Օմբուդսմենը ոստիկանապետին եւ գլխավոր դատախազին խորհուրդ է տվել գործել օրենքով
Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված քաղաքացիների բազմաթիվ դիմում-բողոքները (դիմումներ ստացվել են ինչպես 2008թ. ժամանակահատվածում, այնպես էլ 2009թ. առաջին 15 օրերի ընթացքում), որտեղ հայտնվել է, որ անձը ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց, ձերբակալվելուց, իսկ այնուհետև կալանավորվելուց հետո օրենքով սահմանված ժամկետից ավելի ժամանակով պահվել է ոստիկանության համապատասխան բաժնի ձերբակալվածների պահման վայրերում` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին.
«Ոստիկանության համապատասխան բաժիններում առկա ձերբակալվածների պահման հաշվառման մատյանների ուսումնասիրությամբ պարզվել է, որ իրականում նման դեպքեր գոյություն ունեն, և շատ հաճախ կալանավորվածները պահվում են այնտեղ օրենքով նախատեսված 72 ժամվա փոխարեն 10-15 օր:
Ոստիկանության իրավասու մարմիններից պարզաբանումներ ստանալու նպատակով ուղարկված հարցումներին ի պատասխան հաճախ հայտնվում է, որ իրենք անձանց ՁՊՎ-ներում պահում են մարզի (համայնքի) դատախազների գրավոր ցուցումների հիման վրա:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137 հոդվածի համաձայն, կալանավորված անձը չի կարող 3 օրվանից ավել պահվել ձերբակալվածներին պահելու վայրերում, բացի այն դեպքերից, երբ ձերբակալվածներին պահելու վայրից քննչական մեկուսարան կամ, օրենքի պահանջներին համապատասխան, կալանավորվածներին պահելու այլ վայրեր նրա տեղափոխումը հնարավոր չէ տրանսպորտային հաղորդակցության բացակայության պատճառով:
Սակայն, մեր կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզի (համայնքի) դատախազի համապատասխան գրություններով կալանավորին ՁՊՎ-ում պահելը հիմնավորվում է ոչ թե օրենսգրքով նախատեսված հիմքով, այլ հետևյալ պատճառաբանությամբ` մի շարք քննչական գործողություններ կատարելու նպատակով ՁՊՎ-ում պահել տվյալ կալանավորված անձին:
Հաշվի առնելով նմանաբնույթ դեպքերի հաճախակիությունը, խնդրում եմ քննարկել գրությամբ բարձրացված հարցերը և հանձնարարել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին` առաջնորդվելու բացառապես ՀՀ Սահմանադրության, Քրեական դատավարության օրենսգրքի և դրա հետ փոխկապակցված այլ իրավական ակտերի դրույթներով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել