուրս տեղի ունեցող գործընթացներին: «Երկիր» միությունն ահազանգում է, որ այս ճգնաժամի նկատմամբ միջազգային հանրության կողմից ցույց տրվող անտարբերությունը գործնականում արտոնում է վրացական իշխանություններին էլ ավելի ուժեղացնելու ճնշումը ջավախքահայ քաղաքական ակտիվիստների եւ նրանց ընտանիքի անդամների եւ համակիրների նկատմամբ` հանգեցնելով իրավիճակի հետագա սրմանը եւ գործընթացների անվերահսկելի զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter