2008-ին շեշտը դրվել է ժողովրդագրական վիճակի բարելավմանը
ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ազատյանն այսօր հանդիպել է լրագրողներին եւ ներկայացրել սոցապահովության բնագավառում 2008 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ունեցած ձեռքբերումները եւ ներկայացրել հետագա անելիքների մասին ամփոփ տեղեկատվություն:
Խոսելով 2008թ. աշխատանքների մասին նա շեշտել է, որ առավել մեծ ուշադրություն է դարձվել ժողովրդագրական վիճակի բարելավմանը, որը իշխանությունների կողմից հայտարարվել է պետական քաղաքականության գերակայություն եւ ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն տարր: Տարվա ընթացքում այդ նպատակով ստեղծվել են պետական ժողովրդագրական քաղաքականության մշակման եւ իրագործման մշտապես գործող բարձրագույն խորհուրդը եւ միգերատեսչական աշխատանքային խումբը:
Ժողովրդագրական քաղաքականության բաժին է ստեղծվել նաեւ նախարարության աշխատակազմում, որի կողմից մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի նախագիծը: Այս համատեքստում որպես դրսեւորում նախարարը մատնանշել է Արցախյան մեծ հարսանիքի կազմակերպումը` 700 նոր զույգի պսակադրությամբ:
Նարինե Ազատյանը տեղեկացրել է նաեւ, որ այս տարի նույնպես շարունակվելու է 2008-ի հունվարի 1-ից մեկնարկած` նորաստեղծ ընտանիքներին պետական աջակցության ծրագիրը, ըստ որի, նշված ընտանիքներին ամուսնության միանվագ նպաստ է տրամադրվում` 300 հազար դրամի չափով: 2008-ին գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 3056` վերջին տարիների 600-700-ի փոխարեն:
Նա նաեւ կարեւորել է ծնելիության եւ բազմազավակության խթանման ծրագրի վերանայումը, ըստ որի, 2008-ի հունվարի 1-ից ընտանիքներում 3-րդ, 4-րդ եւ հաջորդ երեխայի ծննդյան դեպքում բացվել են ժամկետային ավանդներ` 3-րդ երեխայի անվամբ 500 հազար, 4-րդ եւ հաջորդ երեխայի անվամբ` 700 հազար դրամի չափով, ինչպես նաեւ ծնողներին միանվագ հատկացվում են համապատասխան չափով գումարներ:
«6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող 30 ընտանիքների համար կառուցվել են նոր բնակելի տներ, որն իրականացվել է կապիտալ ներդրումների ծրագրով»,-ավելացրել է ԼՂՀ սոցապ նախարարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել