Իրանը արաբական երկրներին միջամտության կոչ է անում
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կոչ է արել արաբական երկրների ղեկավարներին օգտագործել իրենց քաղաքական ազդեցությունը Իսրայելին ճնշելու համար: Նախագահը կարծում է, որ պետք է օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները, որպեսզի ստիպեն Իսրայելի իշխանություններին դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում:
Մահմուդ Ահմադինեժադը հերքել նաև այն տեղեկատվությունը, որ խորհուրդ է տվել «Համաս» խմբավորմանը հրաժարվել Եգիպտոսի առաջարկից` դադարեցնելու ռազմական գործողությունները, որը եգիպտական դիվանագիտական աղբյուրների տեղեկություններով` «Համասն» ընդունել էր:
Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ առաջարկված բանաձևի համաձայն` կողմերը անհապաղ պետք է հայտարարեին հաշտեցման մասին և նստեին բանակցությունների սեղանի շուրջ, որի արդյունքը պետք է լիներ անհապաղ համաձայնագրի ստորագրումը: Այն պիտի ներառեր նաև Գազայի հատվածի շրջափակման վերացումը: Բանակացությունները պետք է տեղի ունենային չեզոք գոտում` Եգիպտոսում:
Եգիպտոսի նախագահ Խոսնի Մուբարակի այս առաջարկին դրական են արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը և Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը:
Գազայի շրջանում Իսրայելի և «Համաս» արմատական խմբավորման միջև ռազմական գործողությունները արդեն մոտ 2 շաբաթ է շարունակվում են: Վերջին տվյալներով` Պաղեստինի խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը մոտ 1000 է, 4000 մարդ վիրավորվել է: Իսրայելն ունի 13 զոհ, որոնցից 10-ը զինծառայողներ են:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 14 կողմ ձայներով (ԱՄՆ-ն` ձեռնպահ) հունվարի 9-ին ընդունել է բանաձև, որտեղ քննադատվում են կատարված բռնությունները Գազայի հատվածում և դրա շրջակայքում: Բանաձևով կոչ է արվել Իսրայելին դադարեցնել բռնությունները, իսկ կրակը դադարեցնելուց հետո դուրս բերել իսրայելական ուժերը Գազայի հատվածից: Սակայն Իսրայելը անտեսում է այս կոչը և շարունակում կրակի տակ պահել պաղեստինյան տարածքները:
Այսօր ուշ երեկոյան ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում կանցկացվի արտակարգ նիստ` նվիրված պաղեստինա-իսրայելյան կոնֆլիկտին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել