HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճապոնիայի կառավարությունն օժանդակում է

ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության եւ Լճավանի համայնքի միջեւ կնքվել է համաձայնագիր` Լճավան համայնքում խմելու ջրի համակարգի բարելավման համար Ճապոնիայի կառավարության կողմից 66 հազար 620 դոլար հատկացնելու վերաբերյալ: Գումարը կուղղվի Լճավանում խմելու ջրի մատակարարման նոր պոմպի տեղադրմանը: Այս մասին հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ` ակնկալվում է նաեւ Ճապոնիայի կառավարությունից ստանալ վարկային միջոցներ` հանրապետության 151 գյուղական բնակավայրերի խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման համար: Այդ ուղղությամբ հայկական եւ ճապոնական կողմերի միջեւ ընթանում են բանակցություններ: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի` Հայաստանի գյուղական բնակավայրերից գրեթե 580-ը չի սպասարկվում նշված կոմիտեի կողմից: Այդ բնակավայրերից 153-ում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության օժանդակությամբ իրականացվել է կարիքների գնահատում եւ վիճակի ուսումնասիրություն: Ուսումնասիրված համայնքներում խմելու ջրի համակարգի բարելավման կարիքները գնահատվել են շուրջ 144 մլն դոլար: Այդ գումարն ակնկալվում է արտոնյալ պայմաններով վարկի տեսքով ստանալ Ճապոնիայի կառավարությունից 2 փուլով, ընդ որում` ՀՀ կառավարությունը եւս պետք է հանդես գա համաֆինանսավորմամբ: Առաջին փուլում` շուրջ 75 մլն դոլար գումարի շրջանակներում, որից 53 մլն դոլարը պետք է լինեն վարկային միջոցներ, մնացածը` ՀՀ կառավարության համաֆինանսավորում, կբարելավվեն Տավուշի եւ Գեղարքունիքի գյուղական համայնքների ջրամատակարարման համակարգերը: Երկրորդ փուլում` շուրջ 68 մլն դոլարի շրջանակներում, որից 48 մլն դոլարը պետք է լինեն վարկային միջոցներ, մնացածը` ՀՀ կառավարության համաֆինանսավորում, կբարելավվեն Արագածոտնի եւ Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը: Այժմ քննարկվում են վարկերի ստացման այլ պայմանները: Ա. Անդրեասյանի խոսքով` ՀՀ կառավարության վերջնական հավանությունից հետո այդ նախագիծը կներկայացվի նաեւ Ճապոնիայի կառավարության վերջնական հաստատմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter