HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Արման Մուսինյան. «Ձայնից զրկումը կարող է արագացնել Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման պրոցեսը»

16_01-a_musinyanԱյսօր հրավիրված մամլո ասուլիսում ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը, պատասախանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես են իրենք գնահատում ԵԽԽՎ բանաձեւերի կատարման գործընթացը, ասաց, որ 1620 բանաձևի կատարման առաջին գնահատականը տրվել է դեկտեմբերի 17-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, որն «ըստ էության արձանագրել է, որ ոչինչ չի կատարվել»: Իսկ դեկտեմբերի 17-ից հետո «սկսվել է «Յոթի գործ»-ի խայտառակ դատավարությունը, որտեղ իշխանություննները հայտնվել են փակուղում և փորձում են բոլոր հնարավոր անօրինական միջոցներով այդ դատավարոթյունն անցկացնել, սակայն չի ստացվում, աննախադեպ բռնությունների են ենթարկվում քաղբանտարկյալները:» ՀԱԿ-ի տվյալներով` իշխանությունները գնացել են ևս մեկ «ծիծաղելի» քայլի: Ըստ Մուսինյանի` արդարադատության նախարարության կալանավայրերի վարչություն են կանչվել «Յոթի գործով» պայմանական ազատ արձակվածները և նրանց խնդրել են, ստիպել, գումար առաջարկել, որ ներման դիմումներ գրեն: Այդ մարդիկ, ըստ նրա, չեն մտնում քաղբանտարկյալների ցուցակի մեջ և թալան իրականացրած մարդիկ են, որոնք մարտի 1-ին իշխանությունների կողմից ուղարկված սադրիչներ էին: Արման Մուսինյանի մեկնաբանությամբ` այս քայլն անօրինական է, քանի որ այդ մարդիկ պատիժ չեն կրում և չեն կարող ներման դիմումներ գրել. «Այսինքն` քաղբանտարկյալներին ազատ արձակելու առումով որևէ առաջընթաց չի եղել, նրանց ռեսուրսները սպառվել են ինչ-որ առաջընթաց ցույց տալու և գնացել են դուրս եկած մարդկանց են խնդրում»: Այդուհանդերձ, Արման Մուսինյանի խոսքերով` բնական է, որ Հայաստան ժամանած Ժ. Կոլոմբիեն և Ջ. Պրեսկոտը իրենց հետ հանդիպելու անհրաժեշտություն չեն ունեցել, քանի որ եկել են մեկ մանդատով` պարզելու քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում առաջընթաց կա, թե ոչ: Իսկ պահանջի կատարման հասցեատերը, ըստ նրա, իշխանություններն են: Ինչ վերաբերում է Հայաստանին ԵԽ-ում ձայնից զրկելու հնարավորություններին` Արման Մուսինյանը չցանկացավ կանխատեսումներ անել` նշելով, որ իշխանությունները կարող են խուսափել այդ սանկցիայից` նաև ազգային անվտանգության համար առաջնահերթ նշանակություն ունեցող այլ հարցերում զիջման գնալու ճանապարհով. «Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է, միգուցե գնան ու խուսափեն սանկցիաներից, բայց ԵԽ-ն այլևս չի կարող հրաժարվել քաղաքական բանտարկյալ տերմինից, քանի այդ հարցում որևէ առաջընթաց չկա»: Բացի այդ` Արման Մուսինյանը կարծիք հայտնեց, որ «ձայնի իրավուքնից զրկվում են, երբ դառնում են իզգոյ պետություն»: Ըստ նրա` ԵԽԽՎ նիստից հետո, հատկապես եթե Հայաստանին զրկեն ձայնից, կստեղծվի նոր իրավիճակ, որը կբերի իրենց համար տակտիկական որոշ փոփոխությունների, բայց ոչ ստրատեգիական լուրջ շտկումների: Արման Մուսինյանը հավելեց նաև, որ ձայնից զրկումը կարող է արագացնել «Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման պրոցեսը»: Հետքի այն հարցին` հնարավոր է, որ Հայաստանին ձայնից զրկելու դեպքում իշխանությունները մեղադրեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը վատ աշխատանքի համար, հատկապես, որ նման հայտարարություններ հնչում են հենց իշխող կուսակցության անդամների բերանով, Արման Մուսինյանը արձագանքեց. «Իշխանության ներսում գզվռտոցը մեզ առանձնապես չի հուզում, «լավ չի աշխատում »-ի տակ իշխանությունները հասկանում են` լավ չի կաշառում, լավ չի բարեխոսում, վառ օրինակ` Ազգային Ժողովի պաշտոնը զբաղեցնող անձի նամակը, որը ոչ միայն քաղաքական անգրագիտություն է, այլև կարող է պատճառ դառնալ պետությունների հետ հարաբերությունների վատթարացման»: Ըստ նրա` իշխանությունները այլ պետությունների հետ խոսում են շանտաժի լեզվով`«եթե դուք սանկցիաներին կողմ քվերակեք, ապա դուք ապուշ եք»,-եզրափակեց Արման Մուսինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter