HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յոթի գործ»-ի դատավարությունը հետաձգվեց մինչեւ հունվարի 30-ը

Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր «7-ի գործի» դատավարությունը: Դատավորը մտավ դատարան, մեղադրյալները կրկին ոտքի չկանգնեցին, և դատավորը 5-րդ անգամ նիստը հետաձգվեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի սանկցիայի կիրառմամբ: Դատական նիստի  «ավարտից» հետո դրսում հավաքված բազմությունը փորձում էր անցնել փողոցը և երթ կազմակերպել: Ոստիկանները սկզբից շրջապատել էին դատարանի մայթի վրա գտնվող մարդկանց, որպեսզի նրանք առաջ չգան: Երբ հավաքվածների մի մասին հաջողվեց անցնել փողոցը և առաջ գալ, ոստիկանները և կարմիր բերետավորները շրջափակեցին նաեւ մյուս ճամփեզրը և օղակեցին բազմությանը, իսկ ովքեր չենթարկվեցին և փորձեցին դուրս պրծնել օղակից, արժանացան ոստիկանների հարվածներին: Հիշեցնենք, որ «Յոթի գործի» դատավարության շրջանակներում «Սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու» համար մեղադրվում են նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, ՀՀՇ անդամ Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը եւ Շանթ Հարությունյանը: Հակոբ Հակոբյանի պաշտպան Գ. Առուստամյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի վիճակը ծայրահեղ վատ է, անընդհատ և սուր արտահայտված որովայնային ցավեր ունի: «Հակոբ Հակոբյանին որևէ բուժում չի ցուցաբերվում: Նրան չեն տեղափոխում հիվանդանոց, բայց բերում են դատական նիստերին»,-ասաց փաստաբանը: Գայանե Առուստամյանի կարծիքով, այդ ձգձգումները մեկ նպատակ են հետապնդում. «Պետությունը զբաղված է միայն դատախազի մեղադրանքները հաստատելու գործով, բայց չի հաստատել նախաքննության ընթացքում, չի հաստատելու նաև հետո»: Իսկ ԱԺ «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ, իշխանությունները հետաձգումների միջոցով ճանապարհ են հարթում դուրս գալ փակուղուց. «Փնտրում են ելքեր: Անընդհատ հետաձգելու արդյունքում այսօր հայտնվել ենք այս վիճակում, և այս պատճառով է, որ Եվրախորհուրդը կարող է պատժամիջոց կիրառել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter