Կոլոմբիեին եւ Պրեսկոտին հանդիպել է նաեւ նախագահ Սարգսյանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեին և Ջոն Պրեսկոտին: Քննարկվել են ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին ԵԽԽՎ լիագումար նիստից առաջ Հայաստան այցելության համար և ընդգծել, որ ժողովրդավարության հետագա խորացումը բխում է հենց Հայաստանի շահերից` բարձր գնահատելով Եվրոպայի Խորհրդի դերն այս ուղղությամբ: Երկրի ղեկավարը վերահաստատել է հայաստանյան իշխանությունների վճռականությունը բանաձևերի դրույթների իրականացման հարցում:
Հիշեցնենք, որ համազեկուցողները Երեւան են ժամանել այսօր եւ այցի շրջանակներում հանդիպումներ անցկացրել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, փորձագետների փաստահավաք խմբի անդամների, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեի հետ:
Այցի օրակարգում հանդիպումներ ընդդիմության ներկայացուցիչների հետ նախատեսված չէր: Համազեկուցողների գլխավորած պատվիրակությունը Երեւանից կհեռանա վաղը:
ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանից առաջ սա նրանց վերջին այցն է Հայաստան` իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Մոնիտորինգի հանձնաժողովն այցյալ տարվա դեկտեմբերի 17-ի իր նիստում առաջարկել էր Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից: Այդ հարցը կորոշվի ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի ժամանակ, որն անցկացվելու է հունվարի 26-30-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել