Ստացվել է բիզնես ծրագրերի շուրջ 70 հայտ
Այսօր գործադիրը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչ օրակարգին անցնելը, վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ մասնավոր հատվածի օժանդակության ծրագրերի քննարկման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբն սկսել է իր աշխատանքները, եւ արդեն ստացվել է բիզնես ծրագրերի շուրջ 70 հայտ: Այս մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: «Այդ 70 ծրագրերի զգալի մասն ուղարկվել է լրամշակման, քանի որ ներկայացված տեղեկատվությունը եւ վերլուծությունները չէին բավարարում մեր աշխատանքային խմբի պահանջներին։ Կան հայտեր, որոնք մերժվել են, իսկ այն ծրագրերը, որոնք բավականին հետաքրքրական են թվում մեզ, դրանք անցել են քննարկումների երկրորդ փուլ։ Այստեղ լինելու է պետության աջակցությունը, որպեսզի այդ ծրագրերը կյանքի կոչվեն հնարավորին չափ շուտ»,- ասել է վարչապետը եւ նշել, որ հիմնական շեշտադրումն արվելու է ներմուծման փոխադրելիության վրա։ Նրա խոսքերով` այս ոլորտում էական անելիքներ ունի հատկապես գյուղնախարարությունը։
«Երկրորդ ուղղությունը` մեր հայրենական արտադրողների կարողության ուժեղացումն է, մասնավորապես, որոնք ունեն արտահանման ուղղվածություն։ Այստեղ նույնպես մենք ունենք մեծ անելիքներ։ Անցած տարի տրված էր հանձնարարություն էկոնոմիկայի նախարարությանը, որ պետք է սկսենք քննարկել մեր արդյունաբերական քաղաքականությունը, այդ թվում նաեւ` ըստ ճյուղերի։ Հաջորդ շաբաթ մենք սկսում ենք քննարկումները` հրավիրելով նաեւ ճյուղերի հիմնական ձեռնարկությունների ներկայացուցիչներին։ Քննարկելու ենք քիմիական արդյունաբերության զարգացման խնդիրները, թեթեւ արդյունաբերության, սննդի արդյունաբերության խնդիրները եւ հետագայում ըստ ճյուղերի անդրադառնալու ենք»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Նա հատուկ ընդգծել է, որ հայաստանում կա պրոյեկտ-մենեջերների պակաս, եւ շատ գաղափարներ չեն իրականանում այն պարզ պատճառով, որ այդ գաղափարներն իրականացնող պատրաստի ղեկավարներ չկան, ովքեր կարող են այդ գաղափարից դուրս բերել բիզնես նախագիծ։
«Այդ առումով պետք է ուշադրություն դարձնենք ներկայացված հայտերին ու առաջին հերթին օժանդակություն ցույց տանք նշված բացը լրացնելու համար», - ասել է վարչապետ Սարգսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել