HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչ դատարանի նախագահն ամփոփել է աշխատանքները

Այսօր ԼՂՀ Վերաքննիչ դատարանի նախագահ Վլադիմիր Հովսեփյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ամփոփել է անցած տարվա կեսերից ստեղծված Վերաքննիչ դատարանի 6-ամսյա գործունեությունը: Մինչեւ վերաքննիչ դատարանի ստեղծումը 2002թվականից վերաքննությունը կատարվում էր Գերագույն դատարանում, որն ուներ 3 ատյաններ` Վերաքննիչ, Վճռաբեկ եւ Սահմանադրական: Սահմանադրությունից բխող դատաիրավական բարեփոխումներից առաջինը հենց եղավ Վերաքննիչ դատարանի ստեղծումը: Անցած 6 ամսվա ընթացքում, Վ.Հովսեփյանի տեղեկացմամբ, դատարան է մտել 122 քաղաքացիական գործ, որից 4 գործով վերաքննիչ բողոքները վերադարձվել են օրենքի պահանջներին չհամապատասխանելու հիմքով, իսկ 118 գործով ընդունվել է վարույթ, որից 94 գործով ընդունվել է վերջնական որոշումներ: Վիճակագրական տվյալներով, 2007թ. երկրորդ կիսամյակում ԼՂՀ առաջին ատյանի դատարանի դատաքննությամբ ավարտված եւ բողոքարկման ենթակա 967 քաղաքացիական գործերից վերաքննության կարգով բողոքարկվել է 90 վճիռ, իսկ 2008-ի երկրորդ կիսամյակում ստորադաս դատարանի կողմից ավատված 1111 քաղաքացիական գործերից վերաքննության կարգով բողոքարկվել է 118 վճիռ: «Վերաքննությամբ ավարտված 94 վերջնական դատական ակտերը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռների համեմատությամբ նույնաբովանդակ են 38 գործ, ամբողջովին այլ` 25, մասնակի այլ` 31 գործ: Վերաքննությամբ ավարտված մեր գործերից վճռաբեկության կարգով  բողոքարկվել են 17 քաղաքացիական գործ: 5 բողոք վերադարձվել է 3-ը բողոքաբերների խնդրանքով, 2-ը` քաղաքացիական դատավարության օրենսգրքին պահանջներին չհամապատասխանելու հիմքով: 2 բողոքով ՎԴ վճիռները բեկանվել եւ օրինական ուժ են տրվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի վճիռներին, 1 գործով վճռաբեկ բողոքը մերժվել է` ՎԴ դատական ակտը թողնելով իրավական ուժի մեջ, իսկ 1 գործով էլ բեկանվել է դատական ակտը եւ գործը ուղարկվել վերաքննիչ դատարան այլ կազմով նոր քննության»,-ասուլիսի ժամանակ նշել է Վերաքննիչ դատարանի նախագահը: Անդրադառնալով քրեական գործերին, նա նշել է, որ ստորադաս դատարանի կողմից դատաքննությամբ ավարտված 153 քրեական գործերից վերաքննության կարգով բողոքարկվել է 36 քրեական գործ (2007թ. 112-ից բողոքարկվել է 16 դատավճիռ): «Վերաքննությամբ ավարտված 28 քրեական գործերից 16-ը եղել են ծանր հանցագործություններ, 1-ը` առանձնապես ծանր, իսկ մնացածը միջին եւ ոչ միջին ծանրության»,-ավելացրել է նա: Առանձնապես ծանր հանցագործությունը կատարվել է Ստեփանակերտում. ոստիկանության աշխատակիցը շահադիտական դրդումներով մտել է քաղաքացու տուն` մոր եւ աղջկա նկատմամբ մահափորձ կատարել, որի համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter