Ադրբեջան. Ալիեւի համախոհների «իշխանատենչ նկրտումները»
Ընդդիմությունը ցասումով է ընդունել Ադրբեջանի նախագահի իրավասությունների ժամկետի վերանայման նախագիծը
Ադրբեջանի ընդդիմության առաջնորդները ցասումով են ընդունել նախագահական իրավասությունները երկրորդ ժամկետից հետո կասեցնող սահմանադրական արգելքը վերացնելու նախագիծը. նրանց կարծիքով սա ոչ այլ ինչ է, քան Իլհամ Ալիեևի համախոհների կողմից իշխանությունը բացեիբաց զավթելու փորձ:
Վերլուծաբանների կարծիքով այս նախագծերի վերաբերյալ մարտի 18-ին նախատեսված հանրաքվեն, անկասկած, լինելու է Ալիեւի օգտին, այսպիսով նրան հնարավորության ընձեռելով մնալ նախագահական աթոռին 2013-ից հետո, մինչդեռ ներկայիս սահմանադրության համաձայն, այդ ժամկետից հետո նա երրորդ անգամ ընտրվելու իրավունք չէր ունենալու:
«Անհատի երրորդ անգամ ընտրվելու ցանկության սահմանափակումը հանդիսանում է ոչ միայն նրա, այլեւ քվեարկողների իրավունքների խախտում: Հետեւաբար, սահմանադրական այս արգելքը պետք է վերացնել»,-հայտարարել է Ֆազալի Աղամալին, խորհրդարանում «Անա Վեթեն» կուսակցության ներկայացուցիչներից մեկը, երբ այս հարցն առաջին անգամ բարձրացվեց 2006-ին:
Ալիեւը նախագահական աթոռը ժառանգել է 2003-ին հորից` Հեյդար Ալիեւից, որը կարողացել էր ավելի քան երկու տասնամյակ պահպանել իր իշխանությունը երկրում: Նախնական վերլուծությունների համաձայն, Ալիեւը թողնելու էր պաշտոնը 2013-ին, որպես նախագահական թեկնածու առաջադրելով իր կնոջը` Մեհրիբանին, սակայն հոկտեմբերի ընտրություններին նրա լիակատար հաղթանակը փոխեց կառավարության ռազմավարությունը:
Սկզբում կառավարությունն ընդհանրապես անտեսում էր սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ակնարկները, սակայն հետո միանգամից ձեռնարկեց այս նախագիծը` ներկայացնելով խորհրադանի քննարկամանը:
Խորհրդարանը, որտեղ նախագահամետ «Նոր Ադրբեջան» կուսակցությունը մեծամասնություն է կազմում, դեկտեմբերի 26-ին հաստատեց նախագիծը` արագընթաց քննարկումից հետո 100 կողմ եւ 7 դեմ ձայների քվեարկությամբ: Սահմանադրական դատարանը նույնպես տվել էր իր համաձայնությունը:
Ընդդիմության առաջնորդները, ովքեր բոյկոտել էին հոկտեմբերի ընտրությունները, որոնց ժամանակ Ալիեւը հաղթել էր ձայների բացարձակ մեծամասնությամբ` 89 տոկոսով, պարզապես ցասումով են լցվել:
«Այս ամենը մեր ուշադրությունն ավելի կարեւոր հարցերից շեղելու միտում ունի: Փոփոխությունները նախաձեռնող «Նոր Ադրբեջան»-ի կառավարության միակ եւ ամենակարեւոր նպատակն է անել ամեն հնարավորը Իլհամ Ալիեւին հավերժական նախագահական աթոռ տրամադրելու համար»,-նշել է «Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:
Ընդդիմադիրները գտնում են, որ նախատեսվող սահմանադրական փոփոխությունների շնորհիվ ոչ միայն նախագահական լիազորությունների ժամկետներն են վերացվելու. նրանք ավելի մեծ հեռանկարներ ունեն: Նախ եւ առաջ կարգելվի նախագահական ընտրությունների անցկացումը պատերազմերի ժամանակ, համապատասխանաբար կերկարացվի նախագահի եւ խորհրդարանի լիազորությունների ժամկետը, ինչպես նաեւ կարգելվի մարդկանց կամքին հակառակ նրանց նկարահանելն ու ձայնագրելը: Այնուհետեւ կփոփոխվեն մի շարք պետական մարմինների անունները եւ կկատարվեն որոշ աննշան ճշգրտումներ:
Այնուամենայնիվ, վերլուծաբանների կարծիքով փոփոխությունների հիմնական նշանակետն ուղղված է նախագահական լիազորությունների ժամկետին:
«Կարծում եմ, նախքան այս փոփոխությունների նախագիծը հանրաքվեին ներկայացնելը, անհրաժեշտ է հասարակական լայն քննարկումներ կազմակերպել, սակայն նման բանի դեռեւս ականատես չենք եղել: Նման հարցերում շտապողականություն դրսեւորելն այնքան էլ օգտակար չէ մի երկրի համար, որը հայտարարում է, թե հետեւում է եվրոպական ժողովորդավարական արժեքներին», նշում է անկախ քաղաքական վերլուծաբան Ռասիմ Մուսաբեկովը:
«Միանգամայն պարզ է, որ մյուս բոլոր փոփոխությունները ընդամենը ֆոն են ստեղծում սահմանադրության ամենակարեւոր կետի փոփոխման համար, որը թույլ կտա վերացնել սահմանափակումները նախահագական լիազորությունների ժամկետների վերաբերյալ: Սա է հանրաքվեի ամբողջ իմաստը»:
Մեկ այլ ընդդիմադիր կուսակցությունը` «Մուսավաթ»-ը, Սահմանադրական Դատարանի շենքի մոտ փորձեց ցույց կազմակերպել դեկտեմբերի 24-ին, սակայն փողոցային ոստիկանության հատուկ ջոկատը բռնի կերպով կասեցրեց բողոքի ակցիան:
Մի քանի օր անց, մի շարք առաջադիմական խմբերի ներկայացուցիչներ հայտարարեցին, որ պատրաստվում են «Իրական այլընտրանք» առաջավոր կազամկերպություն ստեղծել եւ հունվարի 23-ին ցույց կազմակերպել Ադրբեջանի երկրորդ խոշոր քաղաքում` յանջայում: Նրանք պատարաստվում են բողոքել իրենց կարծիքով երկրում միապետական կարգերի տարածման նման միտումների դեմ:
«Երկրի տնտեսական ոլորտում մասնավոր մոնոպալիաները սովորական երեւույթ են դարձել, ինչպես ժամանակին միջնադարյան Եվրոպայում: Արդյունքում` քաղաքական կյանքում համարյա թե վերացել է մրցակցությունը … Միակ ելքը երկրի համար մեծ վտանգ ներկայացնող այս իրադրությունից իսկական հանրապետության ստեղծումն է՚, նշվում է առաջադիմական ուղերձում:
Այնուամենայնիվ, վերլուծաբան Մուսաբեկովի կարծիքով դժվար թե այս նախաձեռնությունը հասարակական մեծ աջակցություն ստանա: Ադրբեջանցիներից շատերն ընդհանրապես չեն հետաքրքրվում քաղաքականությամբ եւ նախընտրում են հեռու մնալ բողոքի ցույցերից, որոնք այնքան դաժանաբար են ճնշվել անցյալում:
«Նախագահական ընտրությունների ժամանակ հասարակությունը բավական պասիվ էր, բայց սա բոլորովին չխանգարեց Ալիեւին վերընտրվել»,-նշում է վերլուծաբանը:
Նրա կարծիքը մեծապես համընկնում էր Բաքվում անցկացված ընտրովի հարցմանը մասնակցող անցորդների տեսակետի հետ: IWPR-ի հարցերին պատասխանող մարդիկ կամ պարզապես չէին հասկանում հանրաքվեի իմաստը, կամ բավական ծաղրական հայացքներ ունեին կառավարության նախաձեռնությունների վերաբերյալ կամ ընդհանրապես չէին հետաքրքրվում այս ամենով:
«Ուզում եմ արժանավայել կյանք ունենալ պատշաճ երկրում, որպեսզի կարողանամ մեծացնել երեխաներիս: Սակայն կոռուպցիան, ծանոթ-բարեկամ կապերը, եւ տիրող անօրենությունը ուղղակի թույլ չեն տալիս անել այդ: Հուսով եմ, հինգ տարի հետո կկարողանանք որպես մեկ միասնական ազգ ընտրել մեր նախագահին եւ կառավարությանը: Սակայն, ներկայիս իշխանությունները կարծես որոշել են անել ամեն հնարավորը` հավերժ իրենց աթոռներին նստելու համար»,-ասում է բաքվի 35-ամյա բնակիչ Ջահանգիր Ռուստամովը:
Իդրակ Աբասսովը Բաքվի «Զերկալո» թերթի լրագրող է
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի IWPR «Կովկասյան լրատու» պարբերականից www.iwpr.net :
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել