Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին
Այսօր Երեւան են ժամանել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը, Ժորժ Կոլոմբիեն եւ հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնը: Արդեն նրանց հետ հանդիպել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին, գործով որպես մեղադրյալներ ներգրավված անձանց առաջադրված մեղադրանքներին եւ նրանց կողմից կատարված գործողություններին տրված իրավական գնահատականներին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ նախաքննության առաջին 6 ամիսների ընթացքում ավարտվել է նախնական կալանքի տակ գտնվող բոլոր մեղադրյալների մասով նախաքննությունը եւ ընդհանուր առմամբ դատարան է ուղարկվել 90 քրեական գործ՝ 111 անձի վերաբերյալ: Նա նշել է, որ նախաքննությունը կատարվել է ողջամիտ ժամկետում, որի ընթացքում ապահովվել են մեղադրյալների իրավունքների իրացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Համազեկուցողների խնդրանքով Աղվան Հովսեփյանն անդրադարձել է մասնավորապես Երեւանի քրեական դատարանի վարույթում քննվող «Յոթի գործի» մեղադրանքներին: Նա նշել է, որ «նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունները կազմակերպիչների համար եղել են ոչ թե ինքնանպատակ, այլ միջոց՝ պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելու համար»:
Հովսեփյանը պարզաբանել է, թե «նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել ոչ թե սպանություններ կատարելու, այլ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար»: Միաժամանակ նշվել է, որ մայրաքաղաքում մարտի 1-2-ին տեղի ունեցածը եւ դրանց նախորդած հանրահավաքները չի կարելի համարել խաղաղ, «քանի որ նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ դրանց մասնակիցները եղել են զինված, այդ թվում` մարմնական վնասվածքներ պատճառելու համար որպես զենք հարմարեցված մետաղական կոնստրուկցիաներով, որոնց պատրաստողն ու պատվիրողը նախաքննությամբ պարզվել է, ինչը հիմնավորվել է նաեւ դատական ակտերով»:
Գլխավոր դատախազը նշել է, որ դեռեւս դատաքննությունը չի սկսվել եւ դժվար է կանխատեսել դատաքննության ավարտը, թե դատարանը ինչպես կգնահատի նախաքննությամբ եւ դատաքննությամբ ձեռք բերված այս կամ այն ապացույցը, հիմնավորվա՞ծ կհամարի առաջադրված մեղադրանքները, թե՞ ոչ: Միաժամանակ տեղեկացրել է, որ մեղադրողները նույնպես կաշկանդված չեն նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով եւ մեղադրողների վերջնական դիրքորոշումը կձեւավորվի դատաքննության ընթացքում, քանի որ բացառված չէ, որ այս գործով դատաքննության ընթացքում նույնպես ձեռք բերվեն նոր ապացույցներ՝ մեղադրյալների արարքը արդարացնող կամ խստացնող, ինչպես մի շարք այլ քրեական գործերով:
Աղվան Հովսեփյանը նշել է նաեւ մի քանի վիճակագրական տվյալներ, որ նախաքննության ընթացքում 26 անձի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը եւ նրանց մասով քրեական գործերը կարճվել, 5 անձ արդարացվել է դատարանում, մի շարք այլ քրեական գործերով եղել են մասնակի արդարացումներ, վերաորակումներ ինչպես մեղադրյալի արարքը մեղմացնող, այնպես էլ ծանրացնող հոդվածներով:
Անդրադառնալով ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոցների հետեւանքով գրանցված մահվան դեպքերին՝ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ այս հարցը պարզաբանման համար քննությանն օգնելու խնդրանքով դատախազությունը դիմել է մի շարք միջազգային կառույցների օգնությանը, սակայն բոլոր այդ մարմինները, այդ թվում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակները, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հրաժարվել են տրամադրել փորձագետներ՝ նշելով, որ նման պրակտիկա եւ փորձագետներ, սարքավորումներ չունեն: Նամակագրական կապ է հաստատվել նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համմերբերգի առաջարկած մասնագետի հետ՝ նրան ուղարկելով անհրաժեշտ նյութերը՝ կիրառված հատուկ միջոցի տեխնիկական բնութագիրը, լուսանկարները, ինչպես նաեւ մահացած անձանց դիակներից հանված գազային բալոնների լուսանկարները, սակայն վերջինս նույնպես ասել է, որ նույնացում կատարել հնարավոր չէ:
«Նախաքննությունն ավարտվել է նախնական կալանքի տակ գտնվող մեղադրյալների մասով, իսկ մայր քրեական գործով նախաքննությունը Հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է եւ միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը ներգրավված այլ անձանց ի հայտ բերելու եւ նրանց, ինչպես նաեւ ոստիկանների գործողություններին իրավական գնահատական տալու, գրանցված 10 մահվան դեպքերի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»,- ասված է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել