HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Հարցադրումներ Հատուկ քննչական խմբի ղեկավար Վ. Հարությունյանին

Այսօր ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը անդրադարձավ Հատուկ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի` 2 օր առաջ հնչեցրած հայտարարությանը, որ ընդդիմության կողմից տարածված տեսաերիզում զինվող երիտասարդը պայմանագրային զինծառայող է` վարորդ, որին այդ օրը պաշտպանության նախարարության կողմից ոստիկանությանը տրամադրած տրանսպորտային միջոցներն ուղեկցող շարասյան ավագը ի պահ է տվել իր զենքը, և որ այդ զենքը իրականում չի կիրառվել: «Մենք շնորհակալ ենք, որ Վահագն Հարությունյանը սեփական կամքով խոստովանեց, որ մարտի 1-ին բանակը զինված ներգրավված է եղել միջոցառումների մեջ»,- ասաց ՀԱԿ մամլո խոսնակը: Բայց, այնուամենայնիվ, ըստ Մուսինյանի` Վահագն Հարությունյանի խոսքում տեղ են գտել «մի շարք ստեր», որոնք իրենք կներկայացնեն հանրությանը: Բայց ասուլիսի ժամանակ Մուսինյանը սահմանափակվեց ընդամենը մի քանի հարցադրումներով: Ըստ նրա` անհրաժեշտ է իմանալ` ով է շարասյան ավագը, ում մասին Վահագն Հարությունյանը նշում է, որ բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ զենքը հանձնել է վարորդին ու հեռացել, հարուցվել է, արդյոք, քրեական գործ այս կապակցությամբ, քանի որ զենք կրող մարդիկ իրավունք չունեն զենքը հանձնել ուրիշին, ենթարկվել է այդ զենքը փորձաքնության, թե ոչ, որպեսզի պարզվի` նրանից կրակ արձակվել է, թե ոչ: Բացի այդ, եթե վարորդը պայմանագրային զինծառայող է, ինչու է քաղաքացիական հագուստով: Ըստ Հայ ազգային կոնգրեսի տեղեկությունների` Վահագն Հարությունյանի կողմից նշված զորամասը սահմանամերձ զորամաս է, որի առաջնային խնդիրն է` պաշտպանել Հայաստանի պետական անվտանգությունը: «Բայց մարտի 1-ի առավոտյան բոլորը բերվել են Երևան, ավելին` Երևան են բերվել ներքին զորքերի ատոմակայանի պահպանությունն իրականացնող զինվորները, այսինքն` որոշ ժամանակ ատոմակայանը եղել է ոչ պաշտպանված վիճակում»,- հայտարարեց Մուսինյանը: Վահագն Հարությունյանը պարզաբանել է նաև, որ դիմակավոր անձանց կողմից արձակված փամփուշտները եղել են անգնդակ: Արման Մուսինյանը սրանից եզրակացրել է, որ Հատուկ քննչական ծառայությանը հայտնի են դիմակավոր անձանց անունները, որը հասարակությունը ևս կարիք ունի իմանալու: Արման Մուսինյանի խոսքերով` Վահագն Հարությունյանի այս բացահայտումը պայմանավորված է փաստահավաք խմբի աշխատանքով, ու Հայ ազգային Կոնգրեսի ճնշման տակ Հատուկ քննչական ծառայությունը եւ Վահագն Հարությունյանը դեռ ստիպված են լինելու «խելոք-խելոք այլ բացահայտումներ էլ անել սեփական ձեռքով, ինչպես սկզբից հերքում էին, որ մարտական հրազեն չի կիրառվել, հետո ընդունեցին, հերքում էին, որ դիպուկահար չի եղել, ընդունեցին, հերքում էին, որ բանակը ներգրավված է եղել, ընդունեցին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter