Կաշառք վերցնողը` դատական մարմինների աշխատակից
Կոռուպցիայի հետ կապված գործեր ԼՂՀ Վերաքննիչ դատարանի 6-ամսյա գործունեության ընթացքում չի ստացվել, բացառությամբ մեկ դեպքի: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԼՂՀ Վերաքննիչ դատարանի նախագահ Վլադիմիր Հովսեփյանը:
Իսկ բացառության «հեղինակը» հենց դատական մարմինների աշխատակից էր. Վերաքննիչ դատարան է մտել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական նիստերի քարտուղար Էլլա Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը:. Վերջինս կաշառք ստանալու պատրվակով դրամական միջոցներ է շորթել: «Ասկերանի նստավայրում առաջին ատյանի դատարանում քրեական գործ էր քննվում կոնկրետ անձի նկատմամբ: Դատավորը պահանջել է 3 տարի ժամկետով ազատազրկում, եւ երբ դատավորն անցել է խորհրդակցական սենյակ, դատական նիստերի քարտուղար Էլլա Հայրապետյանը, իմանալով որ դատավորը ամբաստանյալի նկատմամբ նշանակելու է պատիժ` ազատազրկման հետ չկապված, ներկայացել է ամբաստանյալի տուն եւ կնոջից 200 հազար դրամ պահանջել»,-պատմել է Վ.Հովսեփյանը: Նշված արարքի համար Էլլա Հայրապետյանն առաջին ատյանի դատարանի որոշմամբ ենթարկվել է 2 տարի ազատազրկման, բայց Վերաքննիչ դատարանը գործը քննելով եւ հաշվի առնելով, որ նա առաջին անգամ է ենթարկվում քրեական պատասխանատվության, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, ինչպես նաեւ խնամքին գտնվում է ծեր մայրը, Է.Հայրապետյանի նկատմամբ նշանակել է պայմանական պատիժ եւ սահմանել 2,5 տարի ստուգողական փորձաշրջան:
Պատասխանելով լրագրողի հարցին ՎԴ նախագահը շեշտել է, որ բժիշկների դեմ գործ Վերաքննիչ դատարան չի մտել: Իսկ դատարան մտած քաղաքացիական գործերի 30 տոկոսը գույքային հարցերով էր, 14 տոկոսը` բնակարանային, 13 տոկոսը` սեփականության, 6-ը հողատարածքների, ինչպես նաեւ ժառանգության եւ այլ ընտանեկան հարցերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել