HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կովկաս. մասնատված տարածաշրջան

Թոմաս դե Վաալ Կարճաժամկետ շահերը թույլ չեն տալիս հույսեր փայփայել այս մասնատված տարածաշրջանի ինտենսիվ զարգացման համար: Կովկասը փոքրիկ եւ անհանգիստ տարածաշրջան է: Այստեղ ապրող տարբեր ազգերը՝ հայերը, վրացիները եւ ադրբեջանցիները կարող են Հյուսիսային կովկասի ռուսական մասի հետ ընդհանուր ջանքերի գնով ինտեգրված, միասնական տարածաշրջան ստեղծել: Դժբախտաբար, ոչ մի հստակ ընդհանուր նպատակ այսօր չի երեւում. կովկասյան տարածաշրջանն իր փակ սահմանների թնջուկներով ու հրադադարի գծերով իսկական ինքնասպանության պակտ է հիշեցնում: Սա է տխուր իրականությունը: Ոչ մի տեղ աշխարհում չկան այսքան սահմանային պահակակետեր, քան այստեղ: Հայ-ադրբեջանական եւ ռուս – վրացական սահմանները համարյա միշտ փակ են: Միայն երկու հարեւան երկրները՝ Վրաստանն ու Ադրբեջանը, կարելի է ասել, իսկապես մոտ հարաբերություններ ունեն, բայց նույնիսկ սա ավելի շուտ էներգետիկ քաղաքականության վրա է հիմնված, քան համընդհանուր արժեքների: Հասարակ մարդկանց այս հարաբերությունները օգուտ չեն բերում: Այնուամենայնիվ, հնարավորության դեպքում, հասարակ կովկասցիները պատրաստակամություն են հայտնում միմյանց հետ փոխշահավետ համագործակցության: Երկու շուկաների պատմությունները հաստատում են այս փաստարկը: Առաջին շուկան Էրգնետիում էր ծաղկում. այն ամիջապես հարավօսկան սահմանի մոտ գործող մեծածախ առեւտրի կովկասյան ամենաաշխույժ շուկան էր: Օսերը Ռուսաստանից չմաքսազերծված ապրանք էին բերում՝ ծխախոտից մինչեւ մեքենաներ: Վրացիները հիմնականում գյուղատնտեսական մթերք էին վաճառում: Առեւտուրը անկարգ բնույթ ուներ, այդ պատճառով վրացական նոր իշխանությունները, ի դեմս Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարեցին, որ այն մեծ վնաս էր հասցնում պետական բյուջեին. 2004-ի հուլիսին այն փակեցին: Շուկայի փակվելը իրավական տեսակետից արդարացված քայլ էր, չհաշված Հակամարտությունների կարգավորման գծով նախկին նախարար Գիորգի Խայնդրավայի այս հայտարարությունը. «Եթե Էրգնետիի շուկան չլիներ, այն անպայման կհնարեին»: Հավանաբար, Էրգնետին ողջ Կովկասի ամենամեծ «վստահության ամրապնդման միջոցն» էր. այստեղ կարելի էր հանդիպել բոլոր ազգությունների ձեռնարկատերերի: Հենց այս շուկայի փակման օրից էլ կարելի էր սկսել Հարավօսական պատերազմի հետադարձ հաշվարկը: Իսկ արդեն հայ-վրացական սահմանի Սադախլո գյուղում մեկ այլ շշմեցուցիչ տեսարանի ականատես կարելի էր լինել. հսկայական հայ-ադրբեջանական շուկա Վրաստանի տարածքում, այն էլ՝ համարյա առանց վրացիների ներկայության: Ադրբեջանցիները գնում են հայկական ապրանքը, հայերը՝ ադրբեջանականը, իսկ հետո հեղեղում խանութները այդ ամենով: Կրկին կառավարության ճնշման ներքո շուկան կրճատվեց, չնայած դեռ գոյատեւում է: Եւ նորից միջ-ազգային համագործակցության այս ակնառու միջոցն էլ ճնշվեց: Եթե ինչ-որ երեւույթներ դուրս են մնում քաղաքականությունից, ապա ընդհանուր տնեսական եւ անվտանգության շահերը պետք է համընթաց լինեն: Սակայն Հարավային Կովկասը շատ նուրբ մեխանիզմ է. եթե նրա դետալներից մեկը փչանում է, մյուսներն էլ են վատ աշխատում: Սա հատկապես ակնհայտ դարձավ օգոստոսի պատերազմի ժամանակ: Ադրբեջանի գլխավոր շահութաբեր միջոցները՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Սուպսա նավթամուղները փակվեցին: Իսկ երբ օգոստոսի 16 պայթեց Վրաստանի կենտրոնական հատվածում գտնվող Գրակալի երկաթուղային կամուրջը, միանգամից փակվեց Հայաստանի երկաթուղային ճանապարհը դեպի սեւծովյան նավահանգիստները: Սա իր հերթին մեկ շաբաթով կրճատեց երկրի ամբողջ ներմուծվող ապրանքների շրջանառությունը մեկ շաբաթով՝ հասցնելով մոտավորապես կես միլլիարդ դոլարի վնաս: Իրադարձությունների այս ոչ բարեհաջող ընթացքը, կարելի է ասել, բոլորի մեղքն է: Հայաստանն ու Ադրբեջանը անզիջում դիրքորոշում են որդեգրել միմյանց նկատմամբ, ինչը թույլ չի տալիս նրանց վերացնել Կովկասի խաղաղության եւ զարգացման հիմնական խոչընդոտը՝ Ղարաբաղյան հիմնահարցը: Իսկ Վրաստանն իր Եվրո-Ատլանտյան ինտեգրման նկրտումների հետեւանքով ընդհանրապես անտեսում է թե' իր հարեւաններին, թե' Ռուսաստանին: Վրացական վերլուծաբան Արչիլ Գեգեշիձեի խոսքերով, իրենց ներկայիս խնդիրն այն է, որ Սահակաշվիլու կառավարությունը առանց երկար մտածելու միայն արեւմուտքի վերահաս օգնության վրա էր հույս դնում՝ մոռանալով իր հարեւաններին: Եվրոպացիներն ու ամերիկացիները, չնայած հաճախ այնքան էլ անկեղծ չէին Կովկասի տարածաշրջանային ինտեգրացիայի մասին իրենց հավաստիացումներում, իրականում ավելի նեղ նպատակներ են հետապնդում: Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի նախագիծը (ՏՐԱՍԵԿԱ), որը նաեւ կրում է «Մետաքսե ճանապարհ» անունը, ստեղծման օրից՝ 1993-ից մինչ այսօր մոտավորապես 200 միլիոն եվրոյի ներդրում է ստացել: Այնուամենայնիվ, նրա բերած օգուտը շատ աննշան է եղել: Փոխարենը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման նախագիծը կամ Էներգետիկ եւ անվտանգության ծրագրերը եւ հայկական սփյուռքի պահանջները Կովկասյան ընդհանուր քաղաքականության վրա բաժանարար ազդեցություն են ունեցել: Այսպես, երբեմն թվում է, որ Կոնգրեսը, Պենտագոնն ու Պետաքարտուղարությունը իրարից միանգամայն տարբեր քաղաքականություն են վարում համապատասխանաբար Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նկատմամբ: Ավելին, մի շարք ամերիկյան վերլուծաբաններ այն կարծիքին են, որ Ռուսաստանի իրավունքները Կովկասում պետք է սահմանափակել, սակայն նրանք մոռանում են, որ տարածաշրջանում այս երկիրն արդեն երկու դար շարունակ սեփական ծրագրերն ու մտահղացումներն է իրականացնում: Իսկ ռուսական բարձրաստիճան ընտանիքները բարեկամական կապեր ունեն այնպիսի վայրերում, որոնց մասին արեւմուտքում պատկերացում անգամ չունեն: Ինչ էլ որ լինի, այսօր Ռուսաստանն ունի իր ուրույն դերը Կովկասում: Սակայն նրա վարած քաղաքականությունն այնքան էլ մեծ օգուտ չի բերում: Ռուսները շարունակում են այս տարածաշրջանում իրենց գաղութային քաղաքականության ավանդույթները՝ անընդհատ փորձելով պաշտպանել իրենց շահերը սպառնալիքների, վերահսկողության, բայց ոչ առեւտրային մեղմ քաղաքականության միջոցով: Նրանք կարող են ավելի բարեկամական եւ հաշտ հարեւաններ ունենալ Կովկասում՝ օգտագործելով այստեղ իրենց ամենանշանակալի առավելությունը, ռուսերեն լեզվի տարածումը, որը սակայն, նույնպես կորցնում է նախկին ուժը: Չնայած այսօր կառավարությունները ջանք չեն խնայում՝ մարդկային գործոնը վերացնելու համար, այն, միեւնույն է, գոյություն ունի: Ռուս եւ վրաց ժողովուրդներին բազում պատմական, մշակութային եւ առեւտրական կապեր են միավորում: Եւ նույնիսկ օգոստոսյան պատերազմից հետո հարյուր հազարավոր վրացիներ շարունակում են աշխատել Ռուսաստանում: «Երկու երկրների իշխանություններն էլ փորձել են փչացնել իրենց ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»,- ասում է վերլուծաբան Իվլիան Խայնդրավան: Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարնաձեն, ով դեռեւս վերակառուցման տարիներին Մոսկվայում հանդիսանում էր արտաքին գործերի նախարարության ղեկավարը, հասկանում էր այս ամենը՝ չնայած նրան, որ հաճախ չէր կարողանում մեղմել ռուսական իշխանությունների կոշտ դիրքորոշումները նույնսիկ իր նախագահության տարիներին: Թբիլիսիից ոչ հեռու գտնվող իր նստավայրում 2008թ.-ի դեկտեմբերի 3 IWPR-ին տված իր հարցազրույցում Շեվարնաձեն ասաց, որ միշտ էլ արժանի հարգանքով է վերաբերվել ռուսներին՝ ի տարբերություն եւ ի նախատինք իր հետնորդի: Այսպես, նա նշեց, որ երբ 2002-ին որոշվեց թույլ տալ ամերիկյան զինված ուժերի մուտքը Վրաստան «Միջազգային ռազմական կրթություն և վարժանք» նորարական ծրագրի շրջանակներում, նա չզլացավ այդ մասին նախօրոք տեղեկացնել Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինին: Վերջինս, իր հերթին, պաշտոնապես հայտարարեց, որ ամերիկյան զորքերի ներկայությունն այնքան էլ «մեծ դժբախտություն» չէր Ռուսաստանի համար: «Միշտ էլ ընդգծել եմ, որ Ռուսաստանը չի կարելի երկրորդական երկիր համարել, այն շատ հզոր հարեւան է՝ ռազմական եւ տնտեսական հսկայական ներուժով»,-նշում է Շեվարնաձեն: Այս հակամարտության արդյունքում էլ որոշակի ծայրահեղական մտածողություն է ծագում. սկսում է գործել այն կարծիքը, որ եթե թշնամիդ վատ վիճակում է, ուրեմն քեզ համար ավելի լավ կլինի: Իվլիան Խայնդրավայի խոսքերով, ներկայիս ճգնաժամի պայմաններում «Վրաստանում շատերը պարզապես հանգիստ սպասում են, թե ինչպես է Ռուսաստանում վիճակն ավելի սրվելու, նավթի գների անկման եւ Հյուսիսային Կովկասում լարվածության ավելացման շնորհիվ»: Նման մոտեցումը կարող է կործանարար լինել Վրաստանի համար, քանի որ տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում թույլ չի տա այնտեղ աշխատող վրացիներին իրենց ընտանիքներին օգնություն ուղարկել: Իսկ Հյուսիսային կովկասում իրադրության սրումը կարող է անմիջականորեն վնասել Վրաստանին: Այս կարգի ոչ կառուցողական մոտեցում գոյություն ունի նաեւ հայերի եւ ադրբեջանցիների հարաբերություններում: Ղարաբաղյան հակամարտության կողմերից յուրաքանչյուրը կարծես ուրախանում է, երբ հակառակորդը վատ վիճակում է հայտնվում, թեկուզեւ սեփական կարգավիճակի վատթարացման պայամաններում: Տեղացիներին իսկապես շատ դժվար է հաղթահարել այս հակասությունները: Ներկայում հենց օտարերկրացիները կարող են ավելի ընդհանրական պատկերացում տալ Կովկասի ներդաշնակ զարգացման մասին, որպեսզի այն սովորական մասնատված աշխարհագրական տարածաշրջանից վերածվի միասնական քաղաքական եւ տնտեսական մեխանիզմի: Վերջին հաշվով, ներկայում միայն մեկ միջազգային կազմակերպություն գոյություն ունի, որը կարող է օգտագործել իր ազդեցությունն այս երկրների վրա՝ ընդունելով դրանք որպես մեկ տարածաշրջանային ամբողջություն: Խոսքը Եվրոպական Միության մասին է, որն իրոք կարող է ստիպել այս երկրներին թողնել իրենց վատ սովորույթները՝ հանուն ծանրակշիռ շահերի: Բալկանների օրինակը լրիվ տեղին է այս պարագայում: Դժբախտաբար, ԵՄ-ը դեռ չափազանց հեռու եւ ինքնամփոփ է թվում՝ Կովկասին արժանի ուշադրություն դարձնելու համար: Միակ լավ նորությունն այն է, որ Եվրոպական դիտորդները ներկայում Վրաստանում են, չնայած ոչ այնքան բարեհաջող առիթով: Պետք է հուսալ, որ այս առաջապահ ջոկատն ավելի լայն հնարավորություններ կունենա ապացուցելու եվրոպացիներին, որ այս գեղեցիկ լեռնային տարածաշրջանը կարող է շատ ավելի լավը լինել, եւ ոչ թե մշտական գլխացավանք, որը երբեք չի բուժվում: Հեղինակ` Թոմաս դե Վաալ, ով որպես IWPR-ի Կովկասյան Լրատուի խմբագիրն էր մինչեւ 2008-ի դեկտեմբերը: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի IWPR «Կովկասյան լրատու» պարբերականից www.iwpr.net : Հոդվածում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն IWPR-ի մոտեցումների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter